«Էպիլեպսիա` ստվերից դուրս» համաժողովն արդեն իրականություն է
09 февраль
Էպիլեպսիայի միջազգային օրն է այսօր: Այն քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որը դրսևորվում է կրկնվող ցնցումներով։ Աշխարհում ավելի քան 60 մլն մարդ ունի էպիլեպսիա։
«Արաբկիր» բժշկական համալիրի և «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով կազմակերպվել է «Էպիլեպսիա․ ստվերից դուրս» խորագրով համաժողովը: Այն նվիրված է էպիլեպսիա ունեցող երեխաների առողջության, կրթության աջակցման և սոցիալական ինտեգրման կարևոր հարցերին:Համաժողովը համախմբել էր ոլորտի մասնագետներին, նախարարությունների ներկայացուցիչներին, մանկավարժներին, պացիենտներին, նրանց ծնողներին, լրագրողներին և խնդրով մտահոգ մարդկանց։«Հպարտությամբ ուզում եմ նշել, որ գրեթե 100-ի է հասել միջամտությունների թիվը, որ վիրահատությամբ բուժվել են երեխաներ,-նշում է «Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը և հավելում, - Ղազախստանում վիրահատված երեխան, որը ամենօրյա ցնցումներով էր եկել Հայաստան, այսօր ցնցում չունի»։ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանը նշեց. «Ամեն երեխայի համար մենք ապահովում ենք դեղորայքային բուժումը, բայց չենք բավարարվելու միայն դրանով։ Նոր տեխնոլոգիական հնարավորություններով ապահովելու ենք կայուն վիճակ։ Ծառայությունը թանկ է, բայց մեզ համար ամեն երեխայի կյանքն էլ կենսական է, լիարժեք զարգացումն էլ անգին է»։
Համաժողովին իրենց գործուն մասնակցույթունը ունեցան նաև «Արաբկիր» ԲՀ նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելենա Բաղդասարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը և առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը:
Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել են էպիլեպտոլոգիայի ոլորտում վերջին տարիների ընթացքում արված աշխատանքները, բուժման ժամանակակից մոտեցումները։ Նմանատիպ միջոցառումները մեծապես կարևորվում են, քանի որ ուղղված հասարակության խոցելի խմբերի խնդիրների վերհանմանը, քննարկմանը, շատ դեպքերում` նաև լուծմանը։