Էլ-հասցե
[email protected]
Հեռախոս
015 400 300 /21 36/
010 23 68 80 /21 36/
+374 99 27 91 84
Բաղդասարյան Աստղիկ Արմենի
Շնչառական բժշկության և ալերգոլոգիական ծառայության ղեկավար
Կիսվել Facebook-ում
Մեդիա
Սուր շնչառական վարակներ
Տարվա այս շրջանում սովորաբար ծանրաբեռնվում են մանկական հիվանդանոցների ընդունարանները: Պատճառը հայտնի է՝ սուր շնչական վիրուսային վարակներ: Այս սեզոնին առավել հաճախ շրջանառվում է ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը: «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության եւ ալերգոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը ներկայացրել է մանրամասներ` սուր շնչառական վարակների եւ դրանց կանխարգելման մասին:   Եթե երեխան վարակվել է, դիմե՛ք մանկաբույժին և հետևե՛ք ջերմիջեցման ճիշտ կանոններին: Ջերմիջեցում պետք է կատարել 38,6 և բարձր ջերմության դեպքում, երբ երեխան ջերմության ֆոնին ունի անհանգստություն։ Եթե երեխան ջերմում է, սակայն ակտիվ է, ինքնազգացողությունը լավ է, կարող եք պարզապես թեթևացնել հագուստը, տալ շատ հեղուկներ և կատարել շփումներ սենյակային ջերմաստիճանի ջրով։ Ջերմիջեցնող դեղերից նախընտրելի է օգտագործել օշարակներն ու մոմիկները, ավելի մեծ երեխաների դեպքում՝ նաև դեղահաբերը: Վիրուսային վարակները չի կարելի բուժել հակաբիոտիկներով. դրանք որևէ կերպ չեն ազդում վիրուսի վրա: Սպիրտային լուծույթով շփումներ երեխաներին անել չի կարելի, քանի որ երեխաների մաշկը ունի լավ զարգացած ներծծող հատկություն, ինչի արդյունքում կարող են դրսևորվել տոքսիկ էֆեկտներ։ Հիշեք, որ ձեր առաջին օգնականը առողջության առաջնային օղակի մանկաբույժն է: Դիմեք նրան, եթե տեղամասային մանկաբույժը գտնի, որ կարիք կա ստացիոնար բուժօգնության, նա կուղղորդի ձեզ դեպի համապատասխան բժշկական հաստատություններ:
Ասթմայի համաշխարհային օրը
Ասթման բարդ հիվանդություն է, որն առաջանում է գենետիկական և շրջակա միջավայրի գործոնների ազդեցությամբ: Այն աշխարհում ամենատարածված խրոնիկական հիվանդությունն է երեխաների և դեռահասների շրջանում և ամենատարածվածներից մեկը` մեծահասակների մոտ:   Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասթման ճանաչել է որպես աղքատության եւ՛ պատճառ, եւ՛ հետեւանք` ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: ԱՀԿ-ի գնահատմամբ` ասթման ազդում է 339 միլիոն մարդու վրա` ամբողջ աշխարհում:   Ասթմայի համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրոպական շնչառական միությունը (ERS) եւ ասթմայի համաշխարհային նախաձեռնությունը (GINA) միավորել են ջանքերը՝ քննարկելու GINA 2023 ռազմավարության զեկույցում մեծահասակների, դեռահասների եւ երեխաների համար ասթմայի կառավարման վերաբերյալ առաջարկությունների հիմնական թարմացումները` կարեւորելով թեմայի հիմնական հարցադրումները. ինչպես կլիմայի փոփոխությունն ու օդի աղտոտվածությունը կարող են ազդել ասթմա ունեցողների վրա, ինչ կարող են անել բժիշկները՝ իրենց պացիենտներին անհրաժեշտ ամենահարմար ինհալյատորն ընտրելու համար, ինչ է պետք անել` երաշխավորելու պացիենտներին ավելի առողջ ապագա` ազգային, եվրոպական և գլոբալ մակարդակներում: Հայաստանում ասթմա ունեցող երեխաներն ու դեռահասները սպասարկվում են «Արաբկիր» բժշկական համալիրում: Շնչառական բժշկության եւ ալերգոլոգիայի մեր ծառայությունում այսօր հնարավոր են ասթմայի ախտորոշման, բուժման եւ կառավարման ժամանակակից բոլոր մեթոդներն ու միջոցները` շնորհիվ արտասահմանյան կլինիկաների, մասնագիտական ասոցիացիաների հետ մեր բժիշկների սերտ համագործակցության, շարունակական մասնագիտական զարգացման եւ տեխնիկական մեծ հագեցվածության:   Ասթման դատավճիռ չէ: Վաղ ախտորոշումն ու բժշկական ճիշտ մոտեցումն այն դարձնում են կառավարելի եւ հաղթահարելի:
Պրոֆեսոր Մյոլլերը «Արաբկիր» ԲՀ-ում
Ավարտվեց Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի Շնչառական բժշկության ծառայության ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Մյոլլերի այցը «Արաբկիր» բժշկական համալիր:   Երկօրյա դասընթացին հասցրել է մասնակցել շուրջ 100 բժիշկ` «Արաբկիրից» եւ այլ բժշկական հաստատություններից: Սեմինարի հիմնական թեմաներն առնչվել են մանկական շնչառական բժշկությանը` ախտորոշման եւ բուժման մանրամասներով: Պրոֆեսորը ներկայացրել է դրանց մասին ուղեցույցների վերջին թարմացումները, որոնք քննարկման թեժ առարկա են ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել լսել վերջին նորությունները հենց ուղեցույցի հեղինակների խմբի ղեկավարից` սպառիչ պատասխան ստանալով մասնագիտական բազմաթիվ հարցերի վերաբերյալ:   Պրոֆեսորի հետ ավանդական դարձած հանդիպումների ամենասիրված հատվածը bedside theaching-ներն էին` քննարկումներն անմիջապես պացիենտների կողքին եւ նրանց հետ: Այս ձեւաչափը բացառիկ հնարավորություն է հատկապես «Արաբկիր» ԲՀ-ում կլինիկական օրդինատուրա անցնողների համար` մասնակցելու աշխարհահռչակ պրոֆեսորի` պացիենտին զննելու եւ խնդիրը վերլուծելու գործընթացին:
Դասընթաց. մանկական ռեսպիրատոր բժշկություն
Սիրելի գործընկերներ, հրավիրում ենք հատկապես թոքաբանների, ալերգոլոգների, մանկաբույժների, սրտաբանների ուշադրությունը,   «Արաբկիր» բժշկական համալիրում տեղի է ունենալու Մանկական ռեսպիրատոր բժշկության ուսուցման դասընթաց: Դասընթացի պատվավոր հյուրն է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի ռեսպիրատոր հիվանդությունների եւ քնի խանգարումների բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մյուլլերը:   Ներկայացվելու են դասախոսություններ նախադպրոցական տարիքում սուլող շնչառության, բրոնխիալ ասթմայի եւ դրա ախտորոշման, բրոնխիոլիտների/բրոնխիտների բուժման, սուր եւ խրոնիկական հազի թեմաներով: Դասախոսություններն անց են կացվելու մարտի 29-ին եւ 30-ին, ժամը 15:00-17:00, «Արաբկիր» ԲՀ-ի Կանաչ դահլիճում:   Դասընթացը կազմակերպվել է «Արաբկիր» ԲՀ-ի եւ Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի համագործակցությամբ: ՇՄԶ կրեդիտներ չեն նախատեսվում:   Գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով ` https://forms.gle/yHFnDUtcMZWjkX2q6