Վիրտուալ իրականության ակնոցով` առանց ցավի
19 մայիս 2023

Արթուրն ու Ալենը «Արաբկիր» բժշկական համալիր են եկել հետազոտվելու, ինչը սովորաբար սկսվում է լաբորատորիայից: Տղաներն, իհարկե, ուժեղ են եւ այնքան էլ չեն վախենում «մեղվի խայթոցից», բայց մեր գործընկեր 10X Immersive ընկերությունն այս գործընթացն ավելի ժամանցային է դարձրել նրանց եւ մյուս բոլոր փոքրիկների համար:

Վիրտուալ իրականության ակնոցներով երեխաներն ուղիղ մուլտֆիլմի կենտրոնում են հայտնվում, դառնում, օրինակ, նավապետ, որ պաշտպանում է նավը հարձակվողներից, կամ մեկ այլ հերոս, որ պիտի օգնի կենդանիներին: Եվ հենց այդ րոպեներին էլ մեր հմուտ բուժքույրերը կատարում են միջամտությունը` առանց որեւէ անհանգստություն կամ ցավ պատճառելու երեխաներին:

Հոգեբաններն ասում են, որ սա լավ միջոց է երեխաների ուշադրությունն այդ պահին շեղելու եւ միջամտությունն արագ ու առանց սթրեսի իրականացնելու համար: Որոշ հետազոտությունների համաձայն վիրտուալ իրականության ակնոցի միջոցով հնարավոր է ցավի շեմն իջեցնել միչեւ 35%, ինչն առաջին հերթին երեխաներին, նրանց ծնողներին է օգնում, հետո, իհարկե, նաեւ մասնագետներին: Ամեն օր փոքրիկների հետ լաբորատորիայում աշխատող մեր բուժքույրերն ասում են` ինչ այստեղ են ակնոցները, քչացել է լացը, ամեն մարդ իր գործով է զբաղվում, իրենք իրենց մուլտն են նայում, մենք էլ մեր նմուշներն ենք վերցնում:

Արթուրն ու Ալենն էլ խոստովանում են, որ ոչինչ չեն զգացել: Ալենն ասում է` ես լսել էի, որ կան նման ակնոցներ, բայց երբեք չէի կրել: Շատ հավես էր, ափսոս կարճ տեւեց:

Շնորհակալություն, 10X Immersive-ի թիմ:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում: Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաև միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով և սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել և համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy