Սարգսյան Սերգեյ Գերասիմի
ԵԴԱԻ ղեկավար

Ծննդյան ամսաթիվ և վայր
9 Օգոստոսի, 1964, Երևան

 

Կրթություն
1982-1990   ԵՊԲՀ մանկաբուժական ֆակուլտետ, դիպլոմ գերազանցությամբ; կլինիկական օրդինատուրա «մանկաբուժություն» մասնագիտությունով
1996   «Երեխաների պարբերական հիվանդության համաճարաքաբանական հարցերը», թեկնածուական թեզ

Ներկայում   Հայցորդ, դոկտորական թեզ «Երեխաների սուր շնչառական ինֆեկցիաների բուժման օպտիմալացման խնդիրները Հայաստանում»
Շարունակական մասնագիտական կրթություն
1994   ԱՀԿ / ՄԱԿ –ի Մանկական հիմնադրամի դասընթացներ․ մանկական հիվանդություններ, դեռահասների առողջություն, միջավայրային բժշկություն, երեխաների սնուցում, երեխաների իրավունքներ, հանրային առողջություն, ծրագրերի կառավարում և այն՝ Հայաստան, Դանիա, Ինդոնեզիա, Բելարուս, Իտալիա, Վրաստան, Իռլանդիա և այլն:
1991-ից   Մանկաբուժական մասնագիտական դասընթացներ, շնչառական հիվանդություններ, զարգացման մանկաբուժություն, դեռահասային բժշկություն, նեոնաթոլոգիա, ինթենսիվ օգնություն, իմունիզացիա, ալերգոլոգիա, սնուցում և մեթաբոլիզմ, ռևմատոլոգիա, առողջապահության պլանավորում և կառավարում և այլն՝ Հայաստան, Եգիպտոս, ԱՄՆ, Ավստրիա, Ռուսաստան և այլն: 

 

Աշխատանքային գործունեություն
Կլինիկական
1991-ից   Մանկաբույժ, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ
Մանկավարժական
1991-ից   Ավագ լաբորանտ, ասիստենտ, ներկայումս՝ դոցենտ, ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոն (ներկայումս թ.2)
Առողջապահական – կազմակերպչական
2015-ից   Գլխավոր մանկաբույժ, ներկայումս՝ Խորհրդատու մանկաբուժական հարցերով, ՀՀ Առողջապահության նախարարություն
2003-ից   «Արաբկիր» ԲՀ-ի «Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ստորաբաժանման ղեկավար
1994 -ից   Մանկաբուժական և հանրային առողջապահության ոլորտի նպատակային ծրագրերի ղեկավար /փորձագետ / դասավանդող հետևյալ ուղղություններով. սուր շնչառական և փորլուծային հիվանդություններ, մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում, երեխայի զարգացում և վերականգնում, մանկական հաշմանդամություն, դպրոցական և դեռահասների առողջություն, քրոնիկ ոչվարակային հիվանդություններ, պալիատիվ օգնություն, հանրային առողջություն, առողջապահական քաղաքականություն, համակարգեր, ֆինանսներ, տեղեկատվական համակարգեր, հակակոռուպցիոն մոնիտորինգ և այլն
Գիտական
2017-ից   ԵՊԲՀ «Մանկաբուժություն» մանսագիտության պաշտպանական գիտխորհուրդի անդամ
2015-ից   Առողջապահության ազգային ինստիտուտի գիտխորհրդի անդամ
2011-ից   ԵՊԲՀ Առաջնային նյութի և վիճակագրության վերստուգման հանձնաժողովի անդամ
2007-ից   Դպրոցահասակ երեխաների առողջական վարքագծի (ԴԵԱՎ) հետազոտության համա-գլխավոր ազգային հետազոտող
1995-ից   Երեխաների և դեռահասների առողջության ոլորտում գիտական հետազոտությունների ղեկավար / խորհրդատու
1991-ից   Հեղինակ և համահեղինակ, շուրջ 80 գիրք, ձեռնարկ, հոդված և թեզիս Հայաստանում, Ռուսաստանում, Իսրաելում, Թուրքիայում, ԱՄՆ, Չեխիայում, Շվեյցարիայում, Դանիայում. Իտալիայում , Մեծ Բրիտանիայում:
Միջազգային
1995-ից   Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի Մանկական և Բնակչության հիմնադրամների կլինիկական, ուսումնական, հետազոտական, առողջապահական-կազմակերպչական ծրագրերի ղեկավար / դասավանդող / փորձագետ՝ գործուղումներ Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան, Ղազախստան, Ուզբեքստան, Թուրքմենստան, Մոնղոլիա, Չինաստան, Ֆիլիպիններ, Դանիա, Շվեյցարիա և այլն:
2020-ից   ԱՀԿ կորոնավիրուսային համավարակի ընթացքում դպրոցների անվտանգ աշխատանքի հարցերի Եվրոպական տարածաշրջանային փորձագետների խմբի անդամ
2015-2016   ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի երեխաների զարգացման փորձագետների խմբի անդամ
1998-2001   ԱՀԿ Կենտրոնակայանի Երեխաների և դեռահասների առողջության հարցերով առաջատար մասնագիտական կոմիտեի անդամ

 

Զեկուցումներ
1997-ից   Բանավոր զեկուցումներ (որպես հրավիրյալ զեկուցող) ԱՀԿ համաժողովներին և կոնֆերանսներին ` Հայաստան, Շվեյցարիա, Դանիա, Իտալիա, Իսպանիա և այլն:
2003-ից   Բանավոր (գլխավորապես որպես հրավիրյալ զեկուցող) կամ փոսթերային զեկուցումներ Մանկաբուժական, հանրային առողջապահական՝ համաշխարհային, եվրոպական և ազգային կոնգրեսներին և կոնֆերանսներ՝ Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Շվեյցարիա, Չեխիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Արգենտինա և այլն:

Մասնակցություն ասոցիացիաներին
2007-ից   Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի փոխնախագահ / գլխավոր քարտուղար
2021-ից   Հայկական բժշկական ասոցիացիայի վարչության անդամ

Հանրային գործունեություն
2018-ից  Երևանի ավագանու անդամ 

Պարգևներ
ԵՊԲՀ Ոսկե մեդալ
ԵՊԲՀ պատվոգիր «Լավագույն գիտական զեկույցի համար»
ՀՀ ԱՆ պատվոգիր «Բացառիկ աշխատանքի համար»


Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն՝ ազատ

 

Անձնական տվյալներ

Ընտանիք՝ ամուսնացած, 2 տղա, մեկ աղջիկ

 

 

Կիսվել Facebook-ում
Մեդիա
Մինչև մեկ տարեկան երեխաների սնուցումը. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Երեխաների սնունդը մինչև մեկ տարեկանը բնականաբար բավականին տարբեր է մեծահասակի սննդից և գտնվում է ուշադրության կենտրոնում: Առողջ զարգացման համար հավասարակշռված սնունդ է պետք, որը կպարունակի բավարար չափով ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, միկրոտարրեր: Շատ կարևոր են սպիտակուցները, որոնք կյանքի հիմքն են, մարդու ուղեղի զարգացման ամենակարևոր պայմանը: Դպրոցահասակ երեխայի և մեծահասակի սննդի մեջ տարբերությունը մեծ չէ: Բայց պետք է հաշվի առնել, որ երեխան աճման շրջանում է և նրա սնունդն ավելի հավասարակշռված պետք է լինի՝ հատկապես սպիտակուցներով հարուստ:   Որո՞նք են կրծքով կերակրման առավելությունները:   Կրծքի կաթում կան համապատասխան քանակով և որակով սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են տվյալ տարիքում և հենց տվյալ կազմով: Իսկ կովի կաթը կամ այլ կաթի տեսակներ ունեն իրենց յուրահատկությունները և լիովին չեն համապատասխանում երեխայի սպիտակուցային կառուցվածքի պահանջին, ուստի և համապատասխանաբար՝ նրա ճիշտ աճին: Կրծքի կաթի ածխաջրերը և ճարպերը ավելի լավ են յուրացվում և ստեղծում համապատասխան պայմաններ երեխայի օրգանիզմի կառուցման համար: Շատ կարևոր առավելություն է իմուն գործոնների առկայությունը մայրական կաթի մեջ, որոնք պաշտպանում են երեխային մինչև  նրա սեփական իմունիտետի ձևավորումը: Վիտամինները և միկրոտարրերը նույնպես անհրաժեշտ չափով են առկա կրծքի կաթում, բացի վիտամին D-ից: Կրծքով կերակրելու առավելություններից է նաև կերակրի պատրաստման անհրաժեշտության բացակայությունը: Կրծքով կերակրման կարևորագույն գործոններից է երեխայի և մոր կապի ստեղծումը, որը նպաստում է երեխայի հոգեբանական ճիշտ զարգացմանը: Այսպիսով, կյանքի առաջին տարում  կամ գոնե 6 ամսվա ընթացքում պարտադիր է կրծքով կերակրումը:   Ինչպիսի՞ն է մինչև 1 տարեկան երեխաների արհեստական սննդի որակը:   Մինչև 1 տարեկան երեխայի ճիշտ սնուցումը կրծքով կերակրումն է: Եթե կրծքի կաթն անբավարար է, երեխան սնվում է ադապտացված կաթնային խառնուրդներով, որոնք կրծքի կաթին առավելագույնս մոտեցված խառնուրդներն են:   Ե՞րբ և ինչպե՞ս է ներմուծվում հավելյալ սնունդը:   Երեխայի նորմալ զարգացումը պահանջում է, որ երեխայի մոտ խնդիրների բացակայության դեպքում 6 ամսականից  ավելացվի հավելյալ սնունդ: Իսկ աճի հետ կապված խնդիրների դեպքում հավելյալ սնունդն ավելի վաղ է տրվում՝ 4-6 ամսեկանում: Ածխաջրատային հավելյալ սնունդը տարբեր բանջարեղենային խյուսերն են, շիլաները: Ապա կարևոր են նաև միսը, ձուն և այլն, որոնք իրենց դերակատարումն ունեն երեխայի ճիշտ զարգացման համար:   Կա՞ն բնածին վիճակներ, որոնց ժամանակ երեխան չի կարողանում ընդունել սննդի որոշ տեսակներ:   Այո, հազվադեպ հանդիպում են նյութափոխանակային դեֆեկտներ, որոնցից է գլուտենային էնտերոպաթիան՝ ցելիակիա կոչված հիվանդությունը, երբ երեխան չի կարող ուտել ցորենի որոշ տեսակներ, ինչը բերում է նրա վիճակի վատացման, ազդում աճի վրա, նաև որոշ դեպքերում կանխորոշում է մտավոր զարգացումը: Մուկովիսցիդոզի ժամանակ հնարավոր է նաև պանկրեատիկ անբավարարություն, ինչը բերում է ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների անբավարարության, նյութերի յուրացման խանգարման: Այս դեպքում բուժումն  իրականացվում է ֆերմենտներով:   Ինչպիսի՞ն պետք է լինի հիվանդ երեխայի սնուցումը:   Հիվանդ երեխան պետք է ուտի, չուտելը բերում է օրգանիզմի  թուլացման և դիմադրողականության անկման: Իհարկե հիվանդ ժամանակ սնունդն ավելի դյուրամարս պետք է լինի, բայց որոշակի սննդային արժեք հիվանդ երեխան պետք է յուրացնի: Նախկինում փորլուծության ժամանակ երեխային խորհուրդ չէին տալիս սնվել, բայց պարզվում է, որ աղիների ախտահարված բջիջները, որոնք պայմանավորում են նյութերի ներծծումը, առանց սննդի ավելի դժվար են վերականգնվում:   Կարելի՞ է  երեխային կերակրել հարկադրաբար:   Եթե երեխայի ֆիզիկական աճը նորմալ է և մեծ խախտում չկա, պետք է ծնողներին հանգստացնել, որ երեխային շատ չկերակրեն: Իսկ եթե իրոք երեխան չի ուտում, պետք է նախ հասկանալ պատճառը: Երբեմն տեղափոխումը, տատիկի մոտ տանելը փոխում է վիճակը: Երեխային պետք է կերակրել ոչ թե հարկադրաբար, այլ համոզելով:   Որքանո՞վ և ինչպե՞ս են ծնողները տեղեկացված երեխայի սննդի հարցերում:   ՀՀ Առողջապահության նախարարությունը պարբերաբար կազմակերպում է դասընթացներ բժիշկների համար: Հնարավորինս լուսաբանվում  են այդ հարցերը: Բժիշկները բացատրում են, պարզաբանում մանկան սնուցման եղանակները, խնդիրները  ծնողներին, այդ թեմայով բուկլետներ են տալիս: Բացի դրանից տարբեր կազմակերպությունների կողմից ևս ծնողական դասընթացներ են կազմակերպվում:   Ի՞նչ է կարևոր իմանալ:   Խորհուրդ եմ տալիս հետևել սննդաբանության կարևոր մոտեցումներին՝ ծննդից սկսած: Կան ընդհանուր մոտեցումներ, հրահանգներ, որոնք պետք է ճշտորեն կատարել: Շատ կարևոր է առողջ սննդին հետևելը, սննդի մեջ բանջարեղեն, մրգեր ներառելը:   Սերգեյ Սարգսյան Մանկաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրին կից՝ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, ՀՀ Առողջապահության նախարարության  մանկաբուժության գծով խորհրդատու
Սուր շնչառական վարակներ
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանի խորհուրդը ծնողներին. «Պատվաստվել, կերակրել կրծքով, այնուհետ և լիարժեք կերակրել, որ երեխան ստանա համարժեք քանակությամբ սպիտակուց, ածխաջուր, ճարպ, տարբեր տեսակի էլեմենտներ։ Պահպանել հիգիենայի կանոնները, երեխայի ֆիզիկական ակտիվությունը։ Դա է այն, ինչը կարող է նպաստել նրան, որ երեխաները, թեկուզև հիվանդանան, հարաբերական հեշտ և անհետևանք տանեն այդ սուր շնչառական վարակները»: https://www.facebook.com/azatutyun/videos/881337332419091
ԱՀԿ ուղեցույցների նոր ձեռնարկ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակը հրապարակել է երեխաների և դեռահասների առաջնային բուժօգնության հարյուրից ավել ապացուցահեն ուղեցույցների ձեռնարկ` հիմնված ԱՀԿ-ի, ինչպես նաև տարբեր միջազգային ճանաչված մասնագիտական ասոցիացիաների մինչ այս մշակած ուղեցույցների վրա: Ձեռնարկը ներառում է 0-18 տարեկան երեխաների առավել տարածված հիվանդությունների վարումը, նորածնային խնամքը, վաղ մանկական զարգացման և սնուցման հարցերը, դեռահասների առողջությունը, հոգեկան առողջության հարցերը:    Ձեռնարկի ներկայացմանն առցանց մասնակցել են մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի, առողջապահության նախարարներ եւ ոլորտի առաջատար մասնագետներ: Ուրախությամբ նշենք, որ ձեռնարկի մշակման աշխատանքներին որպես համախմբագիր մասնակցել է մեր գործընկեր, «Արաբկիր» բժշկական համալիրի ,Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտե ստորաբաժանման ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի դոցենտ, ՀՀ ԱՆ մանկաբուժական գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը:   Շնորհավորում ենք, սիրելի Սերգեյ Գերասիմի:  Շնորհակալություն երեխաների եւ դեռահասների առողջությանն ուղղված Ձեր անխնա ջանքի համար:  https://www.euro.who.int/en/publications/abstracts/pocket-book-of-primary-health-care-for-children-and-adolescents-guidelines-for-health-promotion,-disease-prevention-and-management-from-the-newborn-period-to-adolescence-2022 
ԱՀԿ ձեռնարկ. երեխաների և դեռահասների առաջնային բուժօգնություն
Հարգելի բժիշկներ, այս հղումով կարող եք անցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրատարակած մանկաբուժական ուղեցույցների վերջին մեծ ձեռնարկի էջ:  https://www.euro.who.int/en/publications/abstracts/pocket-book-of-primary-health-care-for-children-and-adolescents-guidelines-for-health-promotion,-disease-prevention-and-management-from-the-newborn-period-to-adolescence-2022  Ձեռնարկը ներառում է 0-18 տարեկան երեխաների շրջանում առավել տարածված հիվանդությունների վարումը, նորածնային խնամքը, վաղ մանկական զարգացման և սնուցման հարցերը, դեռահասների առողջությունը, հոգեկան առողջության հարցերը: Ձեռնարկի մշակման աշխատանքներին որպես համախմբագիր մասնակցել է մեր գործընկեր, «Արաբկիր» բժշկական համալիրի «Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ստորաբաժանման ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի դոցենտ, ՀՀ ԱՆ մանկաբուժական գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը: 
Սերգեյ Սարգսյանը` վիրուսների մասին
Սիրելի ծնողներ, լսեք Արմենպրեսսի փոդքաստը «Արաբկիր» ԲՀ-ի Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանի հետ, պաշտպանեք երեխաներին վիրուսներից` ամենապարզ ու հեշտ միջոցներով, ճանաչեք սուր շնչառական վարակների նշանները, հիշեք «չիկարելիներն» ու «կարելիները», ճիշտ կողմնորոշվեք, եթե հիվանդությունը գլուխ է բարձրացրել, իհարկե, բոլոր անհրաժեշտ դեպքերում կապի մեջ լինելով ձեր մանկաբույժի հետ:
Սերգեյ Սարգսյանի հարցազրույցը Բուն TV-ում
«Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը պատասխանել է «Բուն TV»-ի հարցերին. առավել տարածված հիվանդությունները երեխաների շրջանում, մանկական մահացության ցուցանիշները վերջին տարիներին, բժշկական ծառայությունների հասանելիությունը, պետպատվերն ու պացիենտների հոսքը, առողջապահության առաջնային օղակի դերն ու մարզերում աշխատելու կարեւորությունը, բժշկի եւ ծնողների միջեւ արդյունավետ շփումը, մանկական պալիատիվ օգնությունը:
Սերգեյ Սարգսյանը` ԱՀԿ-ի քննարկումներին
«Արաբկիր»բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրավերով Գերմանիայի Քյոլն քաղաքում մասնակցել է մոր ու մանկան առողջության ոլորտներում Եվրոպայում իրականացվող ԱՀԿ-ի ծրագրերի ընթացքի և հետագա պլանների քննարկմանը։ Ներկայացվել են, մասնավորապես, երեխայի զարգացման և վերականգնման, դպրոցական և դեռահասային առողջության, բուժօգնության որակի բարելավման, քաղաքականության մշակման և մի շարք այլ խնդիրներ։ Քննարկմանը մասնակցել են փորձագետներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Նորվեգիայից, Իռլանդիայից և Հայաստանից։   Գերմանիա այցի օրերին Սերգեյ Սարգսյանը եղել է նաեւ Համբուրգի Ուլենքինդեր կենտրոնում` ծանոթանալու մանկական պալիատիվ օգնության կազմակերպման տեղի փորձին: Գերմանացի գործընկերները ներկայացրել են տարբեր փուլերում մանկական պալիտիվ օգնության կարիք ունեցող երեխաների հայտնաբերման, ուղեգրման, հետագա խնամքի կազմակերպման առանձնահատկութուններն ու ծառայությունների գործառույթները: Սերգեյ Սարգսյանը պատմել է այս ուղղությամբ Հայաստանում տարվող աշխատանքների մասին, նշելով, որ վերջին տարիներին Առողջապահության նախարարությունն ու «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն աշխատանքներ են իրականացնում ` ուղղված մանկական պալիատիվ օգնության ներդրմանը: Մասնավորապես, Բաց հասարակության իսնտիտուտի աջակցությամբ կատարվել է իրավիճակի գնահատում, մշակվել են հայեցակարգ, ուղեցույցներ, կրթական նյութեր ու չափորոշիչների նախագիծ եւ այս պահին արդեն իրականացվում են գործնական աշխատանքներ` ծառայության ամբողջական ներդրման համար:
Բժշկի խորհուրդը
«Արաբկիր» ԲՀ-ի Երեխաների եւ դեռահասների ինստիտուտի ղեկավար, ԱՆ Մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը ներկայացրել է կարճ եւ հստակ տեղեկություններ հակաբիոտիկների մասին:   Հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա: Սուր շնչառական հիվանդությունների բացարձակ մեծամասնության պատճառը վիրուսներն են, որոնց վրա հակաբիոտիկները ոչ մի կերպ չեն ազդում:   Հակաբիոտիկներ նշանակվում են թոքաբորբի, միջին ականջի, նշագեղձերի, քթի ծոցերի մանրէային բորբոքումների ժամանակ:   Հակաբիոտիկների` առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են ազդում նաև մարդու օրգանիզմում բնակվող օգտակար մանրէների վրա:   Բայց սա ամենևին չի նշանակում, որ հակաբիոտիկները կորցնում են իրենց կարևոր, հաճախ կյանք փրկող դերը: Շատ հիվանդությունների բուժման համար պետք է կիրառվեն հակաբիոտիկներ: Սակայն պետք է լինեն նշանակման հստակ ցուցումներ, իսկ դեղամիջոցի տեսակը, դեղաչափը և տևողությունը պետք է համապատասխանեն արդի բժշկագիտության մոտեցումներին: Հակառակ դեպքում` հնարավոր է կայունություն առաջանա հակաբիոտիկի հանդեպ և այն այլևս պացիենտի բուժման գործում ազդեցություն չունենա:   Կարդացեք, խուսափեք հակաբիոտիկների սխալ օգտագործումից, առավելեւս` չարաշահումից: Եվ ամենակարեւորը` հիշեք, որ հակաբիոտիկ նշանակում է միմիայն բժիշկը: