Գլխավոր
Նորություններ
Կյանքը շարունակվում է …

Կյանքը շարունակվում է …


Նարինեն է` հերոս աղջնակը, ով ՀՀ առողջապահության նախարարություն տրամադրած պետական պատվերի, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքի և բժշկական մեծ թիմի ջանքերի շնորհիվ կարողացավ հետևում թողնել առողջական լուրջ մարտահրավերներն ու այսօր արդեն կարողանում է լիաթոք ժպտալ ու քայլ առ քայլ վերադառնալ բնականոն կյանքին…

Ութ տարեկան աղջկա մոտ ախտորոշվել էր լյարդի աջ և ձախ բլթի հեպատոբլաստոմա կոչվող չարորակ ուռուցքը: Չափերով մեծ ուռուցքը ներառում էր լյարդի աջ, մասամբ նաև ձախ կեսը: Նախավիրահատական քիմիաթերապիա ստանալու ընթացքում` 2025 թվականի հուլիսի 6-ին, ծանր թոքաբորբի և միոկարդիտի պատճառով երեխան տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական համալիր և 15 օր բուժում ստացել վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Երեխայի բուժման հետագա մարտավարությունը որոշելու համար բժշկական համալիրի մասնագիտական թիմը իրականացրեց բազմակողմանի հետազոտություններ: Ստացված տվյալները քննարկվեցին Բելառուսի վիրաբույժ-տրանսպլանտոլոգների և ճապոնացի առաջատար մասնագետների հետ: Քննարկումների արդյունքում որոշվեց, որ երեխայի կյանքը փրկելու համար պետք է շտապ իրականացնել լյարդի փոխպատվաստում: Դոնորը Նարինեի հայրն էր։

 Միևնույն ժամանակ նշում էին, որ հնարավոր է նաև իրականացնել լյարդի ընդլայնված մասնահատում: Սակայն դա տեխնիկապես դժվար մոտեցում էր, քանի որ ուռուցքը ախտահարել էր լյարդի աջ բիլթն ու ձախից որոշ սեգմենտներ: Բարդ, բայց ավելի ցանկալի տարբերակ էր սա, քանի որ հնարավոր կլիներ պահպանել երեխայի օրգանի մի մասը:
«Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական թիմը Մինսկի մասնագետների հետ միասին պատրաստվեցին զուգահեռաբար երկու սցենարներին էլ. Եթե հնարավոր չլիներ պահպանել երեխայի սեփական օրգանի մի մասը, ապա կիրականացվեր լյարդի բլթի փոխպատվաստում:

Ս. թ. սեպտեմբերի 28-ին կատարվեց վիրահատությունը, իրականացվեց ընդլայնված հեմիհեպատէկտոմիա՝ պահպանելով սեփական լյարդի մոտ 30%-ը, թեև երեխայի հայրը միաժամանակ պատրաստ էր հարևան վիրահատարանում, անհրաժեշտության դեպքում փոխպատվաստում կատարելու համար։ Երեխան մնաց իր սեփական օրգանի հետ առանց ուռուցքի ախտահարման հատվածների, որը հաջողվեց հեռացնել:

Արտասահմանյան գործընկերների գնահատմամբ նման վիրահատությունը իրականացնելը շատ ավելի բարդ է, քան հենց տիպիկ փոխպատվաստումը:
Վիրահատությունը հաջողությամբ ավարտվեց, սակայն հետվիրահատական շրջանում զարգացավ սուր լյարդային անբավարարություն՝ պահպանված օրգանի փոքր չափերի և հյուսվածքների այտուցվածության պատճառով։ «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկները առաջին օրերին բախվեցին լուրջ դժվարությունների, սակայն հմտությամբ կազմակերպեցին լյարդի ֆունկցիան փոխարինող ինտենսիվ թերապիա և դուրս բերեցին աղջկան այս վտանգավոր վիճակից:

Լայն ժպիտով ու մեծ հավատով փոքրիկ Նարենեն վստահ է, որ շատ շուտով կկարողանա տուն վերադառնալ և իրականացնել իր բաղձալի երազանքը: Այս պատմությունը բժշկական արհեստավարժ խմբի հերթական սխրանքի դրսևորումն է:

Նարինեն հիվանդանոցում եղած օրերին նկարել է «Արաբկիր» բժշկական համալիրը և ինքնաթիռը` որով իրեն օգնություն ցուցաբերելու համար ժամանել էին Բելառուսի մասնագետները:

Վերջին նորություններ
Տարին ամփոփում ենք վերհիշելով ու ներկայացնելով ուշագրավ դեպքերը
29 դեկտեմբեր 25
Ձևավորված ավանդույթի համաձայն` այս տարի ևս «Արաբկիր» բժշկական համալիրի Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն, բժիշկներին մեկ հարկի տակ էր հավաքել. Ներկայացվելու էին տարվա ուշագրավ դեպքերը: Տարին ամփոփելու այս սովորույթը ձևավորվել է տարիներ առաջ և տվել հնարավորություն կոլեգաներին ներկայացնել սեփական փորձառության եզակի պաթոլոգիները, բուժման մեթոդները, պատասխանել գործընկերներին հուզող հարցերին: Ներկայացված դեպքերը փաստում են, որ բժշկությունը միայն գիտելիք չէ, այլև հմտություն է, հոգատարություն, թիմային ոգի և անմնացորդ նվիրում։ Եվ հենց այս արժեքների շնորհիվ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ շարունակում է մնալ, որպես ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ:
Սպինալ մկանային ատրոֆիա. Բիայնա Սուխուդյան
19 դեկտեմբեր 25
Ի՞նչ է սպինալ մկանային ատրոֆիան, ինչպե՞ս է ախտորոշվում այս հիվանդությունը, ֆիզիոլոգիական ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: «Առողջ փոդքաստի» տաղավարում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը պատասխանել է սպինալ մկանային ատրոֆիային վերաբերող այս և այլ հարցերի:
Կարևոր ձեռքբերում
18 դեկտեմբեր 25
«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացված մանկական համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունների պրոտոկոլների պարամետրերի վերլուծության արդյունքում մեր ներկայացրած տվյալները МАГАТЭ-ի կողմից ճանաչվել են լավագույններից մեկը։ Սա հիմք է հանդիսացել միջազգային հեղինակավոր ամսագրում գիտական հոդվածի հրապարակման համար, որի համահեղինակ է «Արաբկիր» ԲՀ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը:
Որո՞նք են մանկաբուժության մեջ հաճախ հանդիպող ալերգենները
10 դեկտեմբեր 25
 «Եղիր առողջ» հաղորդաշարի հյուրը «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Մերի Մարանդյանն է։ 
Իրավիճակը համաճարակային չէ, բայց մտահոգիչ է
09 դեկտեմբեր 25
Յուրաքանչյուր վիրուս կարող է առաջացնել բարդություններ: «Արաբկիր» ԲՀ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել և բարդություններից խուսափելու համար ախտանշանները նկատելու դեպքում դիմել մասնագետներին:
Ի՞նչ է ալերգիան, և ի՞նչ է իրենից ներկայացնում ալերգենը
08 դեկտեմբեր 25
Հանրային հեռուստաընկերության «Եղիր առողջ» հաղորդաշարի շրջանակում ալերգիաների վերաբերյալ հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության և ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը։