Գլխավոր
Նորություններ
Արցախցի փոքրիկն «Արաբկիր» ԲՀ-ում է

Արցախցի փոքրիկն «Արաբկիր» ԲՀ-ում է

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ տարեկան երեխան, որին ռուս խաղաղապահների միջոցով Արցախից ուղղաթիռով Հայաստան են տեղափոխել այսօր կեսօրին, ընդունվել է «Արաբկիր» բժշկական համալիր:
 

Նշենք, որ երեխան Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հանրապետական հիվանդանոց էր ընդունվել մի քանի օր առաջ՝ տոնզիլիտով և ցանով, ընդունվելուց մի քանի օր հետո բժիշկները փոքրիկի մոտ նկատել են քնկոտություն և տարօրինակ, ակամա շարժումներ: Նրանք կապ են հաստատել «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության իրենց գործընկերների հետ՝ մասնագիտական խորհրդատվության նպատակով: Արցախում այս պահին մանկական նյարդաբաններ չկան և մասնագիտական մշտական կապը «Արաբկիր» բժիշկների հետ պահպանվում է հեռահար կապի հնարավոր բոլոր միջոցներով:

Մի քանի տեսազանգերից և հեռակա դիտարկումներից հետո որոշվել է, որ պետք է անպայման մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա կատարել, քանի որ կասկած էր առաջացել, որ վիրուսը ներթափանցել է նյարդային համակարգ, ախտահարել գլխուղեղը՝ առաջացնելով վիրուսային էնցեֆալիտ: Արցախի բժշկների թիմը հրատապ կազմակերպել է հետազոտությունն ու ախտորոշումը հաստատվել է: Սակայն հետագա ավելի մանրամասն ախտորոշումը, որը կպարզեր, թե կոնկրետ որ վիրուսն է առաջացրել այդ խնդիրը, հնարավոր չի եղել, քանի որ Արցախի ճանապարհն արդեն մեկ շաբաթից ավել է՝ ամբողջովին փակ է, իսկ հատուկ վիրուսային այդ թեստերն արվում են միայն Հայաստանում: Բուժումը նույնպես հնարավոր չէ կազմակերպել Արցախում, քանի որ այս պահին Ստեփանակերտում չկան բավարար քանակի անհրաժեշտ դեղեր: Երեխայի առողջական վիճակը փաստացիորեն վտանգված էր, հատկապես այն պարագայում, որ ՄՌՏ-ով բացահայտվել է մեկ այլ լուրջ խնդիր ևս. բացի բորբոքումից երեխայի ուղեղում նկատվել է նաև արյունազեղում: Արցախի բժիշկները հրատապ և անձնվիրաբար արել են հնարավոր առավելագույնը՝ երեխայի վիճակը վերակենդանացման բաժանմունքում կառավարելու համար, սակայն այն, այնուամենայնիվ, օր օրի ծանրացել է, պարզ է դարձել, որ այդ ծանրությամբ երեխան չի կարող կառավարվել շրջափակված Ստեփանակերտում, պետք է նրան տեղափոխել Երևան: Տեղափոխման կազմակերպումը ձգվել է ևս 24 ժամ, որի ընթացքում երեխայի վիճակն ավելի է վատացել, նրա մոտ սկսվել են ցնցումներ և նշանակվել է հակացնցումային դեղորայք:
 

Երեխան ուղղաթիռով Արցախից տեղափոխվել է Սիսիան: Սիսիանից Երևան նրան տեղափոխել է «Արաբկիր» բժշկական համալիրի ռեանիմացիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի թիմը՝ հատուկ կահավորված ռեանիմոբիլով: Այս պահին փոքրիկը գտնվում է հետազոտության փուլում՝ նախապես դրված ախտորոշումն ավելի հստակեցնելու և բուժման հետագա տակտիկան որոշելու համար:

Վերջին նորություններ
«Մեր նպատակը հասանելի ու որակյալ մանկական բժշկություն ապահովելն է՝ անկախ ընտանիքի հնարավորություններից»,- ասում է Արա Բաբլոյան
20 մարտ
Հայաստանում մանկական առողջապահության համակարգը կանգնած է խորքային փոփոխությունների շեմին․ առաջնային օղակի ուժեղացում, մարզերում ծառայությունների ապակենտրոնացում, նորագույն տեխնոլոգիաների ներդրում և միջազգային համագործակցության ընդլայնում։«Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, բժիշկ-մանկաբույժ Արա Բաբլոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է ոլորտի զարգացման ուղղությունները, տարվա ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները։-Պարոն Բաբլոյան, ինչպե՞ս կգնահատեք անցնող տարին կենտրոնի համար և որո՞նք էին ամենակարևոր ձեռքբերումները։-Կենտրոնը դինամիկ զարգացող կառույց է, և մեր գործունեությունը պետք է դիտարկել որպես շարունակական գործընթաց։ Մենք մշտապես ուսումնասիրում ենք մեր իրականացրած գործառույթները, փորձում ենք դրանք բարելավել, զարգացնել և հասցնել ավելի բարձր մակարդակի։Մեր գործունեությունը մի քանի հիմնական ուղղություն ունի։ Առաջինը՝ ամենօրյա բժշկական ծառայություններն են՝ մանկաբուժություն, մանկական վիրաբուժություն, քիթ-կոկորդ, օրթոպեդիա և այլ ուղղություններ։ Սրանք այն ծառայություններն են, որոնք ապահովում են համակարգի հիմքը։Դրան զուգահեռ զարգացնում ենք նեղ մասնագիտական ուղղությունները, որտեղ ունենք առավել ընդգծված արդյունքներ։ Մասնավորապես՝ մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության ոլորտներում կարող ենք ասել, որ «Արաբկիր»-ը առաջատար է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում։ Մենք ունենք պացիենտներ, որոնք գալիս են արտերկրից՝ հատկապես Միջին Ասիայից, և ստանում են արդյունավետ բուժում։Էպիլեպսիայի ուղղությունը մեզ համար առանձնահատուկ կարևոր է։ Մենք հսկողության տակ ունենք ավելի քան 4000 պացիենտ, ինչը Հայաստանի համար բավականին մեծ թիվ է։ Բուժումը հիմնականում իրականացվում է դեղորայքային եղանակով, սակայն այն դեպքերում, երբ դա արդյունավետ չէ, կիրառում ենք վիրահատական մեթոդներ։Այս ոլորտում մենք անցել ենք զարգացման մի քանի փուլ՝ բաց վիրահատություններից մինչև ստերեոտակտիկ մեթոդների ներդրում, երբ մի քանի օրվա ընթացքում հնարավոր է հայտնաբերել խնդրի օջախը և իրականացնել ռադիոհաճախական աբլացիա՝ առանց բաց վիրահատության։ Ներկայում ներդրվում է նաև խորանիստ ուղեղային ստիմուլյացիան, որը նոր փուլ է այս ոլորտում։Շարունակությունը` armenpress.am կայքում:
Երիկամի փոխպատվաստում ստացած կինը մայրացել է
19 մարտ
Կյանքը շարունակվում է...Երիկամի փոխպատվաստում ստացած կինը մայրացել է։ «Արաբկիր» բժշկական համալիրում իրականացված երիկամի փոխպատվաստումից հետո Արփին ոչ միայն վերականգնել է իր առողջությունը, այլև իրականացրել է իր ամենամեծ երազանքը։ Դոնորը իր ամուսինն է։
Պատանեկան արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է այսօր։
18 մարտ
Խնդրի վերաբերյալ   հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով «Արաբկիր» բժշկական համալիրի ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Գայանե Խլոյանը պատասխանում է ծնողներին հուզող տարածված հարցերին։Ի՞նչ է պատանեկան արթրիտը:Պատանեկան արթրիտը մինչև 18 տարեկան երեխաների հոդերի խրոնիկ բորբոքումն է, որի առաջացման պատճառները հայտնի չեն:Սկզբնական ախտանշանները որո՞նք են, ծնողն ինչպե՞ս հասկանա, որ գործ ունի այս խնդրի հետ:Սկզբնական ախտանշանները բազմազան են: Բայց հիմնական գանգատը հոդի այտուցն ու ցավն է, որը երեխան, հնարավոր է, չկարողանա արտահայտել (չասի` որ մասն է ցավում, ինչն է իրեն անհանգստացնում)։ Երեխան բռնում է ոտքը, խուսափում է քայլելուց, կարող է կաղալ։ Պետք է ուշադիր լինել պատճառը հասկանալու համար։ Բացի հոդաբորբից` կարող են լինել նաև այլ գանգատներ` ընդհանուր թուլություն, ջերմություն, երբեմն ցան։Սա ժառանգակա՞ն հիվանդություն է:Ժառանգական չէ, բայց կարելի է ասել, որ կա ժառանգական որոշակի նախատրամադրվածություն:Հիվանդությունը չբուժելու դեպքում հնարավոր ի՞նչ հետևանքներ կարող են լինել:Բուժումը ժամանակին չսկսելը կամ բուժման բացակայությունը կարող է բերել հաշմանդամության: Ժամանակին սկսելը զգալիորեն լավացնում է պացիենտի կյանքի որակը. նա ապրում է իր բնականոն կյանքով։ Ձեր խորհուրդը ծնողներին:Ի սկզբանե ծնողները չեն ուզում ընդունել խրոնիկ հիվանդության առկայությունը: Բայց կան բազմաթիվ միջոցներ, որոնցով մենք երեխաներին կարող ենք օգնել։ Ծնողը պետք է իմանա, որ շատ կարևոր է համագործակցությունը բժշկի հետ: Բժիշկը միայնակ չի կարող աշխատել, որովհետև այդ պացիենտները հիմնականում գտնվում են տանը՝ ծնողի հսկողության տակ: Այսինքն՝ սա ընտանիքի, երեխայի, բժշկի, ռևմատոլոգի, ինչպես նաև հարակից շատ այլ մասնագետների՝ օրթոպեդի, ակնաբույժի, վերականգնողաբանի համատեղ թիմային աշխատանքն է։
Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա
15 մարտ
«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար, նյարդավիրաբույժ Նիկո Արզումանյանը ներկայացնում է պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժման մասին։
Շնչառական բժշկության ապագան
13 մարտ
Հայաստանում արդեն գործում է միջազգային շնչառկան կոալիցիայի հայաստանյան ներկայացուցչությունը: Այս մասին հայտարարվեց մարտի 10-ին կայացած «Շնչառական բժշկության ապագան» թեմայով ֆորումի ընթացքում, որը կազմակերպել են «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան», «Թոքաբանների ասոցիացիան» և «Ցիստիկ ֆիբրոզի հայկական ընտանեկան համայնքը»` «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» աջակցությամբ:Միջազգային կոալիցիան նպատակ ունի աջակցելու շնչառական առողջության ազգային ռազմավարության մշակմանը, բարելավելու մանկական և մեծահասակների ծառայությունների համագործակցությունը, խթանելու գիտական ապացույցների վրա հիմնված քաղաքականությունը և բարձրացնելու հանրային իրազեկությունը։
«Արաբկիր» բժշկական համալիրը անցել է միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության սերտիֆիկացում
12 մարտ
Որակի կառավարման համակարգի և Աշխատանքի անվտանգության և առողջության պաշպանության կառավարման համակարգի պահանջների ներդրման և ապահովման համար «Արաբկիր» բժշկական համալիրը անցել է ISO 9001:2015 և ISO 45001:2018 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության սերտիֆիկացում։ «Արաբկիր» ԲՀ տնօրեն Արման Բաբլոյանը, կարևորելով այս ձեռքբերումը, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում հետևողական աշխատանքի և արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ հասնել այս հաջողությանը։ «Սա մեծ պատասխանատվություն է, որը, վստահեցնում ենք, արժանիորեն շարունակելու ենք»,– նշեց Ա. Բաբլոյանը։ Որակի կառավարման փորձագետ Գագիկ Մակարյանի խոսքով որպես բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություն՝ «Արաբկիր» բժշկական համալիրը առանձնանում է բարձր որակով ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: «Արաբկիր» ԲՀ-ն՝ որպես որակի կառավարման բարձր չափորոշիչներին համապատասխանող սերտիֆիկացված կազմակերպություն, գրանցվել է միջազգային ռեգիստրում։ Բժշկական համալիրի Որակի կառավարման և ապահովման բաժնի ղեկավար Հերմինե Ներսիսյանը նշում է. «Որակի կառավարման համակարգը դինամիկ է, ուստի դա մեզ պարտավորեցնում է ամենօրյա պատշաճ աշխատանքով ավելացնել եղած ձեռքբերումները՝ որակի կառավարման համակարգը էլ ավելի կատարելագործելու համար»։ Այս կարևոր ձեռքբերումը խոսուն վկայությունն է նրա, որ «Արաբկիր» բժշկական համալիրը աչքի է ընկնում իր բարձր որակով, պատասխանատու աշխատանքով և բժշկական ծառայությունների ոլորտում ունեցած առաջատար դիրքով։