Արաբկիրից դպրոց` խոսքով եւ գործով
01 օգոստոս 2024

«Արաբկիր» բժշկական համալիրի Լսողական խանգարումներ ունեցող երեխաների խոսքի զարգացման կենտրոնը կրկին մարդաշատ էր: Առիթը` ուսումնական տարվա ավարտը: Այո, բժշկական մեր հաստատությունում ամենամյա այս հանդիսությունը հենց այդպես է կոչվում, քանի որ այստեղ երեխաները հաճախում են մի քանի տարի շարունակ, շաբաթական 4 անգամ` մասնակցելով անհատական-սուրդոմանկավարժական եւ խմբակային` երաժշտապարային պարապմունք-թերապիաների, մասնագետների ու ծնողների նվիրական աշխատանքի շնորհիվ խոսել սովորում, կարդալ-գրել ու որպես «պատրաստի» աշակերտներ գնում դպրոց` շարունակելու 1.5-2 տարեկանից սկսված կրթական իրենց ճանապարհը:
 

 Շնորհավորում ենք մեր այս տարվա 10 շրջանավարտներին, մաղթում բարի եւ հաջող ընթացք:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում:   Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաեւ միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով եւ սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել եւ համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy
Բարի տարեդարձ, Աշոտ Վարոսի
‼️🎉«Արաբկիր» բժշկական համալիրի հենասյունային ծառայություններից մեկի` ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի 70-ամյակն է: Մասնագետ, որի նվիրական աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվել` բառի ամենաբուն իմաստով, մարդ, որի սրտացավության ու կարեկցանքի շնորհիվ սփոփվել են անգամ ամենածանր վիճակում հայտնված ծնողներն ու խաղաղվել նրանց մտքերը:    Շնորհավորում ենք, սիրելի Աշոտ Վարոսի, Ձեր ներդրումն անգնահատելի է, անչափելի` ոչ միայն մեր համալիրի, այլեւ ամբողջ հանրապետության մասշտաբով: Առողջություն, անսահման սեր եւ արեւշատություն ենք մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին ❤️   Աշխատանքն «ինտենսիվ թերապիայում» ինտենսիվ է, նկարահանումները` ճիշտ հակառակը: Այդ պատճառով առաջարկում ենք մեկ անգամ եւս դիտել Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ պատրաստած տեսանյութերից մեկը` գյուղատնտեսական թունաքիմիկատից երեխայի ծայրահեղ ծանր թունավորման մասին: Մեկ անգամ եւս դիտեք, լսեք վաստակաշատ բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյանի խորհուրդները, սիրելի ծնողներ, եւ աչալուրջ եղեք երեխաների առողջության նկատմամբ: