Գլխավոր
Նորություններ
Մանկական օրթոպեդիա. ծուռթաթություն եւ դիսպլազիա

Մանկական օրթոպեդիա. ծուռթաթություն եւ դիսպլազիա

news.am-ի տեսանյութը բնածին ծուռթաթության և կոնքազդրային հոդի դիսպլազիայի մասին է` որպես մանկական օրթոպեդիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաներ:
 

Մանրամասները ներկայացրել է «Արաբկիր» բժշկական համալիրի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Վահե Յավրյանը:

 

Մանկական օրթոպեդիայում երկու ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաները՝ բնածին ծուռթաթությունն ու կոնքազդրային հոդի դիսպլազիան են։ Ըստ վիճակագրության՝ ծուռթաթության գործակիցը 1.5 է` 1000 նորածինի դեպքում, 40 երեխա ծնվում է կոնքազդրային հոդի դիսպլազիայով կամ թերզարգացած հոդով,և2-ը ՝ լրիվ հոդախախտով։

Երկու խնդիրների լուծման մոտեցումներում վերջին տարիներին մեծ փոփոխություններ են եղել, որոնք թույլ են տալիս խուսափել երեխաների հաշմանդամությունից։
 

«Արաբկիր» բժշկական համալիրի Օրթոպեդիայի ու վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Վահե Յավրյանն ասում է` ծուռթաթության դեպքում նախկինում երեխաները մի քանի անգամ վիրահատվում էին, և 15 տոկոսը ունենում էր հաշմանդամություն ամբողջ կյանքի համար։

Ամեն ինչ փոխվեց 2000–ականներին, երբ ներդրվեց Պոնսեթիի մեթոդը։ Այն առաջին անգամ Հայաստան է բերել հենց Վահե Յավրյանը, 2012թվականին ` հեղինակ Իգնասիո Պոնսետիի աշխատավայրում` Այովայի համալսարանում սովորելուց և «Արաբկիր» բժշկական համալիր վերադառնալուց հետո:
 

«Պոնսեթիի մեթոդը իրենից ներկայացնում է հատուկ մեթոդիկայով գիպսավորում, որը պետք է անել ճիշտ, ինչպես որ նկարագրված է։ Դրա արդյունավետությունն ապացուցված է միլիոնավոր ծուռթաթ երեխաների բուժման արդյունքում։ Դրանից հետո գալիս է երկրորդ փուլը, որն իր մեջ ներառում է աքքիլեսյան ջլի ենթամաշկային հատում։ Այս փուլը պարտադիր է ծուռթաթ երեխաների 95 տոկոսի համար։ Դրանից հետո գալիս է երրորդ էտապը, երբ երեխաները պետք է կրեն բրեյսեր։ Հայաստանում կիրառվում է այովա բրեյս տեսակի բրեսեր։ Կան նաև այլ տեսակի բրեյսեր, բայց այովա բրեսը հենց Այովայի համալսարանի կողմի դիզայնով մշակված բրեսն է։ Բուժման այս երեք կոմպոնենտները ունեն բուժման նույն կարևորությունը։ Այսինքն չի կարելի ասել, որ կարևոր է փոքր վիրահատությունը, գիպսավորումը կամ բրեսը, բոլոր համակցությունն է տալիս այն արդյունքը, որ ունենք այսօր», – ասում է բժիշկ Յավրյանը։
 

Այս մեթոդի կիրառման շնորհիվ Հայաստանում 2012 թվականից մինչ օրս ոչ մի երեխա բարդ վիրահատություն չի տարել և ծուռթաթության պատճառով հաշմանդամություն չունի:
 

«Հիմա ծուռթաթության բուժման լավ արդյունք համարում ենք թաթը, որը ոչ միայն ամբողջ մակերեսով հենվում է, այլ պահպանել է իր ֆունկցիոնալությունը և թաթի հոդերում շարժումների ծավալը։ Ես միշտ ծնողներին ասում եմ, որ եթե մենք մնանք ճիշտ պրոտոկոլի մեջ, և եթե դուք ուզենաք, որ ձեր երեխան ֆուտբոլով զբաղվի, նա կարող է այդ թաթով զբաղվել ֆուտբոլով», – ասում է նա։
 

Վահե Յավրյանը նաև նշում է, որ ծնողներն իրենք կարող են հեշտությամբ ախտորոշել ծուռթաթությունը. թաթը հնարավոր չէ ձեռքով ուղղել։
 

«Բնածին ծուռթաթությունն 4-բաղադրիչային դեֆորմացիա է, որը չի ուղղվում պարզապես ձեռքի շարժումով։ Խնդիրը շարակցական հյուսվածքում է և հիմնականում կապանների կարճության մեջ Է, որի հետևանքով առաջանում է թաթը կազմող ոսկորների հոդախախտ և ենթահոդախախտ։ Դրան անհնար է շփոթել դիրքային խնդիրների հետ, որոնք կարող են լինել ներարգանդային փուլում, քանի որ դրանք շատ հեշտ ուղղվում են ձեռքով։ Սովորաբար ուսանողներին ասում եմ, որ ծուռթաթությունը կարիք չունի ախտորոշման բժշկի կողմից, քանի որ դա այնպիսի արտահայտված դեֆորմացիա է, որ ծնողն ինքը ծննդաբերությունից հետո տեսնում է այն։ Եթե դեֆորմացիան ձեռքով ուղղելիս ամբողջովին ուղղվում է, ուրեմն դա բնածին ծուռթաթություն չէ», - ասում է մանկական վնասվածքաբանը։
 

Բժիշկը կլինիկական բարդ դեպք է ներկայացնում. վերջերս մի 5 տարեկան երեխայի են ընդունել, որը մինչ այդ ծուռթաթության ոչ մի բուժում չէր ստացել։ 
 

«Մեզ համար տարօրինակն այն էր, որ երեխան մինչ այդ որևէ բուժում չէր ստացել։ Նախկինում դժվար կլիներ պատկերացնել, որ 5 տարեկան ծուռթաթությունը հնարավոր է գիպսավորմամբ բուժել։ Բայց քանի որ մենք գրականությամբ ծանոթ ենք, որ պոնսետիի մեթոդը ոչ միայն նորածնային տարիքի համար է կիրառում, հոդվածներ կան մինչև 10 տարեկաների համար, որոշեցինք, որ երեխան պետք է բուժվի հենց այս մեթոդով։

Երեխան ստացավ գիպսավորում, դրվեց 7 գիպս, որից հետո կատարեցինք աքիլլեսյան ջլի ենթամաշկային հատում,ևայժմ երեխան կրում է օրտեզ։ Արդյունքները ավելի քան բավարար էին։ Մենք ունենք ամբողջ մակերեսով հենվող և բավականին ֆունկցիոնալ թաթ 5 տարեկան չբուժված դեպքի համար», – նշում է նա։

 

Իսկ ի՞նչ են կոնքազդրային հոդի դիսպլազիան և հոդախախտը:

Բժիշկը նշում է` կոնքազդրային հոդի հադախախտի հետ կապված մարդկանց մոտ թյուր պատկերացում կա, թե դա ծննդաբերության ժամանակ վնասվածքի հետևանք է։ Իրականում դա բնածին խնդիր է՝ կոնքազդրային հոդի դիսպլազիա կամ թերզարգացած հոդ, որի վերջին աստիճանը հենց հոդախախտն է։
 

«Սա մեծ խնդիր էր օրթոպեդիայի համար, քանի որ կլինիկական զննումը և սիմպտոմները, որոնք մենք գիտեինք և գիտենք, թույլ էին տալիս ախտորոշել այն երեխաներին, որոնք ծնվել էին արդեն հոդախախտով և խիստ սահմանափակում էր ախտորոշումն այն երեխաների համար, որոնք ծնվել են դիսպլազիայով։ Բացի կլինիկական զննումից ունեինք այլընտրանք, որը ռենտգեն հետազգությունն էր, որը ամբողջովին թույլ չէր տալիս ախտորոշել։

1960-70-ական թվականներից ավստիրացի պրոֆեսոր Գրաֆի կողմից սկսվեց կիրառվելևաստիճանաբար ներդրվել նորածինների կոնքազդրային հոդերի սոնոգրաֆիկ հետազոտությունը, որը հետագայում բժշկական համայնքի կողմից ընդունվեց որպես ապացուցված ախտորոշման մեթոդևայժմ համարվում է ախտորոշման ոսկե ստանդարտ», – պատմում է մասնագետը։
 

Վահե Յավրյանը Ավստրիայում ուսանել է հենց Գրաֆի մոտ, հետո մեկ տարի փորձարկել է մեթոդը Երևանյան ծննդատներից մեկում։ Առողջապահության նախարարության հետ երկարատև աշխատանքից հետո կոնքազդրային հոդի ուլտրաձայնային հետազոտությունը ներդրվել է Հայաստանում` որպես նորածնային համապետական սկրինինգային ծրագրի մաս։ Բժիշկ Յավրյանը հպարտությամբ նշում է. նույնիսկ ոչ բոլոր եվրոպական երկրներում է գործում այդպիսի սկրինինգային ծրագիր։ Ծրագրի շնորհիվ Հայաստանում այսօր գրեթե չունենք այդ խնդրի պատճառով հաշմանդումություն ունեցող երեխա։
  

«Մեթոդն ունի շատ բարձր ճշգրություն՝ 99,9 տոկոս։ Այն ամբողջությամբ թույլ է տալիս հայտնաբերել անգամ ամենափոքր թերզարգացած կոնքազդրային հոդըևհամապատասխան միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի երեխան ժամանակին ստանա բուժում։ 2007 թվականին պաշտոնական տվյալներով մենք ՀՀ-ում ամեն տարի ունենում էինք 20 երեխա, որոնք առաջին կարգի հաշմանդամ էին դառնում կոնքազդրային հոդի հոդախախտ կամ զարգացող հոդախախտ։ Մեզ մոտ այդ պատճառով հաշմանդամության ցուցանիշն ամենաբարձրն էր։ Երբ ես նոր էի սկսում, իմ ուսուցիչը տարեկան շուրջ 30 երեխայի բաց վիրահատություն էր անում։ Եվ որպեսզի հասկանանք, թե ինչպիսի փոփոխություն մտցրեց սքրինինգի ներդրումը մեր հանրապետությունում, կարող եմ ասել, որ անցյալ տարի կոնքազդրային հոդի հոդախախտի պատճառով հաշմանդամություն ստացած 4 դեպք ենք ունեցել։ Կա ոսկե օրենք, որի համաձայն ունենք վաղ ախտորոշումևուշ ախտորոշում։ վաղ ախտորոշումը նշանակում է, որ եթե երեխան ունի խնդիր, այդ խնդիրը պետք է առաջին 3 ամսում դիֆերենցված լինի։ Բուժումն այդ ժամանակ սկսելիս մենք գիտենք՝ դիսպլաստիկ է, թե հոդախախտված, հավանականությունը, որ կստանաս անատոմիապես լավ,ֆունկցիոնալ հոդ, ամբողջ կյանքի ընթացքում 98 տոկոս է», – նշում է Յավրյանը։  
 

«Արաբկիր» բժշկական համալիրում ծնողներին տրամադրվում է հատուկ տեղեկատվական թերթիկ, որտեղ մանրամասն նկարագրվում է, թե ինչպես պետք է խնամել կոնքազդրային հոդի դիսպլազիայով երեխային, որպեսզի հոդախախտ չզարգանա։

Վերջին նորություններ
Քայլ դեպի բժշկական օգնության նոր որակ. ESPAGHAN-ի «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավի ընթացքը գաստրոէնտերոլոգիայում
08 ապրիլ
Բժշկական օգնության շարունակականության ապահովումը , հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցողների երեխաների համար 18 տարին լրանալուց հետո ժամանակակից առողջապահության կարևոր մարտահրավերներից է: Այս ուղղությամբ Հայաստանում գաստրոէնտերոլոգիայի ոլորտում տարվող աշխատանքները, ընթացքի մեջ են` կապված 2025թ. հոկտեմբեր ամսից ESPAGHAN-ի (Մանկական գաստրոէնտերոլոգիայի, լյարդաբանության և սնուցման եվրոպական միության) կողմից մեկնարկված «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավին Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության միանալու հետ: Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի ներքո ստեղծվել էր մանկական գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության ստորաբաժանումը, որը միավորում է հանրապետության մանկական գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ և լյարդաբան 17 մասնագետների: 2025թ. դեկտեմբեր ամսին «Արաբկիր» ԲՀ-ում ԳԷ ստորաբաժանման և Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի կողմից կազմակերպվեց մանկական չորս և մեծահասակների երրորդային մակարդակի բԺշկական հինգ կենտրոնների գաստրոէնտերոլոգների առաջին հանդիպումը, որի ժամանակ ներկայացվեցին, քննարկվեցին և տարածվեցին ESPGHAN-ի վերը նշված արշավի մասնագիտական նյութերը` թարգմանված հայերեն: Այս տարվա փետրվար և մարտ ամիսներին ESPGHAN-ի մեկնարկած «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավը շարունակվում էր:  Արշավի առանցքային ձեռքբերումներից է մանկական և մեծահասակների գաստրոէնտերոլոգների միջև սկսված համագործակցությունը: Փետրվար և մարտ ամիսներին ESPGHAN-ի ուղեցույցների ներկայացումը, քննարկումը և տարածումը (տպագիր և էլեկտրոնային տարբերակներով) շարունակվեց Երևան քաղաքի բժշկական տարբեր կենտրոնների և կլինիկաների գաստրոէնտերոլոգիական բաժանմունքներում` ընդգրկելով մասնագիտական ավելի լայն շրջանակ (մոտ 55 հոգի):Ներկայումս արշավի ծավալումը Հայաստանում հանդիպում է որոշակի օբյեկտիվ դժվարությունների, քանի որ 18 տարին լրացած և մեծահասակ քրոնիկ ԳԷ պացիենտների դիսպանսեր բժշկական հսկողությունը դեռևս կարիք ունի կանոնակարգման : Բժիշկների կողմից ցուցաբերված հետաքրքրությունը, ակտիվությունը և բազմաթիվ դրական արձագանքները փաստում են, որ «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավը Հայաստանում արդիական է և կարիք ունի հետագա զարգացման:
Երևանում կանցկացի կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողով
08 ապրիլ
Պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողովը արդեն 4-րդ անգամ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում կհամախմբի նյարդաբաններին, նյարդավիրաբույժներին, անեսթեզիոլոգիայի և ռադիոլոգիայի ոլորտների առաջատար մասնագետներին:Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր` էպիլեպսիայի բուժման ժամանակակից մոտեցումները,կլինիկական և ախտորոշիչ հեռանկարները,էպիլեպսիայի ախտորոշման ժամանակ ԷԷԳ-ի դերը,թերապևտիկ առաջընթացը,նախավիրահատական շրջանում օջախների ախտորոշման մարտահրավերները,հետվիրահատական շրջանում դեղորայքային բուժման դադարեցման ճիշտ ժամանակը։Կլինեն նաև գիտաժողովի խորագրին առնչվող այլ հարցեր։Տրվելու են ՇՄԶ կրեդիտներ:Մասնակցության վճարը 25.000 ՀՀ դրամ է: Գրանցումները՝ շուտով։Հանդիպում ենք 2026 թվականի մայիսի 21–22-ին` ժամը 08:30–18:00-ը, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տուշպա» սրահում։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է
07 ապրիլ
Այն նվիրված է համաշխարհային առողջապահական կարևորագույն խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և դրանց լուծմանն ուղղված ջանքերի համախմբմանը: Հանուն առողջության` միասին կանգնենք գիտության կողքին. 2026 թվականին օրվա խորհուրդը ամբողջացվել է այս կարգախոսում:1948 թվականի հենց այս օրը` ապրիլի 7-ին է հիմնադրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Երկու տարի անց` 1950 թվականին, ի պատիվ ԱՀԿ-ի ստեղծման, ապրիլի 7-ը հռչակվել է որպես Առողջության համաշխարհային օր: Նշենք, որ Հայաստանը ԱՀԿ անդամ է 1994 թվականից: 2024 թվականին «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Այն տրվում է հիմնականում գիտահետազոտական ինստիտուտներին, համալսարաններին և ակադեմիաների բաժիններին, որոնք առողջապահական ոլորտի ամենատարբեր ուղղություններով աշխատում են ԱՀԿ-ի հետ:«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Թբիլիսիում անց է կացվել նյարդամկանային հիվանդություններ խորագրով միջազգային գիտաժողով
03 ապրիլ
Գիտաժողովի ընթացքում քննարկվել են Դյուշենի մկանային դիստրոֆիայով և Սպինալ մկանային ատրոֆիայով պացիենտների վարման մոտեցումներն ու բուժման ժամանակակից հնարավորությունները։Գիտաժողովին մասնակցել են նյարդաբաններ Հայաստանից, ինչպես նաև Սերբիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Ռումինիայից, Ղազախստանից և Ռուսաստանից։ Արաբկիր բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Սպինալ մկանային ատրոֆիայի առաջացման գենետիկական հիմքերը և մեխանիզմները։ Միջազգային փորձի փոխանակումն ու համագործակցությունը կարևոր նշանակություն ունեն ոլորտի զարգացման և բուժման արդյունավետության բարձրացման համար։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Մանկական հասակում թոքաբորբը հաճախ հանդիպող ախտորոշում է
01 ապրիլ
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժ Մերի ՄարանդյանըՀանրային հեռուստաընկերության «Եղի՜ր առողջ» նախագծի ընթացքում խոսել է թոքաբորբի առաջացման պատճառների, տեսակների, ախտանիշների մասին և ոչ միայն։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Իրազեկում համընդհանուր ապահովագրության վերաբերյալ
01 ապրիլ
2026 թվականի հունվարի 1-ից ավելի քան 1,5 մլն մարդ առողջության համընդհանուր ապահովագրության շահառու է: Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված` քաղաքացիները իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար դիմում են մեզ: Հաճախ տրվող հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի տնտեսագիտական ծառայության ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:- Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կարո՞ղ ենք դիմել «Արաբկիր» բժշկական համալիր: -Այո՜, կարող եք։ «Արաբկիր» բժշակական համալիրը ապահովագրված անձանց մատուցում է ինչպես հիվանդանոցային ծառայություններ՝ պլանային և շտապ բժշկական օգնություն և բուժում, վիրահատություններ, այնպես էլ արտահիվանդանոցային ծառայություններ՝ մասնագիտացված խորհրդատվություններ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ։ -Ծրագրի շրջանակում բուժօգնություն ստանալու համար սկզբում ու՞ր պետք է դիմել: Ընթացակարգը հետևյալն է. ծառայություններից պլանային կարգով օգտվելու համար անհրաժեշտ է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ (պոլիկլինիկա), ստանալ համապատասխան ուղեգիր, այնուհետև գրանցել այցը ուղեգրում նշված ծառայությունը ստանալու համար, իսկ շտապ դեպքերում անմիջապես դիմել հիվանդանոց։ Արդյոք երեխաները ապահովագրված են: – Այո՜, ապահովագրված են ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող – մինչև 18 տարեկան երեխաները, – առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկան անձինք, – առանց ծնողական խնամքի մնացած առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան անձինք։ –Ի՞նչ է պետք անել, եթե ՀՀ քաղաքացիության տվյալը բացակայելու պատճառով «Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի արտացոլվում:  Նման խնդիրների դեպքում առաջարկում ենք զանգահարել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի 8866 կարճ համարին կամ գրել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին (պարտադիր է դիմողի ստորագրությունը և անձը հաստատող փաստաթուղթը) և նշել դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը։ –Ի՞նչ նեղ մասնագետների խորհրդատվություններն են հասանելի ապահովագրված անձանց առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում: Համընդհանուր ապահովագրության շրջանակում մեզ մոտ հասանելի են հետևյալ նեղ մասնագետների խորհրդատվությունները (երեխաների և մեծահասակների համար)` նյարդաբան, նյարդավիրաբույժ ալերգոլոգ, գաստրոէնտերոլոգ ռևմատոլոգ, օրթոպեդ, նեֆրոլոգ ուրոլոգ, վիրաբույժ ակնաբույժ, թերապևտ, մաշկաբան գինեկոլոգ, քիթկոկորդականջաբան թոքաբան։ –Արդյոք ապահովագրությունը վերաբերում է նաև դիսպանսեր հսկվող երեխաներին: Այո՜։ Դիսպանսեր հսկվող երեխաներին տրամադրվող մասնագիտական խորհրդատվությունը, լաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտությունները նույնպես տրամադրվում են համընդհանուր ապահովագրության շրջանակերում։ Նյութը ունի տեղեկատվական բնույթ և նպատակն է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին։