«ԱրԲեՍ» առողջության կենտրոն

«ԱրԲեՍ» առողջության կենտրոնը հիմնադրվել է 1999թ-ին և գործում է նախկին «Արաբկիր» մանկական հիվանդանոցի վերակառուցված մասնաշենքում: Մասնաշենքի վերակառուցումն ու վերանորոգումն իրականացվել է «Արաբկիր» Բժշկական համալիրի և իր գործընկերների` շվեյցարական SEMRA հիմնադրամի, «Անմիջական օգնություն Հայաստանին» (VAD) ասոցիացիայի, Շաֆհաուզենի Radio Munot-ի, բելգիական NAF-Belgique ասոցիացիայի և SOS-Armenie կազմակերպության միասնական ջանքերով:
2005թ. ապրիլին  «ԱրԲեՍ» ԱԿ-ում բացվել է Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնը` հատուկ կարիքներով երեխաների զբաղվածությունը կազմակերպելու նպատակով, ինչը խթան է հանդիսանում նրանց ներառմանը հասարակություն: Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնը կառուցել է շվեյցարացի շինարար Լեո Գմյուրը` շվեյցարական «Անմիջական օգնություն Հայաստանին» (VAD) ասոցիացիայի, «Արմենիանոս» հիմնադրամի (Լիխտենշտեյն), KASA բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Երեխաների զարգացման խանգարումների և դրանցից բխող հատուկ կարիքների վաղ հայտնաբերումը, գնահատումը և վաղ միջամտությունը, հոգեբանական և սոցիալական վերականգնումը, ինչպես նաև նրանց ծնողների, մանկավարժների, ընկերների իրազեկումն ու կրթությունը լավագույն նախապայմաններն են երեխաների վերականգնման, նրանց հետագա բարեկեցության և սոցիալական ներառման ապահովման գործընթացում: Առաջնորդվելով վերոնշյալով` մենք մեր ջանքերն ուղղում ենք հատուկ կարիքներ ունեցող երեխայի ամբողջ ներուժի բացահայտմանն ու զարգացմանը:

 

Մասնագիտական ոլորտներ
«ԱրԲեՍ» ԱԿ-ն  վերականգնողական ծառայություններ է մատուցում զարգացման հապաղումներով, նյարդաբանական և նյարդամկանային խանգարումներով և հետվնասվածքային խնդիրներով երեխաներին և դեռահասներին:

  • Նորածինների շարժողական ոլորտի հապաղումներ կամ զարգացման գլոբալ հապաղումներ, ՄՈՒՊ-ի կասկած
  • Փոքր տարիքի երեխաների շարժողական, խոսքի, սոցիալական ոլորտների զարգացման հապաղումներ` ներառյալ աուտիստիկ սպեկտրի խանգարումները, ՄՈՒՊ-ը, վարքային, քնի, կերակրման խանգարումները
  • Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների սովորելու դժվարություններ, զարգացման և վարքային, մտավոր խնդիրներ, ուշադրության կենտրոնացման, քնի, աուտիստիկ սպեկտրի խանգարումներ, ՄՈՒՊ, տագնապային վիճակներ
  • Մտավոր զարգացման և ադապտիվ ֆունկցիաների գնահատում. Ցյուրիխյան խաղային վարքագիծ, Bayley III Screening Test, SON R Nonverbal Intelligence Test, Kaufman Assesment Battery for Children (KABC), Wechsler Intelligence Scale for Children, Adaptive Behaviour (ABAS II), Vineland II adaptive behavior scales
  • Աուտիստիկ սպեկտրի խանգարումների գնահատում. Autism Diagnostic Observation Schedule (ADOS) II
  • էպիլեպսիա ունեցողների հիշողության և գործադիր ֆունկցիաների գնահատում վիրահատությունից առաջ և հետո. Montreal Cognitive Test (MoCa), Beck Depression Inventory, Children`s Memory Scale (CMS), Grober &Buschke Verbal Memory Test, Boston Memory Test, Rey-Osterrieth complex figure test  

Ամբուլատոր ծառայություններ

«ԱրԲեՍ» ԱԿ-ում իրականացվում են ամբուլատոր մի շարք ծառայություններ. վերականգնողական, զարգացման մանկաբուժության, հոգեբանական, ինչպես նաև կրթական գործունեություն` հատուկ կարիքներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար: Հոգեկան առողջության, ֆիզիկական, հոգեբանական, կրթական և վարքային խնդիրներ ունեցող երեխաների բուժման և խնամքի տրամադրումը երկարատև գործընթաց է, որը պահանջում է թիմային աշխատանք: Վերականգնողական ծառայությունների բարձր որակը բազմամասնագիտական թիմի մասնագետների համագործակցության արդյունքն է։ Թիմի անդամներն են.

  • բժիշկ-վերականգնողաբանը,
  • զարգացման մանկաբույժը,
  • մանկական հոգեբույժը,
  • ֆիզիկական թերապիստը /կինեզիստը/,
  • էրգոթերապիստը,
  • հոգեբանը,
  • խոսքի թերապիստը /լոգոպեդը/
  • հատուկ կրթության մանկավարժը:

Հայաստանի և արտասահմանյան առաջատար կենտրոններում վերապատրաստված մասնագետները իրենց աշխատանքում հմտորեն օգտագործում են վերականգնողական մոտեցումների նորարարական մեթոդները: Թիմի հոգատար մոտեցումը երեխաների և նրանց ծնողների նկատմամբ, ընկերական մթնոլորտը, ինչպես նաև մեթոդական հատուկ պարագաներով հագեցած խորհրդատվության և թերապիայի սենյակները ծառայություններն և խնամքը դարձնում են առավել արդյունավետ: 


Համագործակցություն

«ԱրԲեՍ» ԱԿ-ն համագործակցում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի /հատուկ կրթության ֆակուլտետ/ հետ` հանդիսանալով գործնական դասընթացների բազա ուսանողների համար:

«ԱրԲեՍ» ԱԿ-ն միջազգային ընկերությունների հետ համագործակցությամբ կազմակերպում է բազմամասնագիտական թիմերի կրթությանն ուղղված բազմաթիվ գիտաժողովներ և դասընթացներ, որոնք վարում են արտասահմանցի և տեղացի ճանաչված մասնագետներ: «ԱրԲեՍ»-ի մասնագետների անմիջական աջակցությամբ են վերապատրաստվել Հայաստանում գործող մանկական վերականգնողական ծառայությունների գրեթե բոլոր մասնագետները: 

«ԱրԲեՍ» ԱԿ-ի հիմնական գործընկերը  Ցյուրիխի Համալսարանական հիվանդանոցն է /Զարգացման մանկաբուժության ծառայություն/։

Մարզային մասնաճյուղեր

«ԱրԲեՍ» ԱԿ-ի ջանքերով Հայաստանի մի քանի մարզերում /Գեղարքունիք, Տավուշ, Արարատ, Արագածոտն/ բացվել են երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոններ: Նպատակը` մատուցվող վերականգնողական ծառայություններն առավել մատչելի ու հասանելի դարձնել մարզերում ապրող երեխաներին ու ընտանիքներին: Մարզային կենտրոնները գործում են հետևյալ քաղաքներում.

  • Գավառ 
  • Իջևան 
  • Արտաշատ 
  • Ապարան 
     

Աշխատակազմ

Մանուշակ Երիցյան, տնօրեն
Գայանե Զաքարյան, վերականգնողական ծառայության ղեկավար
Իրինա Թովմասյան, մանկաբուժական ծառայության ղեկավար
Կարինե Լյուլեջյան, մանկական հոգեբուժության ծառայության ղեկավար

Կիսվել Facebook-ում