Գլխավոր
Նորություններ
Հարցրու բժշկին. լսողություն

Հարցրու բժշկին. լսողություն

Լսողության համաշխարհային օրվա առիթով news.am-ի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի սուրդոլոգ Նելլի Մոսեսովան. ինչպե՞ս կարող են ծնողները հասկանալ, որ նորածին երեխան լսողության խնդիր ունի, ի՞նչ է լսողության նորածնային սկրինինգը, երբվանի՞ց է այն իրականացվում Հայաստանում և ի՞նչ արդյունքներ կան, որո՞նք են ի ծնե և ձեռբերովի ծանրալսության և խլության պատճառները, ծանրալսության և խլության բուժման ի՞նչ եղանակներ կան, սկրինինգի և խխունջային ներպատվաստման շնորհիվ կհասնե՞նք նրան, որ այլևս ժեստերի լեզվի կարիք չի լինի:

 

Ինչպե՞ս կարող են ծնողները հասկանալ, որ նորածինը լսողության խնդիր ունի:

Երեխայի զարգացման առաջին տարիներին իհարկե շատ բարդ է գուշակել կա՞ ինչ-որ խնդիր լսողության հետ, թե` ոչ: Չնայած կան հստակ կետեր, որոնք երեխան պետք է կատարի իր զարգացման տարբեր փուլերում: Օրինակ` 1 ամսեկան երեխայից մենք առանձնապես ձայնին ռեակցիաներ չենք սպասում: Միայն մոտիկից հնչած` կտրուկ ու բարձր, ձայնին կարող ենք տեսնել կամ հայացքի կենտրոնացում կամ թեթև թափահարում: 3 ամսեկանին մոտ երեխաներն արդեն շատ ավելի լավ արձագանքում են մարդու ձայներին: Մոր ձայնն են սկսում ճանաչել: Նույնիսկ չտեսնելով մայրիկին նրանք ժպտում են, ուրախանում են: 6 ամսեկանին մոտ արդեն հայտնվում է բլբլոցը, կարողանում է հստակ հասկանալ` ձայնի աղբյուրը որ կողմից է, հետևում է ձայնի աղբյուրին: 1 տարեկանին մոտ մենք արդեն ակնկալում ենք երեխայից առաջին բառերը: Իհարկե, սրանք կարևոր են, բայց շատ ավելի ճշգրիտ կլինի կատարել գործիքային հետազոտություն: Հենց դրա պատճառով Հայաստանի ծննդատներում երեխայի ծնվելիս առաջին օրերին կատարվում է երեխայի լսողական սկրինինգ:

 

Ի՞նչ է լսողության նորածնային սկրինինգը: 
Լսողության նորածնային սկրինինգը դա նորածինների լսողության զանգվածային հետազոտություն է: Այն կատարվում է փուլային: Առաջին փուլը կատարվում է ծննդատանը` երեխայի ծնվելու առաջին օրերին, մինչև դուրսգրումը: Եթե առաջանում է լսողության իջեցման կասկած, ապա հետազոտությունը պետք է կրկնվի: Կրկնվում է երեխայի մինչ 2 ամսեկանը: Նորից կասկած առաջանալու դեպքում արդեն կատարվում է լիարժեք աուդիոլոգիական հետազոտություն, երբ որ շատ ավելի դժվար մեթոդներ են օգտագործվում և ստուգում է լսողությունը, մենք կարողանում ենք արդեն հստակ պատկերացնել` կա՞ լսողության իջեցում, թե` ոչ, և եթե կա` ինչքա՞ն է լսողության իջեցումը:

 

Երբվանի՞ց է այն իրականացվում Հայաստանում և ի՞նչ արդյունքներ կան:

Լսողության նորածնային սքրինինգը Հայաստանում իրականացվում է 2008 թվականի հուլիսից: Այն ժամանակ իրականացվում էր միայն 4 ծննդատներում, բայց 2018 թվականից ի վեր գրեթե բոլոր ծննդատները Հայաստանում ունեն հնարավորություն կատարել լսողական սկրինինգ: Ստացված արդյունքերը համապատասխանում են միջազգային տվյալներին: Մոտավորապես հազարին  մեկ երեխա է ծնվում լսողության իջեցումով:

 

Որո՞նք են ի ծնե ծանրալսության և խլության պատճառները:

Ի ծնե ծանրալսության զարգացման պատճառները շատ տարբեր են: Սովորաբար լինում է մի անգամից ոչ թե մեկ պատճառ, այլ` մի քանիսը: Ամենահաճախ հանդիպող լսողության իջեցման պատճառը համարվում է ժառանգականությունը: 30-50% դեպքերում հենց ժառանգություն է բերում լսողության իջեցման: Իդեպ պետք է նշել, որ, չնայած, մենք կոչում ենք այն ժառանգական, բայց ոչ պարտադիր պայման է, որ ծնողներն ունենան նույն խնդիրը:Սովորաբար` 80% դեպքերում, վատ լսող երեխաները ծնվում են առողջ ծնողներից: Մյուս պատճառը դա հղիության պաթոլոգիկ ընթացքն է: Այն ամենն, ինչը կարող է բերել բնականոն հղիության խաթարմանը, նույն ազդակներն ազդում են նաև լսողության զարգացման վրա: Կարող ենք նշել, որ մեծ խումբ են կազմում մոր հղության ընթացքում կրած ինֆեկցիոն հիվանդությունները: Որոշ դեղամիջոցներ հղիության ընթացքում օգտագործելուց հետո կարող է զարգանալ ծանրալսություն, նաև վաղաժամ ծննդաբերությունից և նույնիսկ երբ որ 42 շաբաթն է անցնում` ուշ ծննդաբերությունից: Նաև ծննդաբերական տրավմաների հետևանքով կարող է զարգանալ ծանրալսություն, մոր վնասակար սովորությունից, մոր սոմատիկ հիվանդություններից, ինչպիսին են դիաբետը, արյան որոշ հիվանդություններ` անեմիան, այն ամենն, ինչ բերում է երեխայի սնուցման խանգարմանը, բերում է նաև լսողության իջեցմանը:

 

Որո՞նք են ձեռքբերովի ծանրալսության և խլության պատճառները:

Ձեռքբերովի ծանրալսության հիմնական պատճառներն են ինֆեկցիոն հիվանդությունները: Առաջին տեղերում են կարմրուկ, Քովիդ`վերջին տարիներին, նույնիսկ սովորական սուր շնչառական վարակները կարող են բերել լսողության իջեցման, որոշ դեղամիջոցներ` քիմիոթերապիայի, տուբերկուլոզի բուժման ընթացքում օգտագործած: Կարող են լինել տրավմաներ` գանգուղեղային, որոնք նույնպես կարող են բերել լսողության իջեցման: Մի քիչ ավելի մեծ տարիքում միանում են նաև աղմուկից առաջացած լսողության իջեցման դեպքերը, որոնք մեր ժամանակներում բավականին մեծ տոկոս են կազմում, որովհետև հիմա բոլորը կրում են ականջակալներ, լսում են բարձր երաժշտություն: Այդ ամենը կարող է բերել լսողության իջեցմանը:

 

Ծանրալսության և խուլության բուժման ի՞նչ եղանակներ կան:
Ծանրալսությունը բուժվում է սուր առաջացման առաջին 5 օրվա ընթացքում: Նույնիսկ 2 շաբաթ հետո արդեն բուժման բոլոր միջոցառումներն առանձնապես արդյունավետ չեն: Դրա համար խորհուրդ է տրվում, եթե դուք նկատել եք լսողության կտուկ նվազում, մի անգամից դիմել բժիշկի, որովհետև այդ ժամանակ ամեն րոպեն, ամեն ժամը շատ կարևոր են: Մյուս հնարավորությունն արդեն ոչ թե բուժել, այլ` կոմպենսացնել այն, ինչ մենք կորցրել ենք: Մենք կոմպենսացնում ենք լսողության իջեցումը լսողական սարքերով, իսկ եթե դրանք անարդյունավետ են, այդպես էլ է լինում շատ ժամանակ, այդ դեպքում արդեն դիմում ենք վիրաբուժական մեթոդներին և կատարվում է կոխլյառ իմպլանտացիա:

 

Հնարավո՞ր է հասնել նրան, որ խուլ ու համրերի հատուկ լեզվի կարիք այլևս չլինի:

Այս պահին չնայած տեխնոլոգիաների զարգացմանը և նրան, որ մենք հիանալի լսողական սարքեր ունենք ու հնարավորություն ունենք կոխլյառ իմպլանտացիայի, կենտրոնական իմպլանտի տեղադրման, սակայն լինում են դեպքեր, երբ այդ ամենն անարդյունավետ է, և դեռ ժեստերի լեզուն ու այդ հնարավորությունը` շփվել ուրիշ մարդկանց հետ ուրիշ միջոցներով, պարզապես ժեստերով շատ կարևոր է որոշ երեխաների և մեծերի համար: Ինձ թվում է, իհարկե շատ արագ է ամեն ինչը զարգանում, հուսանք, որ մոտակա ժամանակները մարդիկ կկարողանան հասնել արդեն դրան, որ բոլոր հնարավոր դեպքերում կկարողանան զարգացնել թե խոսքը թե լսողությունը:

