Գլխավոր
Նորություններ
Սուր շնչառական վարակներ

Սուր շնչառական վարակներ

Տարվա այս շրջանում սովորաբար ծանրաբեռնվում են մանկական հիվանդանոցների ընդունարանները: Պատճառը հայտնի է՝ սուր շնչական վիրուսային վարակներ: Այս սեզոնին առավել հաճախ շրջանառվում է ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը:


«Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության և ալերգոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը ներկայացրել է մանրամասներ` սուր շնչառական վարակների և դրանց կանխարգելման մասին:

 

Եթե երեխան վարակվել է, դիմե՛ք մանկաբույժին և հետևե՛ք ջերմիջեցման ճիշտ կանոններին:

  • Ջերմիջեցում պետք է կատարել 38,6 և բարձր ջերմության դեպքում, երբ երեխան ջերմության ֆոնին ունի անհանգստություն։
  • Եթե երեխան ջերմում է, սակայն ակտիվ է, ինքնազգացողությունը լավ է, կարող եք պարզապես թեթևացնել հագուստը, տալ շատ հեղուկներ և կատարել շփումներ սենյակային ջերմաստիճանի ջրով։
  • Ջերմիջեցնող դեղերից նախընտրելի է օգտագործել օշարակներն ու մոմիկները, ավելի մեծ երեխաների դեպքում՝ նաև դեղահաբերը:
  • Վիրուսային վարակները չի կարելի բուժել հակաբիոտիկներով. դրանք որևէ կերպ չեն ազդում վիրուսի վրա:
  • Սպիրտային լուծույթով շփումներ երեխաներին անել չի կարելի, քանի որ երեխաների մաշկը ունի լավ զարգացած ներծծող հատկություն, ինչի արդյունքում կարող են դրսևորվել տոքսիկ էֆեկտներ։

Հիշեք, որ ձեր առաջին օգնականը առողջության առաջնային օղակի մանկաբույժն է: Դիմեք նրան, եթե տեղամասային մանկաբույժը գտնի, որ կարիք կա ստացիոնար բուժօգնության, նա կուղղորդի ձեզ դեպի համապատասխան բժշկական հաստատություններ:

Վերջին նորություններ
Առողջապահության ոլորտը անդառնալի կորուստ կրեց
06 դեկտեմբեր
Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացանք, որ 72 տարեկանում հանկարծամահ է եղել ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Բագրատի Սահակյանը։ Արտավազդ Սահակյանը մեր լավագույն գործընկերներից էր, «Արաբկիր» բժշկական համալիրի բարեկամը։ Տարիներ շարունակ միասին իրականացրել ենք տարբեր ծրագրեր, բարդ վիրահատություններ` կատարելով նաև երեխայի լյարդի փոխպատվաստում։ Արտավազդ Սահակյանը սիրված բժիշկ էր, բարձրակարգ մասնագետ, հավատարիմ ու անփոխարինելի ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հիանալի մարդ, ով վստահաբար դեռ ուներ բազում չիրականացած երազանքներ թե՜ մասնագիտական գործունեության ոլորտում, թե՜ կյանքում… «Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, տնօրեն Արման Բաբլոյանը և ողջ բուժանձնակազմը իրենց խորին ցավակցությունն են հայտնում անվանի բժշկի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու բարձր են գնահատել Արտավազդ Սահակյանի գործը։Վաստակաշատ, արհեստավարժ ու սիրելի բժշկի, բարի ու ազնիվ ընկերոջ, պայծառ ու կենսախինդ մարդու հիշատակը հավերժ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում…
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է այսօր
03 դեկտեմբեր
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992 թվականին դեկտեմբերի 3-ը հռչակեց որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Նպատակը հանրային իրազեկվածության բարձրացումն էր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությունը։ Ստեղծենք մի հասարակություն, որտեղ հաշմանդամություն ունեցող անձը կկարողանա հեշտորեն լուծել բոլոր խնդիրները և հասարակության լիարժեք անդամ կզգա իրեն։
Վիտամինների օգտակար կողմերն ու հնարավոր վտանգները
02 դեկտեմբեր
Շատ ծնողներ երեխաներին վիտամինային հավելումներ տալիս են առանց բժշկի խորհրդի՝ մտածելով, որ լիովին անվտանգ են։ Վիտամինների ճիշտ օգտագործման, դրանց իրական օգուտների և հնարավոր ռիսկերի մասին «Լուրերին»  պատմել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժ Աստղիկ Միրզախանյանը։
Նյարդաբանների միջազգային օրն է այսօր
01 դեկտեմբեր
Հարգելի’ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի առթիվ` ցանկանալով նորանոր հաջողություններ և մասնագիտական վերելքներ։ Եղե՜ք առողջ և ժպիտներ պարգևե՜ք մարդկանց։ Նյարդաբանությունը` որպես առանձին մասնագիտություն բժշկության մեջ ձևավորվել է 1960-ականներին և անցել զարգացման բարդ և պատասխանատու ճանապարհ։Ի դեպ, «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայությունում 2023 թվականից իրականացվում է ստերեո֊ԷԷԳ-ն (stereo-EEG), որը կիրառվում է էպիլեպսիայի օջախը հայտնաբերելու նպատակով։ Բժշկական համալիրում կատարվում են նաև երկարատև և կարճատև վիդեո-ԷԷԳ հետազոտություններ:
Առաջին օգնության դասընթաց «Արաբկիր» բժշկական համալիրում
26 նոյեմբեր
«Safe Heart Yerevan» ծրագրի շրջանակում «Արաբկիր» բժշկական համալիրում անցկացվել է առաջին օգնության դասընթաց: Ծրագրի նպատակն է նախքան շտապօգնության ժամանումը Երևանում սրտի կանգ ունեցող տուժածին ցուցաբերել առաջին օգնություն։Դասընթացի մասնակիցները դառնում են ծրագրի կամավոր։ Դա ենթադրում է, որ Երևանի փոքր կենտրոնում պատահարի դեպքում կամավորը հատուկ հավելվածով ստանում է ծանուցում՝ դեպքի վայրի վերաբերյալ և հնարավորության դեպքում հասնում օգնության՝ ունենալով նաև հասանելիություն նախապես տեղադրված մոտակա դեֆիբրիլյատորին։
Հակաբիոտիկներով ինքնաբուժության թաքնված ռիսկերը
22 նոյեմբեր
Համաշխարհային առողջապահական կարևորագույն մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ հակամանրէային դեղերի պատեհ-անպատեհ կիրառումը։ «Արաբկիր» ԲՀ շնչառական բժշկության և ալերգոլոգիա-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը նշում է. «Ճիշտ է, մարդկությունն ունի հակամանրէային դեղեր, սակայն մենք այսօր կանգնած ենք չափազանց լուրջ վտանգի առաջ. հնարավոր է` բակտերիալ ամենահասարակ վարակից մարդը այլևս չկարողանա պաշտպանվել և մահանա»։