«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ բոքսային բաժանմունքը հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքներից մեկն է, որտեղ տարեկան հետազոտվում և բուժօգնություն է ստանում մոտ 1500-2000 երեխա։ Բաժանմունքն աշխատում է 24/7 ռեժիմով, զբաղվում է 1-18 տարեկան երեխաների՝ ինչպես հաճախ հանդիպող մանկաբուժական խնդիրների հետազոտմամբ և բուժմամբ, այնպես էլ առավել հազվադեպ հանդիպող հիվանդությունների վարմամբ, մասնավորապես՝
· սուր տոնզիլիտներ
· միջին ականջի բորբոքումներ
· տենդ առանց օջախի և անհայտ ծագման տենդեր
· սուր գաստրոէնտերիտներ
· սուր գաստրիտներ
· Կավասակիի հիվանդություն
· վիտամին Դ-ի անբավարարություն
· հարակնային ցելյուլիտ
· տենդով ուղեկցվող ցաներ
· Մարշալի համախտանիշ և պարբերական այլ տենդեր:
Բաժանմունքն ունի արտաքին մուտք ունեցող 10 հիվանդասենյակ, ինչը հնարավորություն է տալիս մեկուսացնելու վարակիչ հիվանդությունների կասկածով երեխաներին, ինչպես նաև իրականացնելու վարակիչ հիվանդությունների կոնտակտավոր և միաժամանակ մանկաբուժական այլ պաթոլոգիաներ ունեցող երեխաների բուժօգնությունը։ Բաժանմունքի աշխատանքն իրականացվում է ամենօրյա համայցների միջոցով: Ծանր հիվանդների բուժման գործընթացում, ըստ անհրաժեշտության, ընդգրկվում են նեղ մասնագետներ, ամենօրյա աշխատանքներին գործուն մասնակցություն են ունենում նաև մանկաբուժության կլինիկական օրդինատորները։
Բաժանմունքը տարիներ շարունակ սերտ համագործակցում է Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի գործընկերների հետ, որի շրջանակներում պարբերաբար իրականացվում են բժիշկների վերապատրաստումներ Ցյուրիխում, ինչպես նաև մասնագետների այց «Արաբկիր» ԲՀ, համատեղ քննարկումներ և համայցներ, առցանց գիտաժողովներ և ծանր դեպքերի քննարկումներ։ Բաժանմունքի բժիշկները մասնակցել են միջազգային մի շարք գիտաժողովների և վերապատրաստումների արտասահմանյան մանկաբուժական խոշոր կլինիկաներում, ինչը թույլ է տալիս ներդնել միջազգային փորձը ՀՀ-ում և քայլել ժամանակին համընթաց։
Բաժանմունքի աշխատանքների հիմքում ընկած սկզբունքն է՝ որակյալ և հասանելի բուժօգնություն բոլոր մանուկներին։