Գլխավոր
Նորություններ
Պարկինսոնիզմի վիրահատություն արթուն պայմաններում

Պարկինսոնիզմի վիրահատություն արթուն պայմաններում

Ապրիլի 11-ը Պարկինսոնի հիվանդության համաշխարհային օրն է: Հիմնական նպատակը՝ բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունն այս խնդրի, դրա ախտանշանների, ախտորոշման և բուժման ձևերի մասին:

 

Հիմնականում վերջույթների դողով արտահայտվող այս հիվանդությունը բնորոշ է հատկապես 60 տարեկանին մոտ մարդկանց: Պարկինսոնիզմը վիճակ է, որն ազդում է մարդու կյանքի որակի վրա, և բժշկության արդի մեթոդների միջոցով այդ դողից ազատվելը վերադարձնում է պացիենտին կյանքի սովորական հուն՝ առանց ավելորդ դժվարությունների:

News.am-ի տեսանյութը Պարկինսոնիզմի վիրահատական բուժման մասին է, որն արդեն հնարավոր է նաև Հայաստանում, «Արաբկիր» բժշկական համալիրում: Ընդ որում, հիմա արդեն մեր նյարդավիրաբույժներն այդ միջամտությունը կատարում են առանց ընդհանուր անզգայացման, երբ պացիենտն արթուն է և անմիջապես հնարավոր է գնահատել նրա ռեակցիաներն ու միջամտության ընթացքը:

#ՊարկինսոնիՀիվանդությանՕր #Պարկինսոնիզմ #ՊարկինսոնիՀիվանդությանԲուժում #ՊարկինսոնիզմիՎիրահատականԲուժում #ԱրաբկիրԲՀ

 

Պարկինսոնի հիվանդության վիրահատկան բուժում` պացիենտի արթուն վիճակում

ՏԵՔՍՏ------62–ամյա կինը, որը Պարկինսոնի հիվանդության պատճառով ուներ ձեռքի և ոտքի անկառավարելի դող և անկանոն շարժումներ, վիրահատությունից հետո հանգիստ քայլում է, և վերջույթներն այլևս չեն դողում։ Ավելի ճիշտ՝ ոտքի դողն անմիջապես անցնում է այն պահից սկսած, երբ բժիշկներին հաջողվում է էլեկտրոդը տեղադրել գլխուղեղի համապատասխան հատվածում , որի անոմալ ակտիվությունն էլ բերում էր ոտքի խնդրին։

ՏԵՔՍՏ------Կինը 9 տարուց ավելի է ունի Պարկինսոնի հիվանդություն։ Վերջին շրջանում հիվանդությունն ավելի էր զարգանում , և դեղորայքային բուժումն այլևս անօգուտ էր։ Առաջարկվեց կատարել գլխուղեղի խորանիստ կորիզների աբլյացիա։ Ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ գլխուղեղի խորանիստ հյուսվածքի համապատասխան հատվածում գերճշգրիտ եղանակով տեղադրվեց էլեկտրոդ, այնուհետև կատարվեց նշված կորիզի ստիմուլյացիա, և դողի վերացման ցանկալի արդյունքը տեսնելուց հետո ռադիոհաճախային ազդակներով կատարվեց նշված կենտրոնի աբլյացիա ։

ՍԻՆԽՐՈՆ-----Նիկո Արզումանյան-----Հիվանդը, ինչպես տեսաք վիրահատության ընթացքում արթուն էր, մեր հետ կոնտակտի մեջ էր, վիրահատության ընթացքում մենք վերահսկում էինք նրա համապատասխան ֆունկցիան անմիջապես մեր աբլյացիայի ընթացքում, որը իրենից ենթադրում է նշված կորիզների ռադիոհաճախային կոագուլյացիա։ Մենք տեսնում ենք մեր դրական արդյունքը, և հասկանում ենք, թե երբ պետք է կանգ առնել, որպեսզի չվնասենք շրջակա այլ հյուսվածքներ և չառաջացնենք նոր նյարդաբանական խանգարումներ։ Այս միջամտությունն ունի իր առավելությունը, քանի որ հիվանդը արթուն է, և մենք անմիջապես տեսնում ենք էֆեկտը, միջամտության դրական արդյունքը։ Հիվանդի դողը միանգամից պակասում է, և մենք վերահսկում ենք ընթացքը։

ՏԵՔՍՏ------ Վիրահատարանում աշխատում է նյարդավիրաբույժների, նյարդաբանների և անեսթեզիոլոգների թիմը: Վիրաբուժական միջամտությանը զուգահեռ հատուկ վերապատրաստված նյարդաբաններն ամբողջ ընթացքում հետևում են գլխուղեղի ստիմուլյացիային ի պատասխան պացիենտի վերջույթների ռեակցիաներին, վերահսկում նրա խոսքը և ուղեղային այլ ֆունկցիաներ: Վիրահատությունն ընթանում է ոչ թե ընդհանուր, այլ տեղային անզգայացումով:

ՍԻՆԽՐՈՆ-----Նիկո Արզումանյան----- Չնայած այն հանգամանքին, որ միջամտությունն ընթանում է արթուն վիճակում և հիվանդը ընդհանուր անզգայացում չի ստանում, հիվանդի համար այն լուրջ դիսկոմֆորտ չի առաջացնում,քանի որ գլխի մաշկը նախապես տեղային անզգայացնողներով անզգայացվումէ և և գանգոսկրի վրա իրականացվում է շատ փոքրիկ անցք` համապատասխան գործիքների օգնությամբ, և հիվանդները երբեք չեն բողոքում նշված միջամտությունը արթուն իրականացնելուց:

ՏԵՔՍՏ------Բժիշկը հավելում է, որ այս վիրահատությունը ցուցված է առավելապես ձեռքերի և ոտքերի անկառավարելի դողով Պարկինսոնի հիվանդություն և էսենցիալ դող ունեցող պացինետներին: Բայց կան որոշակի սահմանափակումներ, ոչ բոլոր հիվանդներին է այն առաջարկվում: Պարկինսոնի հիվանդության շատ բարդացած դեպքերում ցուցված է մեկ այլ միջամտություն՝ գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա, որը ևս նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանն ու Նիկո Արզումայանը հաջողությամբ կատարում են «Արաբկիր» բժշկական համալիրում:
 

Վերջին նորություններ
Քայլ դեպի բժշկական օգնության նոր որակ. ESPAGHAN-ի «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավի ընթացքը գաստրոէնտերոլոգիայում
08 ապրիլ
Բժշկական օգնության շարունակականության ապահովումը , հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցողների երեխաների համար 18 տարին լրանալուց հետո ժամանակակից առողջապահության կարևոր մարտահրավերներից է: Այս ուղղությամբ Հայաստանում գաստրոէնտերոլոգիայի ոլորտում տարվող աշխատանքները, ընթացքի մեջ են` կապված 2025թ. հոկտեմբեր ամսից ESPAGHAN-ի (Մանկական գաստրոէնտերոլոգիայի, լյարդաբանության և սնուցման եվրոպական միության) կողմից մեկնարկված «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավին Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության միանալու հետ: Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի ներքո ստեղծվել էր մանկական գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության ստորաբաժանումը, որը միավորում է հանրապետության մանկական գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ և լյարդաբան 17 մասնագետների: 2025թ. դեկտեմբեր ամսին «Արաբկիր» ԲՀ-ում ԳԷ ստորաբաժանման և Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի կողմից կազմակերպվեց մանկական չորս և մեծահասակների երրորդային մակարդակի բԺշկական հինգ կենտրոնների գաստրոէնտերոլոգների առաջին հանդիպումը, որի ժամանակ ներկայացվեցին, քննարկվեցին և տարածվեցին ESPGHAN-ի վերը նշված արշավի մասնագիտական նյութերը` թարգմանված հայերեն: Այս տարվա փետրվար և մարտ ամիսներին ESPGHAN-ի մեկնարկած «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավը շարունակվում էր:  Արշավի առանցքային ձեռքբերումներից է մանկական և մեծահասակների գաստրոէնտերոլոգների միջև սկսված համագործակցությունը: Փետրվար և մարտ ամիսներին ESPGHAN-ի ուղեցույցների ներկայացումը, քննարկումը և տարածումը (տպագիր և էլեկտրոնային տարբերակներով) շարունակվեց Երևան քաղաքի բժշկական տարբեր կենտրոնների և կլինիկաների գաստրոէնտերոլոգիական բաժանմունքներում` ընդգրկելով մասնագիտական ավելի լայն շրջանակ (մոտ 55 հոգի):Ներկայումս արշավի ծավալումը Հայաստանում հանդիպում է որոշակի օբյեկտիվ դժվարությունների, քանի որ 18 տարին լրացած և մեծահասակ քրոնիկ ԳԷ պացիենտների դիսպանսեր բժշկական հսկողությունը դեռևս կարիք ունի կանոնակարգման : Բժիշկների կողմից ցուցաբերված հետաքրքրությունը, ակտիվությունը և բազմաթիվ դրական արձագանքները փաստում են, որ «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավը Հայաստանում արդիական է և կարիք ունի հետագա զարգացման:
Երևանում կանցկացի կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողով
08 ապրիլ
Պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողովը արդեն 4-րդ անգամ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում կհամախմբի նյարդաբաններին, նյարդավիրաբույժներին, անեսթեզիոլոգիայի և ռադիոլոգիայի ոլորտների առաջատար մասնագետներին:Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր` էպիլեպսիայի բուժման ժամանակակից մոտեցումները,կլինիկական և ախտորոշիչ հեռանկարները,էպիլեպսիայի ախտորոշման ժամանակ ԷԷԳ-ի դերը,թերապևտիկ առաջընթացը,նախավիրահատական շրջանում օջախների ախտորոշման մարտահրավերները,հետվիրահատական շրջանում դեղորայքային բուժման դադարեցման ճիշտ ժամանակը։Կլինեն նաև գիտաժողովի խորագրին առնչվող այլ հարցեր։Տրվելու են ՇՄԶ կրեդիտներ:Մասնակցության վճարը 25.000 ՀՀ դրամ է: Գրանցումները՝ շուտով։Հանդիպում ենք 2026 թվականի մայիսի 21–22-ին` ժամը 08:30–18:00-ը, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տուշպա» սրահում։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է
07 ապրիլ
Այն նվիրված է համաշխարհային առողջապահական կարևորագույն խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և դրանց լուծմանն ուղղված ջանքերի համախմբմանը: Հանուն առողջության` միասին կանգնենք գիտության կողքին. 2026 թվականին օրվա խորհուրդը ամբողջացվել է այս կարգախոսում:1948 թվականի հենց այս օրը` ապրիլի 7-ին է հիմնադրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Երկու տարի անց` 1950 թվականին, ի պատիվ ԱՀԿ-ի ստեղծման, ապրիլի 7-ը հռչակվել է որպես Առողջության համաշխարհային օր: Նշենք, որ Հայաստանը ԱՀԿ անդամ է 1994 թվականից: 2024 թվականին «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Այն տրվում է հիմնականում գիտահետազոտական ինստիտուտներին, համալսարաններին և ակադեմիաների բաժիններին, որոնք առողջապահական ոլորտի ամենատարբեր ուղղություններով աշխատում են ԱՀԿ-ի հետ:«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Թբիլիսիում անց է կացվել նյարդամկանային հիվանդություններ խորագրով միջազգային գիտաժողով
03 ապրիլ
Գիտաժողովի ընթացքում քննարկվել են Դյուշենի մկանային դիստրոֆիայով և Սպինալ մկանային ատրոֆիայով պացիենտների վարման մոտեցումներն ու բուժման ժամանակակից հնարավորությունները։Գիտաժողովին մասնակցել են նյարդաբաններ Հայաստանից, ինչպես նաև Սերբիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Ռումինիայից, Ղազախստանից և Ռուսաստանից։ Արաբկիր բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Սպինալ մկանային ատրոֆիայի առաջացման գենետիկական հիմքերը և մեխանիզմները։ Միջազգային փորձի փոխանակումն ու համագործակցությունը կարևոր նշանակություն ունեն ոլորտի զարգացման և բուժման արդյունավետության բարձրացման համար։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Մանկական հասակում թոքաբորբը հաճախ հանդիպող ախտորոշում է
01 ապրիլ
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժ Մերի ՄարանդյանըՀանրային հեռուստաընկերության «Եղի՜ր առողջ» նախագծի ընթացքում խոսել է թոքաբորբի առաջացման պատճառների, տեսակների, ախտանիշների մասին և ոչ միայն։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Իրազեկում համընդհանուր ապահովագրության վերաբերյալ
01 ապրիլ
2026 թվականի հունվարի 1-ից ավելի քան 1,5 մլն մարդ առողջության համընդհանուր ապահովագրության շահառու է: Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված` քաղաքացիները իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար դիմում են մեզ: Հաճախ տրվող հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի տնտեսագիտական ծառայության ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:- Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կարո՞ղ ենք դիմել «Արաբկիր» բժշկական համալիր: -Այո՜, կարող եք։ «Արաբկիր» բժշակական համալիրը ապահովագրված անձանց մատուցում է ինչպես հիվանդանոցային ծառայություններ՝ պլանային և շտապ բժշկական օգնություն և բուժում, վիրահատություններ, այնպես էլ արտահիվանդանոցային ծառայություններ՝ մասնագիտացված խորհրդատվություններ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ։ -Ծրագրի շրջանակում բուժօգնություն ստանալու համար սկզբում ու՞ր պետք է դիմել: Ընթացակարգը հետևյալն է. ծառայություններից պլանային կարգով օգտվելու համար անհրաժեշտ է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ (պոլիկլինիկա), ստանալ համապատասխան ուղեգիր, այնուհետև գրանցել այցը ուղեգրում նշված ծառայությունը ստանալու համար, իսկ շտապ դեպքերում անմիջապես դիմել հիվանդանոց։ Արդյոք երեխաները ապահովագրված են: – Այո՜, ապահովագրված են ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող – մինչև 18 տարեկան երեխաները, – առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկան անձինք, – առանց ծնողական խնամքի մնացած առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան անձինք։ –Ի՞նչ է պետք անել, եթե ՀՀ քաղաքացիության տվյալը բացակայելու պատճառով «Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի արտացոլվում:  Նման խնդիրների դեպքում առաջարկում ենք զանգահարել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի 8866 կարճ համարին կամ գրել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին (պարտադիր է դիմողի ստորագրությունը և անձը հաստատող փաստաթուղթը) և նշել դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը։ –Ի՞նչ նեղ մասնագետների խորհրդատվություններն են հասանելի ապահովագրված անձանց առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում: Համընդհանուր ապահովագրության շրջանակում մեզ մոտ հասանելի են հետևյալ նեղ մասնագետների խորհրդատվությունները (երեխաների և մեծահասակների համար)` նյարդաբան, նյարդավիրաբույժ ալերգոլոգ, գաստրոէնտերոլոգ ռևմատոլոգ, օրթոպեդ, նեֆրոլոգ ուրոլոգ, վիրաբույժ ակնաբույժ, թերապևտ, մաշկաբան գինեկոլոգ, քիթկոկորդականջաբան թոքաբան։ –Արդյոք ապահովագրությունը վերաբերում է նաև դիսպանսեր հսկվող երեխաներին: Այո՜։ Դիսպանսեր հսկվող երեխաներին տրամադրվող մասնագիտական խորհրդատվությունը, լաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտությունները նույնպես տրամադրվում են համընդհանուր ապահովագրության շրջանակերում։ Նյութը ունի տեղեկատվական բնույթ և նպատակն է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին։