Պատանեկան արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է այսօր։
18 март
Խնդրի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով «Արաբկիր» բժշկական համալիրի ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Գայանե Խլոյանը պատասխանում է ծնողներին հուզող տարածված հարցերին։Ի՞նչ է պատանեկան արթրիտը:Պատանեկան արթրիտը մինչև 18 տարեկան երեխաների հոդերի խրոնիկ բորբոքումն է, որի առաջացման պատճառները հայտնի չեն:Սկզբնական ախտանշանները որո՞նք են, ծնողն ինչպե՞ս հասկանա, որ գործ ունի այս խնդրի հետ:Սկզբնական ախտանշանները բազմազան են: Բայց հիմնական գանգատը հոդի այտուցն ու ցավն է, որը երեխան, հնարավոր է, չկարողանա արտահայտել (չասի` որ մասն է ցավում, ինչն է իրեն անհանգստացնում)։ Երեխան բռնում է ոտքը, խուսափում է քայլելուց, կարող է կաղալ։ Պետք է ուշադիր լինել պատճառը հասկանալու համար։ Բացի հոդաբորբից` կարող են լինել նաև այլ գանգատներ` ընդհանուր թուլություն, ջերմություն, երբեմն ցան։Սա ժառանգակա՞ն հիվանդություն է:Ժառանգական չէ, բայց կարելի է ասել, որ կա ժառանգական որոշակի նախատրամադրվածություն:Հիվանդությունը չբուժելու դեպքում հնարավոր ի՞նչ հետևանքներ կարող են լինել:Բուժումը ժամանակին չսկսելը կամ բուժման բացակայությունը կարող է բերել հաշմանդամության: Ժամանակին սկսելը զգալիորեն լավացնում է պացիենտի կյանքի որակը. նա ապրում է իր բնականոն կյանքով։ Ձեր խորհուրդը ծնողներին:Ի սկզբանե ծնողները չեն ուզում ընդունել խրոնիկ հիվանդության առկայությունը: Բայց կան բազմաթիվ միջոցներ, որոնցով մենք երեխաներին կարող ենք օգնել։ Ծնողը պետք է իմանա, որ շատ կարևոր է համագործակցությունը բժշկի հետ: Բժիշկը միայնակ չի կարող աշխատել, որովհետև այդ պացիենտները հիմնականում գտնվում են տանը՝ ծնողի հսկողության տակ: Այսինքն՝ սա ընտանիքի, երեխայի, բժշկի, ռևմատոլոգի, ինչպես նաև հարակից շատ այլ մասնագետների՝ օրթոպեդի, ակնաբույժի, վերականգնողաբանի համատեղ թիմային աշխատանքն է։