Գլխավոր
Նորություններ
Երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները

Երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները

«Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական և այլն».
 

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրեն Արման Բաբլոյանը պատասխանել է news.am-ի հարցերին. առիթը` Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, թեման` երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները:

  •  

    Պարոն Բաբլոյան, երեխաների առողջության իրավունքի հիմքում բժշկագիտության ամենակարևոր ճյուղերից մեկն է` մանկաբուժությունը: Որպես Հայաստանի ամենահեղինակավոր և բարձր` երրորդ մակարդակի մանկաբուժական հաստատություններից մեկի ղեկավար, ի՞նչ կարծիքի եք, ինպիսի՞ն է այսօր մանկաբուժությունը Հայաստանում, ի՞նչ հեռանկարներ կան մեզ մոտ այս ասպարեզում:

    Շնորհակալություն, թեման իսկապես չափազանց կարևոր է: Մեզանում շատ ընդունված արտահայտություն կա` երեխաները մեր ապագան են, սակայն մեր մոտեցումն այլ է` երեխաները մեր ներկան են, մեր այսօրը և հենց այսօր ունեն իրենց իրավունքները, այդ թվում` առողջության իրավունքը: Եվ այդ առումով մենք` պետությունը, հասարակությունը, բժիշկները, բոլորս, պետք է անենք ամենը, ինչ անհրաժեշտ է երեխաների առողջության իրավունքի պաշտպանության համար: Միևնույն ժամանակ, որպես ռազմավարություն, պետությունը պետք է հաշվի առնի, որ չի կարող ունենալ առողջ հասարակություն, եթե չապահովի այդ հասարակության հիմնաքարի` երեխաների, մանուկների առողջությունը: Այսինքն հասարակության առողջությունը ուղիղ համեմատական է երեխաների առողջությանը, այսօրվա երեխաների առողջությունը վաղվա չափահաս առողջ հասարակության գրավականն է, և երեխայի այսօրվա իրավունքը պաշտպանելով` մենք հետագա առողջ հասարակություն և անվտանգ երկիր ենք ակնկալում ունենալ: Ուրեմն մանկաբուժությունն առողջապահության մեջ առաջնային, ուրույն տեղ պիտի ունենա միշտ, այնպես, ինչպես ԱՀԿ-ի մոտեցումներով է և զարգացած երկրների բարձրակարգ առողջապահական համակարգերում` մայրությունն ու մանկությունն առաջնահերթություն են և դա չի քննարկվում:  Բայց ցավալի է, որ վերջին 20 տարիներին մանկաբուժություն մասնագիտության նկատմամբ հետաքրքրության անկում է նկատվում, և միայն նվիրյալներն են գնում այս ուղղությամբ:


    Հնարավո՞ր է , որ դա կապված էր մանկաբուժության ֆակուլտետի փակման հետ:

    Իհարկե, մանկաբուժության ֆակուլտետի փակումն ուներ իր  նշանակությունն այս հարցում, բայց խնդիրը միայն դրա հետ կապել ճիշտ չէ, որովհետև բնագավառը պետք է հետաքրքրություն առաջացնի նորավարտների մոտ ընդհանրապես, որպեսզի նրանք որոշեն գնալ մանկաբուժությամբ: Իսկ հետաքրքրություն առաջացնող գուցե ոչ ամենաառաջին, բայց առաջնային գործոններից մեկն աշխատանքի դիմաց վարձատրությունն է: Եվ եթե մենք համեմատում ենք երեխաների և մեծահասակների բժշկական ծառայությունների գները, տեսնում ենք, որ մոտեցումների մեծ տարբերություն կա: Մեծահասակների դեպքում դրանք դիֆերենցված են և ավելի մոտ են ծառայության իրական արժեքին, իսկ մանկականի դեպքում դրանք միջինացված են, ինչը չի մոտիվացնում նորավարտներին ընտրել մանկաբուժությունը: Նրանք նախընտրում են մեծահասակների բժշկական մասնագիտությունները, որպեսզի հետագայում կարողանան նպաստել իրենց ընտանիքների ավելի բարեկեցիկ կյանքին:

    Եթե մի փոքր ավելի ընդհանուր դիտարկենք, ի՞նչը կառանձնացնեիք, ի՞նչն է կարևոր Հայաստանում մանկաբուժության առջև ծառացած խնդիրների լուծման համար:

    Կարծում եմ մենք երեք հիմնական ուղղությամբ պետք է մտածենք. առաջինն առաջնային օղակի զարգացումն է, ինչը մեծապես կթեթևացնի հիվանդանոցային օղակի բեռը և հիվանդանոցների ռեսուրսները չեն ծախսվի այն հիվանդությունների կանխարգելման, խորհրդատվությունների, հետազոտությունների, բուժման վրա, որոնք կարելի է լիարժեքորեն իրականացնել առաջնային օղակում: Եվ սրան զուգահեռ երկրորդ ուղղությունն է`  հիվանդանոցային ծառայությունների զարգացումը: Սրանք խիստ փոխկապակցված են: Իսկ երրորդ ուղղությունն, անշուշտ, կրթությունն է, ինչպես բուհական, այնպես էլ՝ հետբուհական և շարունակական մասնագիտական զարգացումը, որպեսզի կարողանանք ապահովել անհրաժեշտ կադրեր ոլորտի համար: Սա, կարծում եմ, առաջիկա տարիներին առաջնահերթություն պետք է լինի, քանի որ մասնագիտական ռեսուրսների պակաս է նկատվում` արդեն նշված հանգամանքներից ելնելով:
     

    Եվ վերջում` Ձեր մաղթանքը` հունիսի 1-ի կապակցությամբ:

    Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական և այլն:

 

 

 

 

 

 

 

Վերջին նորություններ
Մանկական հասակում թոքաբորբը հաճախ հանդիպող ախտորոշում է
01 ապրիլ
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժ Մերի ՄարանդյանըՀանրային հեռուստաընկերության «Եղի՜ր առողջ» նախագծի ընթացքում խոսել է թոքաբորբի առաջացման պատճառների, տեսակների, ախտանիշների մասին և ոչ միայն։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Իրազեկում համընդհանուր ապահովագրության վերաբերյալ
01 ապրիլ
2026 թվականի հունվարի 1-ից ավելի քան 1,5 մլն մարդ առողջության համընդհանուր ապահովագրության շահառու է: Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված` քաղաքացիները իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար դիմում են մեզ: Հաճախ տրվող հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի տնտեսագիտական ծառայության ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:- Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կարո՞ղ ենք դիմել «Արաբկիր» բժշկական համալիր: -Այո՜, կարող եք։ «Արաբկիր» բժշակական համալիրը ապահովագրված անձանց մատուցում է ինչպես հիվանդանոցային ծառայություններ՝ պլանային և շտապ բժշկական օգնություն և բուժում, վիրահատություններ, այնպես էլ արտահիվանդանոցային ծառայություններ՝ մասնագիտացված խորհրդատվություններ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ։ -Ծրագրի շրջանակում բուժօգնություն ստանալու համար սկզբում ու՞ր պետք է դիմել: Ընթացակարգը հետևյալն է. ծառայություններից պլանային կարգով օգտվելու համար անհրաժեշտ է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ (պոլիկլինիկա), ստանալ համապատասխան ուղեգիր, այնուհետև գրանցել այցը ուղեգրում նշված ծառայությունը ստանալու համար, իսկ շտապ դեպքերում անմիջապես դիմել հիվանդանոց։ Արդյոք երեխաները ապահովագրված են: – Այո՜, ապահովագրված են ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող – մինչև 18 տարեկան երեխաները, – առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկան անձինք, – առանց ծնողական խնամքի մնացած առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան անձինք։ –Ի՞նչ է պետք անել, եթե ՀՀ քաղաքացիության տվյալը բացակայելու պատճառով «Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի արտացոլվում:  Նման խնդիրների դեպքում առաջարկում ենք զանգահարել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի 8866 կարճ համարին կամ գրել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին (պարտադիր է դիմողի ստորագրությունը և անձը հաստատող փաստաթուղթը) և նշել դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը։ –Ի՞նչ նեղ մասնագետների խորհրդատվություններն են հասանելի ապահովագրված անձանց առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում: Համընդհանուր ապահովագրության շրջանակում մեզ մոտ հասանելի են հետևյալ նեղ մասնագետների խորհրդատվությունները (երեխաների և մեծահասակների համար)` նյարդաբան, նյարդավիրաբույժ ալերգոլոգ, գաստրոէնտերոլոգ ռևմատոլոգ, օրթոպեդ, նեֆրոլոգ ուրոլոգ, վիրաբույժ ակնաբույժ, թերապևտ, մաշկաբան գինեկոլոգ, քիթկոկորդականջաբան թոքաբան։ –Արդյոք ապահովագրությունը վերաբերում է նաև դիսպանսեր հսկվող երեխաներին: Այո՜։ Դիսպանսեր հսկվող երեխաներին տրամադրվող մասնագիտական խորհրդատվությունը, լաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտությունները նույնպես տրամադրվում են համընդհանուր ապահովագրության շրջանակերում։ Նյութը ունի տեղեկատվական բնույթ և նպատակն է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին։
Գլյուկոզայի շարունակական մշտադիտարկման համակարգեր մասին
30 մարտ
Շաքարային դիաբետ ունեցող գրեթե բոլոր երեխաները կրում են գլյուկոզայի շարունակական մշտադիտարկման համակարգեր։ Երբ համակարգը արձանագրում է, որ երեխայի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել է, ծնողները փորձում են հասկանալ պատճառները, ճիշտ արձագանքել և վերահսկել իրավիճակը։ Թեմային անդրադառնում է «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգ Լուսինե Նավասարդյանը։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ե՞րբ դիմել երիկամաբանի
29 մարտ
«Ռադիոառողջարան» հաղորդման ընթացքում «Արաբկիր» բժշկական համալիրի նեֆրոլոգ Տանյա Արամյանը ներկայացրել է երիկամային հիվանդությունների կանխարգելման և բուժման կարևորագույն կետերը, պատասխանել երիկամային հաճախ հանդիպող խնդիրների, երիկամային հիվանդությունների տարածվածության, բնորոշ ախտանշանների, դրանք կանխարգելելու սկզբունքների ու ոլորտի նորությունների մասին հնչող հարցերին։ «Բուժման տեսանկյունից ավելի արդյունավետ է երիկամային այս կամ այն խնդիրը ավելի վաղ հայտնաբերել և բուժել։ Սակայն երբ երիկամային հիվանդությունները ուշ են ախտորոշվում և բերում են երիկամային քրոնիկ անբավարարության, չպետք է դա դատավճիռ համարել. կա նաև հաջորդ քայլը՝ հեմոդիալիզ և երիկամի փոխպատվաստում, որից հետո պացիենտներն ունենում են կյանքի ավելի լավ որակ»,- նշում է նեֆրոլոգ Տանյա Արամյանը։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Եվրոպացի առաջատար մասնագետները` «Արաբկիր» բժշկական համալիրում...
28 մարտ
Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի վարակաբան Քրիստա Ռելլին և ընդհանուր ու զարգացման մանկաբույժ Մարտինա Հյուգը, «Արաբկիր ԲՀ-Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց» համագործակցության ծրագրի շրջանակում Հայաստանում են: Արդյունավետ համագործակցությունը ձևավորվել է ավելի քան երեք տասնամյակ առաջ: Փորձի փոխանակում, որի շրջանակում «Արաբկիր» ԲՀ-ն ոչ միայն հյուրընկալել է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի առաջատար մասնագետներին, այլև շատ հայ բժիշկներ վերապատրաստվելու հնարավորություն են ունեցել Շվեյցարիայի մանկական համալսարանական հիվանդանոցում:Եվրոպացի բժիշկների այցը ոչ միայն հնարավորություն է տալիս հայ մասնագետներին ծանոթանալու եվրոպական փորձին, այլև կարևոր քայլ է միջազգային բժշկական կապերի ամրապնդման ուղղությամբ։ Փորձի այս փոխանակումը նպաստում է նորարարական մոտեցումների ներդրմանը և բարձրացնում բժշկական ծառայությունների որակը Հայաստանում։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Այսօր աշխարհի շատ երկրներում նշում են Նեֆրոլոգի միջազգային օրը
27 մարտ
Թեև այն պաշտոնապես հաստատված չէ օրացույցում, բայց հրաշալի առիթ է խոսելու այս մասնագետների աշխատանքի կարևորության, բարդության ու պատասխանատվության մասին։ «Արաբկիր» բժշկական համալիրի նեֆրոլոգներն ամեն օր, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, պայքարում են կյանքեր փրկելու համար։ Ի դեպ, ամեն տարի նեֆրոլոգիական բաժանմունք է դիմում մոտ 1900 պացիենտ, իսկ դիսպանսեր հսկողություն է անցնում շուրջ 4900-ը։Սիրելի՛ բժիշկներ, ի սրտե շնորհավորում ենք ձեզ և շնորհակալություն հայտնում փրկված յուրաքանչյուր կյանքի, վերականգնված առողջության ու այն ժպիտի համար, որը մարդիկ վերագտնում են ձեր շնորհիվ։Շնորհակալություն նեֆրոլոգներին` մեր երիկամների ու միզուղիների համակարգի առողջությունը ապահովողներին…«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