Փրկվել է թունաքիմիկատ խմած երեխայի կյանքը
Վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի ծառայության մեր պրոֆեսիոնալների թիմը բառի բուն իմաստով փրկել է եւս մեկ երեխայի` 2,5-ամյա Արփիի կյանքը, որն իրենց տան այգում խմել էր հյութի շշի մեջ լցված թունաքիմիկատից:
Սիրելի ծնողներ, ուշադիր եղեք, հեռու պահեք քիմիական նյութերը` դեղեր, թունաքիմիկատներ եւ այլն, երեխաներին հասանելի տարածքներից: Դրանց անզգուշաբար, չգիտակցված ներթափանցումն օրգանիզմ կարող է ամենաանցանկալի հետեւանք ունենալ:
Շնորհակալություն, սիրելի բժիշկներ:
Շնորհակալություն, Հանրային հեռուստաընկերություն:
Ձիգ պոչիկներով հանգիստ քնածը` «Արաբկիրի» վերակենդանացման բաժանմունքում, 2,5 տարեկան Արփին է: Հենց այս փոքրիկն է, որ օրեր առաջ տանը հյութի շիշը լցված խիստ վտանգավոր ու բավական ուժեղ գյուղատնտեսական թունաքիմիկատ էր խմել:
Աշոտ Գյուլբուդաղյան---«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար---Ծառերը սրսկելու դեղորայք է եղել, որն իրենից ներկայացնում է ֆոսֆոր-օրգանական միցություն, որը բավական թունավոր է: Որպեսզի պատկերացնեք` ինչքան թունավոր, կարող եմ ասել, որ դրա մի գրամը 20 լիտր ջրի համար է, որպեսզի լուծեն եւ օգտագործեն:
Բժիշկ Գյուլբուդաղյանը շտապում է ստուգել երեխայի առողջական վիճակը, քանի դեռ աղջնակը չի զարթնել, որ կամակորություն անի: Փոքրիկին նախապատրաստում են դուրսգրման, ավելի ճիշտ` բուժման հետագա ընթացքը թունաբանության մանկական կենտրոնում շարունակելու: Հիվանդին Չարենցավանից այն աստիճան վատ, ծայրահեղ ծանր վիճակում էին իրենց մոտ հասցրել, որ անմիջապես միացրել էին արհեստական շնչառության ապարատին: Դեպքի մասին շատերն իմացան սոցցանցային գրառումից` փոքրիկի կյանքը մեզնից է կախված, պետք է արագ գտնել չճարվող դեղը: Մարդիկ նույնիսկ Մոսկվային օգնություն առաջարկեցին: Տեղում, սակայն, հնարավոր եղավ գտնել անհրաժեշտ պրեպարատը:
Աշոտ Գյուլբուդաղյան---«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար---Ֆոսֆոր-օրգանական միացությունը երկու հակաթույն ունի` անտիդոտ, մեկը կար մեզ մոտ, մենք սկսեցինք անմիջապես, երկրորդը մեզ մոտ չկար, մենք կապվեցինք մանկական թունաբանության բաժանմունքի հետ` վերակենդանացման` Մուրացանի, բայց իրենք էլ չունեին, բայց իրենք էլ կապվեցին արդեն մեծահասակների թունաբանության Չերյոմուշկայի բաժանմունքի հետ, եւ էդ երկրորդ հակաթույնը էնտեղ կար եւ ծնողները բերեցին եւ մենք երկու հակաթույնն էլ արեցինք:
Ամենավատն արդեն անցել է. սիրտ-անթային ու շնչառական համակարգերում թունաքիմիկատի առաջ բերած բարդությունները հաղթահարված են: Հինգշաբթիից Արփին արդեն ինքնուրույն է շնչում: Ինտենսիվ բուժման շնորհիվ կարողացել են խուսափել նաեւ լյարդի եւ երիկամի ախտահարումից: Բայց դեռ կան նյարդաբանական որոշակի հետեւանքներ` ջղաձգություն, ձեռքի դող:
Աշոտ Գյուլբուդաղյան---«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար---Էսօրվա դրությամբ երեխան բավական լավ է, բավական դրական դինամիկայով, գիտակցությունը պարզ է, սնվելը նորմալ է, շրջապատի նկատմամբ ռեակցիան նորմալ է, ունի որոշակի նեւրոլոգիական խանգարումներ, որոնք թունավորման ժամանակ լինում են, բայց դրանք անցողիկ են:
Կարեւորը` օրգանիզմը մարքվում է թույնից: Փոքրիկ պացիենտների ցուցանիշները` ջերմությունից սնունդ, մատյանում գրանցում են նրանց աղջացմանը շուրջօրյա հետեւող բուժքույրերը:
Հատված բուժքույրերի խոսակցությունից----Կայուն վիճակ է: Ինչպես տեսնում եմ` քնած է դեռ: Այո: Կերակրվելու է ժամը 11:30` 150 մլ:
Որքան թույն է Արփին խմել` անհայտ է: Մասնագետն ասում է` մի կում` 5 միլիգրամ էլ որ կուլ տված լիներ` իր քաշի համար մահացու դոզա է: Այս դեպքում կարողացան փրկել, որովհետեւ երեխան սոված չի եղել, նյութն արագ չի ներծծվել արյան մեջ: Բացի այց, մայրիկը` ճիշտ կողմնորոշվելով, փսխում էր առաջացրել, թույնի մի մասը թափվել էր:
«Շնորհակալ եմ բոլորից». խնդրեց փոխանցել նկարահանվել չցանկացող հայրիկը: Նրան ու բոլոր ծնողներին մանկաբույժները զգոնության կոչ են անում դեղորայքն ու կենցաղային քիմիայի տարատեսակ նյութերը հեռու պահել երեխաներից: 2-5 տարեկանները թունավորման ամենառիսկային խումբն են. ինչ ձեռքն ընկավ առանց հասկանալու բերանն են տանում: