Գլխավոր
Նորություններ
Բուժքույրերի միջազգային օրը

Բուժքույրերի միջազգային օրը

1820թ-ի մայիսի 12-ին անգլիացի բանկիր Ուիլյամ Նայթինգեյլի ընտանիքում ծնված աղջկա` Ֆլորենսի պատվին է գրեթե 1.5 դար անց բժշկական օրացույցում առանձնացվել կարևոր այս օրը: Սա առիթ է պատմելու փխրուն մի օրիորդի` Ֆլորենս Նայթինգեյլի խիզախ որոշումների մասին` ընդդիմանալով ծնողների ցանկությանը թողնել բարեկեցիկ կյանքը, մեկնել Գերմանիա` սովորելու բուժքույրական գործ և հետագա ողջ կյանքում լինել վիրավորների ու կարիքավորների կողքին` որպես ամենաիսկական քույր:
 

Ղրիմի պատերազմի հուշագրություններում Ֆլորենսի մասին հետագայում ասվելու էր. «Նվիրյալների իր խմբով Անգլիայից Ղրիմ հասած «լապտերով տիկինը», որն ամբողջ գիշեր շրջում էր անքուն վիրավորների շարքերով` մեկին մի բաժակ ջուր, մյուսին դեղահաբ տալով, հաջորդին` պարզ մարդկային մի ժպիտ պարգևելով: Հենց նրան էր վստահվել Սկյուտարի բանակային հոսպիտալի ղեկավարությունը և վիրավոր զինվորների բախտն այդ առումով բերել էր»:

Պատերազմից հետո Ֆլորենսը Ղրիմից Բրիտանիա վերադարձավ որպես մի իսկական հերոս, որին շնորհակալագիր հանձնեց անձամբ Թագուհին` խնդրելով չդադարեցնել աշխատանքը: Այդ ժամանակ է, որ Ֆլորենսը հիմնադրեց բուժքույրերի վերապատրաստման «Նայթինգեյլ» դպրոցը` կրթելով նոր սերունդների և փոխանցելով իր գիտելիքներն ու հմտությունները երիտասարդ գործընկերներին:
 

Մենք ուրախ ենք փաստել, որ «Արաբկիր» բժշկական համալիրի բուժքույրական հզոր թիմը բուժքույրական ժամանակակից գործի պիոներ Ֆլորենս Նայթինգեյլի ամենարաժանի հետևորդներից է: Շվեյցարացի բարեկամների հետ հիմնադրած մեր Բուժքույրական խորհուրդը ևս հետամուտ է բուժքույրերի մասնագիտական զարգացմանն ու առաջընթացին` պարբերաբար անցկացվող դասընթացներով ու կոնֆերանսներով: Մեր հմուտ բուժքույրերն այսօր ոչ միայն շարունակաբար վերապատրաստվում, այլև վերապատրաստում են երիտասարդ մասնագետների` ինչպես «Արաբկիրից», այնպես էլ այլ բժշկական հաստատություններից:
 

Սիրելի բուժքույրեր, շնորհավորում ենք ձեր տոնը, մաղթում ենք ձեզ թռիչքի երանելի զգացողություն` մասնագիտական ձեր պատասխանատու դաշտում, առաջ ընթացեք ու ճամփորդեք` անդադար սովորելով: Եվ եթե մի օր քայլեք Լոնդոնի Ուաթերլոու հրապարակով, մի պահ կանգ առեք, ժպտացեք ու խոնարհվեք Ֆլորենս Նայթինգեյլի արձանի առջև:

Վերջին նորություններ
Առողջապահության ոլորտը անդառնալի կորուստ կրեց
06 դեկտեմբեր
Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացանք, որ 72 տարեկանում հանկարծամահ է եղել ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Բագրատի Սահակյանը։ Արտավազդ Սահակյանը մեր լավագույն գործընկերներից էր, «Արաբկիր» բժշկական համալիրի բարեկամը։ Տարիներ շարունակ միասին իրականացրել ենք տարբեր ծրագրեր, բարդ վիրահատություններ` կատարելով նաև երեխայի լյարդի փոխպատվաստում։ Արտավազդ Սահակյանը սիրված բժիշկ էր, բարձրակարգ մասնագետ, հավատարիմ ու անփոխարինելի ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հիանալի մարդ, ով վստահաբար դեռ ուներ բազում չիրականացած երազանքներ թե՜ մասնագիտական գործունեության ոլորտում, թե՜ կյանքում… «Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, տնօրեն Արման Բաբլոյանը և ողջ բուժանձնակազմը իրենց խորին ցավակցությունն են հայտնում անվանի բժշկի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու բարձր են գնահատել Արտավազդ Սահակյանի գործը։Վաստակաշատ, արհեստավարժ ու սիրելի բժշկի, բարի ու ազնիվ ընկերոջ, պայծառ ու կենսախինդ մարդու հիշատակը հավերժ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում…
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է այսօր
03 դեկտեմբեր
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992 թվականին դեկտեմբերի 3-ը հռչակեց որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Նպատակը հանրային իրազեկվածության բարձրացումն էր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությունը։ Ստեղծենք մի հասարակություն, որտեղ հաշմանդամություն ունեցող անձը կկարողանա հեշտորեն լուծել բոլոր խնդիրները և հասարակության լիարժեք անդամ կզգա իրեն։
Վիտամինների օգտակար կողմերն ու հնարավոր վտանգները
02 դեկտեմբեր
Շատ ծնողներ երեխաներին վիտամինային հավելումներ տալիս են առանց բժշկի խորհրդի՝ մտածելով, որ լիովին անվտանգ են։ Վիտամինների ճիշտ օգտագործման, դրանց իրական օգուտների և հնարավոր ռիսկերի մասին «Լուրերին»  պատմել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժ Աստղիկ Միրզախանյանը։
Նյարդաբանների միջազգային օրն է այսօր
01 դեկտեմբեր
Հարգելի’ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի առթիվ` ցանկանալով նորանոր հաջողություններ և մասնագիտական վերելքներ։ Եղե՜ք առողջ և ժպիտներ պարգևե՜ք մարդկանց։ Նյարդաբանությունը` որպես առանձին մասնագիտություն բժշկության մեջ ձևավորվել է 1960-ականներին և անցել զարգացման բարդ և պատասխանատու ճանապարհ։Ի դեպ, «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայությունում 2023 թվականից իրականացվում է ստերեո֊ԷԷԳ-ն (stereo-EEG), որը կիրառվում է էպիլեպսիայի օջախը հայտնաբերելու նպատակով։ Բժշկական համալիրում կատարվում են նաև երկարատև և կարճատև վիդեո-ԷԷԳ հետազոտություններ:
Առաջին օգնության դասընթաց «Արաբկիր» բժշկական համալիրում
26 նոյեմբեր
«Safe Heart Yerevan» ծրագրի շրջանակում «Արաբկիր» բժշկական համալիրում անցկացվել է առաջին օգնության դասընթաց: Ծրագրի նպատակն է նախքան շտապօգնության ժամանումը Երևանում սրտի կանգ ունեցող տուժածին ցուցաբերել առաջին օգնություն։Դասընթացի մասնակիցները դառնում են ծրագրի կամավոր։ Դա ենթադրում է, որ Երևանի փոքր կենտրոնում պատահարի դեպքում կամավորը հատուկ հավելվածով ստանում է ծանուցում՝ դեպքի վայրի վերաբերյալ և հնարավորության դեպքում հասնում օգնության՝ ունենալով նաև հասանելիություն նախապես տեղադրված մոտակա դեֆիբրիլյատորին։
Հակաբիոտիկներով ինքնաբուժության թաքնված ռիսկերը
22 նոյեմբեր
Համաշխարհային առողջապահական կարևորագույն մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ հակամանրէային դեղերի պատեհ-անպատեհ կիրառումը։ «Արաբկիր» ԲՀ շնչառական բժշկության և ալերգոլոգիա-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը նշում է. «Ճիշտ է, մարդկությունն ունի հակամանրէային դեղեր, սակայն մենք այսօր կանգնած ենք չափազանց լուրջ վտանգի առաջ. հնարավոր է` բակտերիալ ամենահասարակ վարակից մարդը այլևս չկարողանա պաշտպանվել և մահանա»։