Բաժանմունքի մասնագետները վերապատրաստվել են Եվրոպայի և ԱՄՆ-ի բազմաթիվ առաջատար կլինիկաներում և նրանց ու գործընկերների նվիրված աշխատանքի շնորհիվ ներդրվել են մի շարք նոր մեթոդներ և տեխնոլոգիաներ: Հայաստանում «Ջինիշյան» հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է ուսումնական ծրագիր. «Կոնքազդրային հոդի զարգացող հոդախախտի ուլտրաձայնային ախտորոշումը» թեմայով: Կրթական ծրագրին մասնակցել է 40-ից ավելի բժիշկ, ովքեր աշխատում են ծննդատներում: Շարունակաբար գործող այս ծրագրի նպատակն է մեթոդը դարձնել համապետական` որպես նորածնային սկրինինգային հետազոտություններից մեկը Հայաստանում: Այն կօգնի կոնք-ազդրային հոդի զարգացող հոդախախտի ախտորոշումը կատարել վաղ` նորածնային տարիքում, ինչն արդյունավետ կլինի նաև հետագա բուժման կազմակերպման համար: Ոլորտում կատարված փոփոխություններն ակնհայտ են նաև վիճակագրական առումով. եթե 10 տարի առաջ ստացիոնարում բուժվող երեխաների թիվը տարեկան 25 էր, ապա այսօր կոնք-ազդրային հոդի բնածին հոդախախտով տարեկան բուժում է ստանում 5-6 երեխա:
Վերոնշյալ ծրագրերի հետ կապված` իրականացվում են նաև գիտահետազոտական աշխատանքներ: Վերջին 10 տարում բաժանմունքն ակտիվորեն համագործակցել է շվեյցարական ու ավստրիական կլինիկաների և Այովայի համալսարանի (ԱՄՆ) հետ: Բաժանմունքի բժիշկներից 2-ը Եվրոպական մանկական օրթոպեդիկ ասոցացիայի անդամներ են և ակտիվ մասնակցում են ամենամյա կոնգրեսներին: Բժիշկները մի քանի տասնյակ գիտական հոդվածներ են տպագրել տեղական և արտասահմանյան գիտական ամսագրերում: