Ուրախություն բուժմանը զուգահեռ
11 հունիս 2024

 «Արաբկիր» բժշկական համալիրի եւ «Անմիջական օգնություն ասոցիացիա» հիվանդանոցային դպրոցի երկար տարիների համագործակցության շնորհիվ բժշկական համալիրում հատկապես երկարատեւ փուլերով բուժվող երեխաները շարունակում են զուգահեռաբար մնալ կրթական գործընթացի մեջ` ամենօրյա պարապմունքներ ունենալով հատուկ մանկավարժների եւ հոգեբանների հետ: Վերջիններս օգնում են երեխաներին ոչ միայն հանրակրթական ծրագիրը հասցնելու գործում, այլեւ հիվանդությունը հաղթահարելու, հոգեբանորեն եւ ֆիզիկապես ամուր մնալու: Հենց այս նպատակներին էին ուղղված դպրոցի վերջին երկու գունագեղ միջոցառումները. առաջինը` հանդիպում «Ծաղրածուներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գերմանացի արտիստների հետ` սոխի, վարունգի, խնձորի եւ տնօրենի կերպարներով, երկրորդը` ցերեկույթ, որ կոչել են «Ծաղիկների աշխարհում»` դահլիճ բերելով բուժվող երեխաների եւ նրանց ընկերների երգն ու պարը, արտասանությունը, նկարներն ու ձեռքի աշխատանքները:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում:   Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաեւ միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով եւ սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել եւ համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy
Բարի տարեդարձ, Աշոտ Վարոսի
‼️🎉«Արաբկիր» բժշկական համալիրի հենասյունային ծառայություններից մեկի` ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի 70-ամյակն է: Մասնագետ, որի նվիրական աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվել` բառի ամենաբուն իմաստով, մարդ, որի սրտացավության ու կարեկցանքի շնորհիվ սփոփվել են անգամ ամենածանր վիճակում հայտնված ծնողներն ու խաղաղվել նրանց մտքերը:    Շնորհավորում ենք, սիրելի Աշոտ Վարոսի, Ձեր ներդրումն անգնահատելի է, անչափելի` ոչ միայն մեր համալիրի, այլեւ ամբողջ հանրապետության մասշտաբով: Առողջություն, անսահման սեր եւ արեւշատություն ենք մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին ❤️   Աշխատանքն «ինտենսիվ թերապիայում» ինտենսիվ է, նկարահանումները` ճիշտ հակառակը: Այդ պատճառով առաջարկում ենք մեկ անգամ եւս դիտել Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ պատրաստած տեսանյութերից մեկը` գյուղատնտեսական թունաքիմիկատից երեխայի ծայրահեղ ծանր թունավորման մասին: Մեկ անգամ եւս դիտեք, լսեք վաստակաշատ բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյանի խորհուրդները, սիրելի ծնողներ, եւ աչալուրջ եղեք երեխաների առողջության նկատմամբ: