Գլխավոր
Նորություններ
«Արաբկիր»-Բելառուս. լյարդի փոխպատվաստում

«Արաբկիր»-Բելառուս. լյարդի փոխպատվաստում

Կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էին մեր գործընկերները` Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնից` պրոֆեսոր Օլեգ Ռումմոյի ղեկավարությամբ: Արդեն 4-րդ տարին շարունակվող համագործակցության հիմնական թեման երեխաների լյարդի փոխպատվաստումն է: Ձևավորված ավանդույթով նոր վիրահատությունների մանրամասները քննարկելուց բացի թիմն անպայման հանդիպում է նաև արդեն վիրահատված պացիենտների և նրանց ծնողների հետ, գնահատում երեխաների վիճակը:
 

Բելառուս բժիշկների այցի ընթացքում այս անգամ վիրահատվել է նաև 14-ամյա Ռաֆայել Խաչինյանը: Վիրահատությունն ընթացել է բարեհաջող, Ռաֆայելն այժմ հետվիրահատական ապաքինման փուլում է: Ընտանիքը Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից է: 14-ամյա տղայի մոտ ախտորոշվել էր լյարդի ֆիբրոզ, ցիռոզ և ցուցվել էր փոխպատվաստում: Վիրահատության համար անհրաժեշտ է եղել 19 մլն դրամ, որից 5 մլնը հատկացրել է կառավարությունը, իսկ 14-ը հավաքվել է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» կազմակերպած դրամահավաքի շնորհիվ:
 

Շնորհակալ ենք, մեր պացիենտներին, նրանց թվում և Ռաֆայելին, ճանաչող ու չճանաչող բարեսիրտ մարդիկ: Ձեր նվիրատվությունների միջոցով մեր փոքրիկներին, նրանց ընտանիքներին ու բժիշկներին հաջողվում է անցնել բավական բարդ ճանապարհ: Ձեր աջակցությունն, իսկապես, անգնահատելի է:

Վերջին նորություններ
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է այսօր
03 դեկտեմբեր
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992 թվականին դեկտեմբերի 3-ը հռչակեց որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Նպատակը հանրային իրազեկվածության բարձրացումն էր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությունը։ Ստեղծենք մի հասարակություն, որտեղ հաշմանդամություն ունեցող անձը կկարողանա հեշտորեն լուծել բոլոր խնդիրները և հասարակության լիարժեք անդամ կզգա իրեն։
Նյարդաբանների միջազգային օրն է այսօր
01 դեկտեմբեր
Հարգելի’ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի առթիվ` ցանկանալով նորանոր հաջողություններ և մասնագիտական վերելքներ։ Եղե՜ք առողջ և ժպիտներ պարգևե՜ք մարդկանց։ Նյարդաբանությունը` որպես առանձին մասնագիտություն բժշկության մեջ ձևավորվել է 1960-ականներին և անցել զարգացման բարդ և պատասխանատու ճանապարհ։Ի դեպ, «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայությունում 2023 թվականից իրականացվում է ստերեո֊ԷԷԳ-ն (stereo-EEG), որը կիրառվում է էպիլեպսիայի օջախը հայտնաբերելու նպատակով։ Բժշկական համալիրում կատարվում են նաև երկարատև և կարճատև վիդեո-ԷԷԳ հետազոտություններ:
Առաջին օգնության դասընթաց «Արաբկիր» բժշկական համալիրում
26 նոյեմբեր
«Safe Heart Yerevan» ծրագրի շրջանակում «Արաբկիր» բժշկական համալիրում անցկացվել է առաջին օգնության դասընթաց: Ծրագրի նպատակն է նախքան շտապօգնության ժամանումը Երևանում սրտի կանգ ունեցող տուժածին ցուցաբերել առաջին օգնություն։Դասընթացի մասնակիցները դառնում են ծրագրի կամավոր։ Դա ենթադրում է, որ Երևանի փոքր կենտրոնում պատահարի դեպքում կամավորը հատուկ հավելվածով ստանում է ծանուցում՝ դեպքի վայրի վերաբերյալ և հնարավորության դեպքում հասնում օգնության՝ ունենալով նաև հասանելիություն նախապես տեղադրված մոտակա դեֆիբրիլյատորին։
Հակաբիոտիկներով ինքնաբուժության թաքնված ռիսկերը
22 նոյեմբեր
Համաշխարհային առողջապահական կարևորագույն մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ հակամանրէային դեղերի պատեհ-անպատեհ կիրառումը։ «Արաբկիր» ԲՀ շնչառական բժշկության և ալերգոլոգիա-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը նշում է. «Ճիշտ է, մարդկությունն ունի հակամանրէային դեղեր, սակայն մենք այսօր կանգնած ենք չափազանց լուրջ վտանգի առաջ. հնարավոր է` բակտերիալ ամենահասարակ վարակից մարդը այլևս չկարողանա պաշտպանվել և մահանա»։
Նոյեմբերի 20-ը Մանկաբույժների միջազգային օրն է
21 նոյեմբեր
Մանկաբույժների միջազգային օրը թեև պաշտոնապես հաստատված տոն չէ, բայց տարածված է ողջ աշխարհով: Այն կապվում է Երեխաների համաշխարհային օրվա հետ, որն ամենամյա տոն է և նշվում է նոյեմբերի 20-ին. 66 տարի առաջ հենց այս օրը Միացյալ ազգերի կազմակերպությունն ընդունել է «Երեխաների իրավունքների պաշտպանության» հռչակագիրը։ Մանկաբուժությունը «Արաբկիր» բժշկական համալիրի հենասյուներից մեկն է: Հարգելի՜ մանկաբույժներ, ի սրտե շնորհավորում ենք մասնագիտական տոնի առթիվ: Ձեր անմնացորդ նվիրումն ու ջերմությունը անգնահատելի են երեխաների առողջության պահպանման և ոլորտի կատարելագործման գործում: Շնորհակալ ենք ձեր կարևոր ու անփոխարինելի աշխատանքի համար։
Մանկաբուժության ոլորտում ներդրվում են արդի գործիքներ
19 նոյեմբեր
SWYC ստուգաթերթերը լրացնելով՝ մանկաբույժները կարող են նախապես հայտնաբերել խնդիրները և արդյունավետ վերահսկել երեխայի առողջ զարգացումը։ Ծրագիրը փորձնական տարբերակով ներդրվել է ՀՀ երեք մանկական առաջնային օղակի հաստատություններում, որտեղ այս գործիքի միջոցով ստուգվել են հարյուրավոր երեխաներ։ Գնահատման այս նոր մեթոդը արժանացել է թե’ բժիշկների, թե’ ծնողների հավանությանը։