Գլխավոր
Նորություններ
Ծրագիր` ուղղված Արցախից եկած երեխաների առողջությանը

Ծրագիր` ուղղված Արցախից եկած երեխաների առողջությանը

 «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների առողջական կարիքների գնահատման և հետագա բուժման ուղղորդման ծրագիր։ Նպատակն է երեխաների շրջանում քրոնիկական հիվանդությունների և զարգացման խնդիրների վաղ հայտնաբերումն ու հետագա բուժման կազմակերպումը:

  •  Ծրագրի շրջանակներում բազմապրոֆիլային բժիշկներից կազմված մոբիլ խմբերն այցելում են, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Արագածոտնի թիրախային մարզեր։ Թիմերում ընդգրկված են մասնագետներ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից, «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցից, Սուրբ Աստվածամայր Բժշկական կենտրոնից և «Արաբկիր» բժշկական համալիրի- երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից։ Մասնագետների թվում են մանկական նյարդաբաններ, օրթոպեդ-վնասվածքաբաններ, վիրաբույժներ, ուրոլոգներ, զարգացման մանկաբույժներ, վերականգնողաբաններ, ալերգոլոգ-թոքաբաններ, էնդոկրինոլոգներ:
  •  Երեխաներին մատուցվող խորհրդատվություններին զուգընթաց Երևանից ժամանած մասնագետները նաև գործնական կրթական դասընթացներ են անցկացնում թիրախային մարզերի առողջապահության առաջնային օղակի բժիշկների և բուժքույրերի համար:
  •  Շարժական թիմում են նաև Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի բժիշկներ, ովքեր այժմ աշխատում են վերոնշյալ բուժհաստատություններում։ Այս համագործակցությունը երաշխավորում է, որ երեխաները կստանան համապարփակ մասնագիտացված բժշկական օգնություն՝ հարմարեցված նրանց կարիքներին:
  •  Մինչ այժմ հետազոտվել է 1437 երեխա և բացահայտվել 1269 դեպք:
Վերջին նորություններ
«Արաբկիր» բժշկական համալիրը անցել է միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության սերտիֆիկացում
12 մարտ
Որակի կառավարման համակարգի և Աշխատանքի անվտանգության և առողջության պաշպանության կառավարման համակարգի պահանջների ներդրման և ապահովման համար «Արաբկիր» բժշկական համալիրը անցել է ISO 9001:2015 և ISO 45001:2018 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության սերտիֆիկացում։ «Արաբկիր» ԲՀ տնօրեն Արման Բաբլոյանը, կարևորելով այս ձեռքբերումը, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում հետևողական աշխատանքի և արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ հասնել այս հաջողությանը։ «Սա մեծ պատասխանատվություն է, որը, վստահեցնում ենք, արժանիորեն շարունակելու ենք»,– նշեց Ա. Բաբլոյանը։ Որակի կառավարման փորձագետ Գագիկ Մակարյանի խոսքով որպես բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություն՝ «Արաբկիր» բժշկական համալիրը առանձնանում է բարձր որակով ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: «Արաբկիր» ԲՀ-ն՝ որպես որակի կառավարման բարձր չափորոշիչներին համապատասխանող սերտիֆիկացված կազմակերպություն, գրանցվել է միջազգային ռեգիստրում։ Բժշկական համալիրի Որակի կառավարման և ապահովման բաժնի ղեկավար Հերմինե Ներսիսյանը նշում է. «Որակի կառավարման համակարգը դինամիկ է, ուստի դա մեզ պարտավորեցնում է ամենօրյա պատշաճ աշխատանքով ավելացնել եղած ձեռքբերումները՝ որակի կառավարման համակարգը էլ ավելի կատարելագործելու համար»։ Այս կարևոր ձեռքբերումը խոսուն վկայությունն է նրա, որ «Արաբկիր» բժշկական համալիրը աչքի է ընկնում իր բարձր որակով, պատասխանատու աշխատանքով և բժշկական ծառայությունների ոլորտում ունեցած առաջատար դիրքով։
Լաբորատոր որոշ հետազոտությունները կիրականացվեն մինչև 40% զեղչված արժեքով
08 մարտ
Կանանց տոների առթիվ մարտի 8-ից ապրիլի 7-ը «Արաբկիր» բժշկական համալիրում վիտամին D-ի և հորմոնների լաբորատոր հետազոտությունները կիրականացվեն մինչև 40% զեղչված արժեքով: Ժամանակին իրականացված լաբորատոր հետազոտությունները կարևոր դեր ունեն հիվանդությունների վաղ հայտնաբերման և հնարավոր բարդությունների կանխարգելման գործում։
Շնչառական բժշկության ապագան
05 մարտ
 «Թոքաբանների ասոցիացիան», «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան», և «Ցիստիկ ֆիբրոզի հայկական ընտանեկան համայնքը» «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» աջակցությամբ կազմակերպել են «Շնչառական բժշկության ապագան» թեմայով ֆորում: Ֆորումի ընթացքում կհայտարարվի Միջազգային շնչառական կոալիցիայի հայաստանյան ներկայացուցչության պաշտոնական ձևավորման մասին։ Այն նպատակ ունի աջակցել շնչառական առողջության ազգային ռազմավարության մշակմանը, խթանել գիտական ապացույցների վրա հիմնված քաղաքականությունը, բարելավել մանկական և մեծահասակների ծառայությունների համագործակցությունը և բարձրացնել հանրային իրազեկությունը։  Ֆորումը կանդրադառնա շնչառական հիվանդությունների կանխարգելմանը, վաղ ախտորոշմանը և արդյունավետ բուժօգնությանը։Քննարկման հիմնական թեմաներն են՝ •երեխաների շնչառական առողջությունը և կանխարգելումը, •երիտասարդների շրջանում ծխելու և էլեկտրոնային ծխախոտի աճող վտանգը, •շրջակա միջավայրի ազդեցությունը թոքերի առողջության վրա, •շնչառական բժշկության ձեռքբերումներն ու •ոլորտային համագործակցության հնարավորությունները։ 📆 Ամսաթիվ` 10.03.2026 ⏰ Ժամ` 14:00 📍 Վայր` «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, «Արարատ» սրահ (Երևան Ամիրյան փող., 1 շենք)
Մարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի միջազգային օրն է
04 մարտ
Ճարպակալումը մեր օրերի առողջական տարածված մարտահրավերներից մեկն է։ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում գործում է «Դպրոցահասակ երեխաների և դեռահասների քաշի վերահսկման ծառայությունը»: Մասնագիտական մեծ թիմը բազմակողմանի վերլուծում է ավելորդ քաշի առաջացման պատճառները, տրամադրում համապարփակ խորհրդատվություն և սահմանում դիսպանսեր հսկողություն: 
Կայացավ նյարդաբանության ձմեռային ամենամյա դպրոցի մասնակիցների հերթական հանդիպումը
03 մարտ
Կայացավ նյարդաբանության ձմեռային ամենամյա դպրոցի մասնակիցների հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին մանկաբուժության ոլորտի կարևոր և արդիական թեմաներ։ 15-ամյա պատմություն ունեցող ծրագիրը տարեցտարի ընդլայնվում է՝ իր շուրջը համախմբելով ոլորտով հետաքրքրվող տասնյակ մասնագետների և ձևավորելով մասնագիտական համագործակցության ամուր հարթակ։ Թեև ծրագիրն ի սկզբանե նախատեսված էր մանկաբուժության երրորդ կուրսի օրդինատորների համար, այսօր արդեն ձմեռային դպրոցին մասնակցում են նաև երկարամյա փորձ ունեցող մանկաբույժներ՝ նպաստելով փորձի և գիտելիքների փոխանակմանը։ Դպրոցի հիմնական նպատակը մանկաբուժության մեջ նյարդաբանական խնդիրների խորացված ուսումնասիրությունն է, ինչպես նաև գիտելիքների փոխանցումը երիտասարդ բժիշկներին։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲՀ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Օդանավով մեկ թռիչքից մենք կարող ենք ճառագայթման ավելի մեծ չափաբաժին ստանալ, քան մեկ հետազոտությունից
20 փետրվար
Հայաստանում ախտորոշիչ ծառայությունների զարգացման պատճառով է նաև, որ երբեմն թվում է, թե տարբեր հիվանդությունների թվի սրընթաց աճ կա, մինչդեռ դրանք ավելի հաճախ ու ավելի վաղ փուլերում է հնարավոր դարձել ախտորոշելը։Այն, որ ռենտգենը կամ ճառագայթային ախտորոշման որևէ այլ մեթոդ կարող է արագացնել հիվանդության զարգացումը, միֆ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Արաբկիր» բժշկական կենտրոնի ճառագայթային ախտորոշման ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ճիշտ դոզավորման դեպքում նման բան անհնար է։ «Ռենտգեն ճառագայթներն այնպիսի ճառագայթներ են, որոնք նորմալ մարդու օրգանիզմը առօրյայում էլ ստանում է տարբեր տեղերից։ Օրինակ, օդանավով մեկ թռիչքից մենք կարող ենք ճառագայթման ավելի մեծ չափաբաժին ստանալ, քան 1 հետազոտությունից։ Այնպես որ, միֆ է, թե ռենտգեն ճառագայթի ադեկվատ դոզան կարող է նպաստել կամ արագացնել հիվանդության զարգացումը»,- նշեց նա։