Վերջին նորություններ
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է այսօր
03 դեկտեմբեր
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992 թվականին դեկտեմբերի 3-ը հռչակեց որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Նպատակը հանրային իրազեկվածության բարձրացումն էր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությունը։ Ստեղծենք մի հասարակություն, որտեղ հաշմանդամություն ունեցող անձը կկարողանա հեշտորեն լուծել բոլոր խնդիրները և հասարակության լիարժեք անդամ կզգա իրեն։
Նյարդաբանների միջազգային օրն է այսօր
01 դեկտեմբեր
Հարգելի’ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի առթիվ` ցանկանալով նորանոր հաջողություններ և մասնագիտական վերելքներ։ Եղե՜ք առողջ և ժպիտներ պարգևե՜ք մարդկանց։ Նյարդաբանությունը` որպես առանձին մասնագիտություն բժշկության մեջ ձևավորվել է 1960-ականներին և անցել զարգացման բարդ և պատասխանատու ճանապարհ։Ի դեպ, «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայությունում 2023 թվականից իրականացվում է ստերեո֊ԷԷԳ-ն (stereo-EEG), որը կիրառվում է էպիլեպսիայի օջախը հայտնաբերելու նպատակով։ Բժշկական համալիրում կատարվում են նաև երկարատև և կարճատև վիդեո-ԷԷԳ հետազոտություններ:
Առաջին օգնության դասընթաց «Արաբկիր» բժշկական համալիրում
26 նոյեմբեր
«Safe Heart Yerevan» ծրագրի շրջանակում «Արաբկիր» բժշկական համալիրում անցկացվել է առաջին օգնության դասընթաց: Ծրագրի նպատակն է նախքան շտապօգնության ժամանումը Երևանում սրտի կանգ ունեցող տուժածին ցուցաբերել առաջին օգնություն։Դասընթացի մասնակիցները դառնում են ծրագրի կամավոր։ Դա ենթադրում է, որ Երևանի փոքր կենտրոնում պատահարի դեպքում կամավորը հատուկ հավելվածով ստանում է ծանուցում՝ դեպքի վայրի վերաբերյալ և հնարավորության դեպքում հասնում օգնության՝ ունենալով նաև հասանելիություն նախապես տեղադրված մոտակա դեֆիբրիլյատորին։
Հակաբիոտիկներով ինքնաբուժության թաքնված ռիսկերը
22 նոյեմբեր
Համաշխարհային առողջապահական կարևորագույն մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ հակամանրէային դեղերի պատեհ-անպատեհ կիրառումը։ «Արաբկիր» ԲՀ շնչառական բժշկության և ալերգոլոգիա-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը նշում է. «Ճիշտ է, մարդկությունն ունի հակամանրէային դեղեր, սակայն մենք այսօր կանգնած ենք չափազանց լուրջ վտանգի առաջ. հնարավոր է` բակտերիալ ամենահասարակ վարակից մարդը այլևս չկարողանա պաշտպանվել և մահանա»։
Նոյեմբերի 20-ը Մանկաբույժների միջազգային օրն է
21 նոյեմբեր
Մանկաբույժների միջազգային օրը թեև պաշտոնապես հաստատված տոն չէ, բայց տարածված է ողջ աշխարհով: Այն կապվում է Երեխաների համաշխարհային օրվա հետ, որն ամենամյա տոն է և նշվում է նոյեմբերի 20-ին. 66 տարի առաջ հենց այս օրը Միացյալ ազգերի կազմակերպությունն ընդունել է «Երեխաների իրավունքների պաշտպանության» հռչակագիրը։ Մանկաբուժությունը «Արաբկիր» բժշկական համալիրի հենասյուներից մեկն է: Հարգելի՜ մանկաբույժներ, ի սրտե շնորհավորում ենք մասնագիտական տոնի առթիվ: Ձեր անմնացորդ նվիրումն ու ջերմությունը անգնահատելի են երեխաների առողջության պահպանման և ոլորտի կատարելագործման գործում: Շնորհակալ ենք ձեր կարևոր ու անփոխարինելի աշխատանքի համար։
Մանկաբուժության ոլորտում ներդրվում են արդի գործիքներ
19 նոյեմբեր
SWYC ստուգաթերթերը լրացնելով՝ մանկաբույժները կարող են նախապես հայտնաբերել խնդիրները և արդյունավետ վերահսկել երեխայի առողջ զարգացումը։ Ծրագիրը փորձնական տարբերակով ներդրվել է ՀՀ երեք մանկական առաջնային օղակի հաստատություններում, որտեղ այս գործիքի միջոցով ստուգվել են հարյուրավոր երեխաներ։ Գնահատման այս նոր մեթոդը արժանացել է թե’ բժիշկների, թե’ ծնողների հավանությանը։