Գլխավոր
Նորություններ
Պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժում

Պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժում

Ապրիլի 11-ը բժշկական օրացույցում առանձնացված է որպես Պարկինսոնի հիվանդության մասին իրազեկման օր. առիթ՝ բարձրաձայնելու պարկինսոնիզմի, դրա ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների մասին:
 

news.am-ի տեսանյութն անդրադառնում է պարկինսոնիզմի նյարդավիրաբուժական բուժմանն «Արաբկիր» բժշկական համալիրում. որքան արդյունավետ կարող է լինել գլխուղեղի՝ նեյրոմոնիտորինգով կատարվող խորանիստ ստիմուլյացիան և որքան կարևոր է այն՝ մարդու կյանքի որակը բարելավելու գործում:


  • 60-ամյա տղամարդը ավելի քան 10 տարի Պարկինսոնի հիվանդություն ունի։ Նա երկար տարիներ դեղորայքային բուժում է ստանում, բայց դեղերն այլևս նրան չեն օգնում, ավելին՝ որոշակի բարդություններ են առաջացնում։ Տղամարդու մոտ խնդիրներ են առաջացել աշխատանքի, ընդհանուր սոցիալական ակտիվության, կյանքի որակի հետ կապված, NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասում է նյարդաբան Զարուհի Թավադյանը։ «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկները տղամարդուն առաջարկել են վիրահատական բուժում՝ ուղեղի խորանիստ ստիմուլյացիա, որը թույլ կտա նրան վերադառնալ ակտիվ կյանքին։

     «Պարկինսոնի հիվանդությունը պրոգրեսիվող խրոնիկական նյարդաբանական հիվանդություն է, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, հիմնականում դասական նշանները շարժողական են. դանդաղկոտություն, դող, արտահայտված քայլվածքի, հավասարակշռության խնդիրներ, մկանային ձգվածություն, կան նաև բազմաթիվ ոչ շարժողական նշաններ. դեպրեսիա, քնի խնդիրներ, ցավ և այլն, որոնք ուղեկցում են այդ հիվանդությունը։ Այդ ամեն ինչը գումարային մեծ ազդեցություն ունի կյանքի որակի վրա։

    Հիվանդության ընթացքում և դեղորայքային բուժման ընթացքում նաև պացիենտները ձեռք են բերում բարդություններ արդեն բուժման հետ կապված, ունեն դեղորայքի վրա ոչ կանոնավոր պատասխան, ունեն անկանոն շարժումներ, որոնք ևս դառնում են սահմանափակման արդյունք, և ի վերջո պահ է գալիս, որ արդեն պացիենտները դժվարանում են շարունակել իրենց բուժումը սովորական դեղամիջոցներով», –ասում է Զարուհի Թավադյանը, նշելով, որ գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան որպես մեթոդ օգտագործվում է մոտ երկու տասնամյակ։ Այն թույլ է տալիս նաև շարունակական կարգավորումներ մտցնել պացիենտի շարժողական վիճակի մեջ ժամանակի ընթացքում, և պացիենտին պահել տարիներ շարունակ ակտիվ վիճակում։Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան վիրահատություն է, որի ժամանակ գլխուղեղի համապատասխան կենտրոններում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնք միացվում են խթանիչ սարքին՝ կրծքավանդակում՝ մաշկի տակ տեղադրված նեյրոստիմուլյատորին։

    Այդ սարքը գեներացնում է էլեկտրական իմպուլսներ, որոնք ընկճում են գլխուղեղի անոմալ ակտիվությունը։ Դա բարդ և նուրբ վիրահատություն է, որի ժամանակ վիրաբույժները պետք է գտնեն էլեկտրոդների ճիշտ դիրքը՝ չվնասելով գլխուղեղի շարժողական կենտրոններն ու անոթները։ Նախկինում այն կատարվում էր տեղային անզգայացմամբ, քանի որ պացիենտը վիրահատության ժամանակ պետք է որոշակի առաջադրանքներ կատարեր, մեթոդի արդյունավետությունն ու անվտանգությունը գնահատելու համար։ Օրինակ, հայտնի է, որ ջութակահար Ռոջեր Ֆիշը ջութակ է նվագել այդ վիրահատության ընթացքում: Այսօր «Արաբկիր» բժշկական համալիրում գլխուղեղի խորանիստ սիտիմուլյացիան կատարում են ժամանակակից տեխնոլոգիայի՝ նեյրոմոնիթորինգի կիրառմամբ, և պացիենտին արթուն պահելու անհրաժեշտություն այլևս չկա, ասում է նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը։

    «Մեր կենտրոնում գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում և նեյրոմոնիթորինգի հսկողությամբ, որն ունի մի շարք առավելություններ։ Նախևառաջ հիվանդը, գտնվելով անզգայացման պայմաններում, ավելի հարմարավետ վիճակում է, և նեյրոմոնիթորինգը մեզ հնարավորություն է տալիս ճշգրտել էլեկտրոդի տեղակայման վայրը և խուսափել ստիմուլյացիայից առաջացող հնարավոր կողմնակի ազդեցություններից։ Նեյրոմոնիթորինգը դա մեթոդ է, որը բավականին հաճախ է ներկայումս կիրառվում։ Դա էլեկտրական շղթա է փակում, այսինքն, կատարվում է խթանում համապատասխան կենտրոնի և գրանցվում է ստիմուլը, այսինքն, հոսանքի պատասխանը ծայրամասային մկաններից։ Այսինքն, կլինի դիմային մկան, վերին, ստորին վերջույթների, հնարավոր է նաև դիմային նյարդից, ենթալեզվային, այսինքն՝ կախված վիրահատվող շրջանի առանձնահատկությունից։ Նպատակը՝ վնասումից խուսափելն է համապատասխան կենտրոնների և ուղիների», – ասում է նա։

    Վիրահատությունից առաջ բժիշկները մանրազնին ուսումնասիրում են պացիենտի գլխուղեղի ՄՌՏ–պատկերը, գտնում են թիրախ կորիզները և կատարում էլեկտրոդի վիրտուալ տեղադրում։ Այնուհետև անմիջապես վիրահատությունից առաջ կատարվում է կոնտրաստային ԿՏ–հետազոտություն, որի տվյալները համադրվում են ՄՌՏ–ի հետ։ Էլեկտրոդների տեղակայման վայրը ճշգրիտ որոշելու համար կիրառվում է հատուկ կոորդինատային համակարգ՝ ստերեոտակտիկ շրջանակ, պատմում է Նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը։

    «Միջամտությունը բաղկացած է մի քանի փուլից. Վիրահատության առաջին փուլում հիվանդի գլխին ամրացվում է հատուկ մետաղական սարք, որի օգնությամբ մենք ստեղծում ենք վիրտուալ կոորդինատային առանցք և համադրելով համակարգչային շերտագրության և ՄՌՏ հետազոտության արդյունքները համապատասխան ծրագրի միջոցով, մենք կարողանում ենք ստանալ մեզ անհրաժեշտ կոորդինատները, և համապատասխան կոորդինատներով մենք 0.6մմ ճշգրտությամբ տեղադրել էլեկտրոդները ճիշտ տեղում», – ասում է նա։   

    Նիկո Արզումանյանը նշում է՝ գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան պարկինսոնիզմի բուժման համար «Արաբկիր» բժշկական կենտրոնում կիրառվում է արդեն մեկ տարի, և բոլոր վիրահատվածները գոհ են արդյունքներից։ Այս ամենը հնարավոր է դարձել կենտրոնի ձեռք բերած նորագույն սարքավորումների և թվային տեխնոլոգիաների շնորհիվ։  Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան կիրառվում է ոչ միայն պարկինսոնիզմի բուժման համար, այլև մի շարք այլ նյարդաբանական, և անգամ հոգեբուժական խանգարումների դեպքում, ասում է Զարուհի Թավադյանը։

    «Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան օգտագործվում է առաջին հերթին Պարկինսոնի հիվանդության ժամանակ, նաև ժառանգական կամ էսենցիալ դողի ժամանակ և մանկական պրակտիկայում դիստոնիայի որոշակի տեսակների ժամանակ։ Ներկա պահին ցուցումները խորանիստ ստիմուլյացիայի շատանում են, լայնանում է դաշտը, և ապագայում այդ մեթոդը օգտագործվելու է նաև այլ շարժողական խանգարումների համար, և ոչ միայն։ նաև հոգեբուժության մեջ, օրինակ, բայց ներկա պահին շարժողական խանգարումներից այս երեքն են. դասական պարկինսոնիզմ, էսենցիալ դող և դիստոնիա», – ասում է նա։

    Վիրահատությունից մոտ 3-4 շաբաթ անց, երբ պացիենտի վիրահատական վերքերը վերջնական կսպիանան, բժիշկները կգործարկեն նեյրոստիմուլյատորը և կկատարեն կարգավորումները։ Արդյունքում կշտկվի պացիենտի շարժումների դանդաղկոտությունը, դողը, քայլվածքը, խոսքը, կրճատվի դեղորայքի օգտագործումը, ինչը զգալիորեն կլավացնի նրա կյանքի որակը։

Վերջին նորություններ
Քայլ դեպի բժշկական օգնության նոր որակ. ESPAGHAN-ի «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավի ընթացքը գաստրոէնտերոլոգիայում
09 ապրիլ
Բժշկական օգնության շարունակականության ապահովումը, հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների համար ժամանակակից առողջապահության կարևոր մարտահրավերներից է: Այս ուղղությամբ Հայաստանում գաստրոէնտերոլոգիայի ոլորտում տարվող աշխատանքները ESPAGHAN-ի (Մանկական գաստրոէնտերոլոգիայի, լյարդաբանության և սնուցման եվրոպական միության) հետ ընթացքի մեջ են: Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի ներքո ստեղծվել էր մանկական գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության ստորաբաժանմունքը, որը միավորում է հանրապետության մանկական գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ և լյարդաբան 17 մասնագետների: 2025թ. դեկտեմբեր ամսին Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի կողմից կազմակերպվեց մանկական չորս և մեծահասակների երրորդային մակարդակի բԺշկական հինգ կենտրոնների գաստրոէնտերոլոգների առաջին հանդիպումը, որի ժամանակ ներկայացվեցին, քննարկվեցին և տարածվեցին ESPAGHAN-ի վերը նշված արշավի մասնագիտական նյութերը` թարգմանված հայերեն:«Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավը փետրվար և մարտ ամիսներին շարունակվում էր: Արշավի առանցքային ձեռքբերումներից է մանկական և մեծահասակների գաստրոէնտերոլոգների միջև սկսված համագործակցությունը: Փետրվար և մարտ ամիսներին ESPAGHAN-ի ուղեցույցների ներկայացումը և տարածումը (տպագիր և էլեկտրոնային տարբերակներով) շարունակվեց Երևան քաղաքի բժշկական տարբեր կենտրոնների գաստրոէնտերոլոգիական բաժանմունքներում` ընդգրկելով մասնագիտական ավելի լայն շրջանակ (մոտ 55 հոգի):Սակայն արշավի ծավալումը Հայաստանում հանդիպում է որոշակի դժվարությունների, քանի որ 18 տարին լրացած և մեծահասակ քրոնիկ ԳԷ պացիենտների դիսպանսեր բժշկական հսկողությունը դեռևս կարիք ունի կանոնակարգման: Բժիշկների կողմից ցուցաբերված հետաքրքրությունը, ակտիվությունը և բազմաթիվ դրական արձագանքները փաստում են, որ «Բժշկական օգնության նոր տեսակի անցման» արշավն արդիական է և կարիք ունի հետագա զարգացման:
Երևանում կանցկացի կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողով
08 ապրիլ
Պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողովը արդեն 4-րդ անգամ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում կհամախմբի նյարդաբաններին, նյարդավիրաբույժներին, անեսթեզիոլոգիայի և ռադիոլոգիայի ոլորտների առաջատար մասնագետներին:Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր` էպիլեպսիայի բուժման ժամանակակից մոտեցումները,կլինիկական և ախտորոշիչ հեռանկարները,էպիլեպսիայի ախտորոշման ժամանակ ԷԷԳ-ի դերը,թերապևտիկ առաջընթացը,նախավիրահատական շրջանում օջախների ախտորոշման մարտահրավերները,հետվիրահատական շրջանում դեղորայքային բուժման դադարեցման ճիշտ ժամանակը։Կլինեն նաև գիտաժողովի խորագրին առնչվող այլ հարցեր։Տրվելու են ՇՄԶ կրեդիտներ:Մասնակցության վճարը 25.000 ՀՀ դրամ է: Գրանցումները՝ շուտով։Հանդիպում ենք 2026 թվականի մայիսի 21–22-ին` ժամը 08:30–18:00-ը, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տուշպա» սրահում։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է
07 ապրիլ
Այն նվիրված է համաշխարհային առողջապահական կարևորագույն խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և դրանց լուծմանն ուղղված ջանքերի համախմբմանը: Հանուն առողջության` միասին կանգնենք գիտության կողքին. 2026 թվականին օրվա խորհուրդը ամբողջացվել է այս կարգախոսում:1948 թվականի հենց այս օրը` ապրիլի 7-ին է հիմնադրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Երկու տարի անց` 1950 թվականին, ի պատիվ ԱՀԿ-ի ստեղծման, ապրիլի 7-ը հռչակվել է որպես Առողջության համաշխարհային օր: Նշենք, որ Հայաստանը ԱՀԿ անդամ է 1994 թվականից: 2024 թվականին «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Այն տրվում է հիմնականում գիտահետազոտական ինստիտուտներին, համալսարաններին և ակադեմիաների բաժիններին, որոնք առողջապահական ոլորտի ամենատարբեր ուղղություններով աշխատում են ԱՀԿ-ի հետ:«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Թբիլիսիում անց է կացվել նյարդամկանային հիվանդություններ խորագրով միջազգային գիտաժողով
03 ապրիլ
Գիտաժողովի ընթացքում քննարկվել են Դյուշենի մկանային դիստրոֆիայով և Սպինալ մկանային ատրոֆիայով պացիենտների վարման մոտեցումներն ու բուժման ժամանակակից հնարավորությունները։Գիտաժողովին մասնակցել են նյարդաբաններ Հայաստանից, ինչպես նաև Սերբիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Ռումինիայից, Ղազախստանից և Ռուսաստանից։ Արաբկիր բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Սպինալ մկանային ատրոֆիայի առաջացման գենետիկական հիմքերը և մեխանիզմները։ Միջազգային փորձի փոխանակումն ու համագործակցությունը կարևոր նշանակություն ունեն ոլորտի զարգացման և բուժման արդյունավետության բարձրացման համար։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Մանկական հասակում թոքաբորբը հաճախ հանդիպող ախտորոշում է
01 ապրիլ
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժ Մերի ՄարանդյանըՀանրային հեռուստաընկերության «Եղի՜ր առողջ» նախագծի ընթացքում խոսել է թոքաբորբի առաջացման պատճառների, տեսակների, ախտանիշների մասին և ոչ միայն։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Իրազեկում համընդհանուր ապահովագրության վերաբերյալ
01 ապրիլ
2026 թվականի հունվարի 1-ից ավելի քան 1,5 մլն մարդ առողջության համընդհանուր ապահովագրության շահառու է: Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված` քաղաքացիները իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար դիմում են մեզ: Հաճախ տրվող հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի տնտեսագիտական ծառայության ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:- Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կարո՞ղ ենք դիմել «Արաբկիր» բժշկական համալիր: -Այո՜, կարող եք։ «Արաբկիր» բժշակական համալիրը ապահովագրված անձանց մատուցում է ինչպես հիվանդանոցային ծառայություններ՝ պլանային և շտապ բժշկական օգնություն և բուժում, վիրահատություններ, այնպես էլ արտահիվանդանոցային ծառայություններ՝ մասնագիտացված խորհրդատվություններ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ։ -Ծրագրի շրջանակում բուժօգնություն ստանալու համար սկզբում ու՞ր պետք է դիմել: Ընթացակարգը հետևյալն է. ծառայություններից պլանային կարգով օգտվելու համար անհրաժեշտ է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ (պոլիկլինիկա), ստանալ համապատասխան ուղեգիր, այնուհետև գրանցել այցը ուղեգրում նշված ծառայությունը ստանալու համար, իսկ շտապ դեպքերում անմիջապես դիմել հիվանդանոց։ Արդյոք երեխաները ապահովագրված են: – Այո՜, ապահովագրված են ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող – մինչև 18 տարեկան երեխաները, – առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկան անձինք, – առանց ծնողական խնամքի մնացած առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան անձինք։ –Ի՞նչ է պետք անել, եթե ՀՀ քաղաքացիության տվյալը բացակայելու պատճառով «Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի արտացոլվում:  Նման խնդիրների դեպքում առաջարկում ենք զանգահարել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի 8866 կարճ համարին կամ գրել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին (պարտադիր է դիմողի ստորագրությունը և անձը հաստատող փաստաթուղթը) և նշել դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը։ –Ի՞նչ նեղ մասնագետների խորհրդատվություններն են հասանելի ապահովագրված անձանց առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում: Համընդհանուր ապահովագրության շրջանակում մեզ մոտ հասանելի են հետևյալ նեղ մասնագետների խորհրդատվությունները (երեխաների և մեծահասակների համար)` նյարդաբան, նյարդավիրաբույժ ալերգոլոգ, գաստրոէնտերոլոգ ռևմատոլոգ, օրթոպեդ, նեֆրոլոգ ուրոլոգ, վիրաբույժ ակնաբույժ, թերապևտ, մաշկաբան գինեկոլոգ, քիթկոկորդականջաբան թոքաբան։ –Արդյոք ապահովագրությունը վերաբերում է նաև դիսպանսեր հսկվող երեխաներին: Այո՜։ Դիսպանսեր հսկվող երեխաներին տրամադրվող մասնագիտական խորհրդատվությունը, լաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտությունները նույնպես տրամադրվում են համընդհանուր ապահովագրության շրջանակերում։ Նյութը ունի տեղեկատվական բնույթ և նպատակն է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին։