Մինչև մեկ տարեկան երեխաների սնուցումը. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
12 հունիս 2021

Երեխաների սնունդը մինչև մեկ տարեկանը բնականաբար բավականին տարբեր է մեծահասակի սննդից և գտնվում է ուշադրության կենտրոնում: Առողջ զարգացման համար հավասարակշռված սնունդ է պետք, որը կպարունակի բավարար չափով ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, միկրոտարրեր: Շատ կարևոր են սպիտակուցները, որոնք կյանքի հիմքն են, մարդու ուղեղի զարգացման ամենակարևոր պայմանը: Դպրոցահասակ երեխայի և մեծահասակի սննդի մեջ տարբերությունը մեծ չէ: Բայց պետք է հաշվի առնել, որ երեխան աճման շրջանում է և նրա սնունդն ավելի հավասարակշռված պետք է լինի՝ հատկապես սպիտակուցներով հարուստ:

 

Որո՞նք են կրծքով կերակրման առավելությունները:

 

  • Կրծքի կաթում կան համապատասխան քանակով և որակով սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են տվյալ տարիքում և հենց տվյալ կազմով: Իսկ կովի կաթը կամ այլ կաթի տեսակներ ունեն իրենց յուրահատկությունները և լիովին չեն համապատասխանում երեխայի սպիտակուցային կառուցվածքի պահանջին, ուստի և համապատասխանաբար՝ նրա ճիշտ աճին:
  • Կրծքի կաթի ածխաջրերը և ճարպերը ավելի լավ են յուրացվում և ստեղծում համապատասխան պայմաններ երեխայի օրգանիզմի կառուցման համար:
  • Շատ կարևոր առավելություն է իմուն գործոնների առկայությունը մայրական կաթի մեջ, որոնք պաշտպանում են երեխային մինչև  նրա սեփական իմունիտետի ձևավորումը:
  • Վիտամինները և միկրոտարրերը նույնպես անհրաժեշտ չափով են առկա կրծքի կաթում, բացի վիտամին D-ից:
  • Կրծքով կերակրելու առավելություններից է նաև կերակրի պատրաստման անհրաժեշտության բացակայությունը:
  • Կրծքով կերակրման կարևորագույն գործոններից է երեխայի և մոր կապի ստեղծումը, որը նպաստում է երեխայի հոգեբանական ճիշտ զարգացմանը:

Այսպիսով, կյանքի առաջին տարում  կամ գոնե 6 ամսվա ընթացքում պարտադիր է կրծքով կերակրումը:

 

Ինչպիսի՞ն է մինչև 1 տարեկան երեխաների արհեստական սննդի որակը:

 

Մինչև 1 տարեկան երեխայի ճիշտ սնուցումը կրծքով կերակրումն է: Եթե կրծքի կաթն անբավարար է, երեխան սնվում է ադապտացված կաթնային խառնուրդներով, որոնք կրծքի կաթին առավելագույնս մոտեցված խառնուրդներն են:

 

Ե՞րբ և ինչպե՞ս է ներմուծվում հավելյալ սնունդը:

 

Երեխայի նորմալ զարգացումը պահանջում է, որ երեխայի մոտ խնդիրների բացակայության դեպքում 6 ամսականից  ավելացվի հավելյալ սնունդ: Իսկ աճի հետ կապված խնդիրների դեպքում հավելյալ սնունդն ավելի վաղ է տրվում՝ 4-6 ամսեկանում:

Ածխաջրատային հավելյալ սնունդը տարբեր բանջարեղենային խյուսերն են, շիլաները: Ապա կարևոր են նաև միսը, ձուն և այլն, որոնք իրենց դերակատարումն ունեն երեխայի ճիշտ զարգացման համար:

 

Կա՞ն բնածին վիճակներ, որոնց ժամանակ երեխան չի կարողանում ընդունել սննդի որոշ տեսակներ:

 

Այո, հազվադեպ հանդիպում են նյութափոխանակային դեֆեկտներ, որոնցից է գլուտենային էնտերոպաթիան՝ ցելիակիա կոչված հիվանդությունը, երբ երեխան չի կարող ուտել ցորենի որոշ տեսակներ, ինչը բերում է նրա վիճակի վատացման, ազդում աճի վրա, նաև որոշ դեպքերում կանխորոշում է մտավոր զարգացումը:
Մուկովիսցիդոզի ժամանակ հնարավոր է նաև պանկրեատիկ անբավարարություն, ինչը բերում է ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների անբավարարության, նյութերի յուրացման խանգարման: Այս դեպքում բուժումն  իրականացվում է ֆերմենտներով:

 

Ինչպիսի՞ն պետք է լինի հիվանդ երեխայի սնուցումը:

 

Հիվանդ երեխան պետք է ուտի, չուտելը բերում է օրգանիզմի  թուլացման և դիմադրողականության անկման: Իհարկե հիվանդ ժամանակ սնունդն ավելի դյուրամարս պետք է լինի, բայց որոշակի սննդային արժեք հիվանդ երեխան պետք է յուրացնի:

Նախկինում փորլուծության ժամանակ երեխային խորհուրդ չէին տալիս սնվել, բայց պարզվում է, որ աղիների ախտահարված բջիջները, որոնք պայմանավորում են նյութերի ներծծումը, առանց սննդի ավելի դժվար են վերականգնվում:

 

Կարելի՞ է  երեխային կերակրել հարկադրաբար:

 

Եթե երեխայի ֆիզիկական աճը նորմալ է և մեծ խախտում չկա, պետք է ծնողներին հանգստացնել, որ երեխային շատ չկերակրեն: Իսկ եթե իրոք երեխան չի ուտում, պետք է նախ հասկանալ պատճառը: Երբեմն տեղափոխումը, տատիկի մոտ տանելը փոխում է վիճակը: Երեխային պետք է կերակրել ոչ թե հարկադրաբար, այլ համոզելով:

 

Որքանո՞վ և ինչպե՞ս են ծնողները տեղեկացված երեխայի սննդի հարցերում:

 

ՀՀ Առողջապահության նախարարությունը պարբերաբար կազմակերպում է դասընթացներ բժիշկների համար: Հնարավորինս լուսաբանվում  են այդ հարցերը: Բժիշկները բացատրում են, պարզաբանում մանկան սնուցման եղանակները, խնդիրները  ծնողներին, այդ թեմայով բուկլետներ են տալիս: Բացի դրանից տարբեր կազմակերպությունների կողմից ևս ծնողական դասընթացներ են կազմակերպվում:

 

Ի՞նչ է կարևոր իմանալ:

 

Խորհուրդ եմ տալիս հետևել սննդաբանության կարևոր մոտեցումներին՝ ծննդից սկսած: Կան ընդհանուր մոտեցումներ, հրահանգներ, որոնք պետք է ճշտորեն կատարել: Շատ կարևոր է առողջ սննդին հետևելը, սննդի մեջ բանջարեղեն, մրգեր ներառելը:

 

Սերգեյ Սարգսյան

Մանկաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրին կից՝ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, ՀՀ Առողջապահության նախարարության  մանկաբուժության գծով խորհրդատու

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Լյարդի փոխպատվաստում փոքրիկին Նարեկին
Լուսերես փոքրիկի` գորիսեցի Նարեկի մոտ 5 օրականում լեղուղիների ատրեզիա էր ախտորոշվել` ներլյարդային լեղուղիների բնածին բացակայություն: Երեխայի կյանքը կախված էր մեկ հնարավորությունից` լյարդի փոխպատվաստումից:   Փոքրիկն անմիջապես վերցվել է «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետների (գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգների) հսկողության տակ եւ, համաձայն նման դեպքերի հաստատված չափորոշչի, նա պետք է մեծանար-հասներ 7-8 կիլոգրամ քաշի, ինչը սովորաբար լինում է 6-7 ամսականում, եւ ինչից հետո կիրականացվեր լյարդի փոխպատվաստումը:   Ամեն ինչ ընթանում էր բարեհաջող, Նարեկը մայրական կաթով կարողացել էր հասնել անհրաժեշտ քաշին, նախանշվել էր վիրահատության օրը` նոյեմբերի 1, մեր բժիշկների թիմն ու գործընկերները պատրաստվում էին այդ օրվան եւ եղավ անցանկալին. սուր շնչառական վարակի հետեւանքով Նարեկի մոտ արագ զարգացան լյարդային անբավարարության երեւույթներ, որոնք խախտեցին ամբողջ ծրագրերը: Խնդիրն արդեն ժամերի մեջ գործն արագ կազմակերպելն էր, ինչը, որքան էլ անհավանական կարող է թվալ, հաջողվեց:   Բելառուս մեր գործընկերների մի մասը Երեւան եկավ Մինսկից, մի մասը` Մոսկվայից, մյուսը` Կորեայից: Փոխպատվաստման վիրահատությունն իրականացվեց հոկտեմբերի 29-ին: Նարեկին իր լյարդի մի մասը նվիրեց նվիրյալ հայրիկը:   Վիրահատությունն անցել է սահուն: Շնորհակալ ենք բոլոր մասնագետներին: Երեխան եւ բժիշկներն այս պահին դեռեւս հետվիրահատական դժվար ճանապարհ են անցնում` քայլ առ քայլ առաջ գնալով եւ ամեն օր ավելի դրական արդյունքներ ունենալով:    Այս դժվարին օրերին, ինչպես միշտ, մեր «մեջքին էր կանգնած» Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը` ղեկավար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հիմնադրամի ֆինանսական աջակցությունը, որը հնարավոր է դառնում հասարակության բարեսիրտ նվիրաբերություններով, չափազանց կարեւոր է ոչ միայն բժշկական հաստատության համար, այլեւ մեր երկրի, քանի որ վիրահատության ծախսերը քառակի ավել են, քան պետությունը կարողանում է հատուցել: Սա պետություն, բարեգործական կազմակերպություն, բժշկական հաստատություն համագործակցության գեղեցիկ օրինակ է` հանուն երեխայի  կյանքի:  Կրկին շնորհակալ ենք բոլորին❤️ Առողջություն Նարեկին ու բոլոր երեխաներին❤️
Բժշկության թվայնացումը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում
Սիրելի գործընկերներ, հատկապես առողջապահության կազմակերպիչներ և պրակտիկ բժիշկներ, անցեք հղումով ևդ կարդացեք Շվեյցարիայում լույս տեսած մի կարևոր աշխատություն` «Բժշկության թվայնացումը ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում» (''Digitalization of Medicine in Low- and Middle-Income Countries''):   Գիրքը լույս է ընծայել Springer Nature International հրատարակչությունը։ Խմբագիրներն ու հեղինակներն են ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (IARC) Լաբորատոր ծառայության և բիոբանկի խմբի ղեկավար Զիսիս Կոզլակիդիսը, Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, ԱՄՆ Կալիֆորնիայի Cedars-Sinai բժշկական համալսարանի օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն, ԱՀԿ փորձագետ Կարինե Սարգսյանը։   Գրքում արտացոլված են թվայնացման փորձերը, խնդիրները և հեռանկարները բժշկագիտության տարբեր ոլորտներում, անդրադարձ է արված հաջողության հետաքրքիր պատմությունների։   Գրքի որոշ գլուխներ հեղինակել են հայ մասնագետները։ Մասնավորապես, «Մանկաբուժության թվայնացումը ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում. հիմնավորում եւ ուղղություններ» գլխի հեղինակն, ի ուրախություն եւ հպարտություն մեզ, Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի («Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ) ղեկավար, ԵՊԲՀ դոցենտ, ԱՀԿ փորձագետ, Սերգեյ Սարգսյանն է: