«Արաբկիր»-Բելառուս. լյարդի փոխպատվաստում
16 փետրվար 2023

Կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էին մեր գործընկերները` Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնից` պրոֆեսոր Օլեգ Ռումմոյի ղեկավարությամբ: Արդեն 4-րդ տարին շարունակվող համագործակցության հիմնական թեման երեխաների լյարդի փոխպատվաստումն է: Ձեւավորված ավանդույթով նոր վիրահատությունների մանրամասները քննարկելուց բացի թիմն անպայման հանդիպում է նաեւ արդեն վիրահատված պացիենտների եւ նրանց ծնողների հետ, գնահատում երեխաների վիճակը:
 

Բելառուս բժիշկների այցի ընթացքում այս անգամ վիրահատվել է նաեւ 14-ամյա Ռաֆայել Խաչինյանը: Վիրահատությունն ընթացել է բարեհաջող, Ռաֆայելն այժմ հետվիրահատական ապաքինման փուլում է: Ընտանիքը Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից է: 14-ամյա տղայի մոտ ախտորոշվել էր լյարդի ֆիբրոզ, ցիռոզ եւ ցուցվել էր փոխպատվաստում: Վիրահատության համար անհրաժեշտ է եղել 19 մլն դրամ, որից 5 մլնը հատկացրել է կառավարությունը, իսկ 14-ը հավաքվել է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» կազմակերպած դրամահավաքի շնորհիվ:
 

Շնորհակալ ենք, մեր պացիենտներին, նրանց թվում եւ Ռաֆայելին, ճանաչող ու չճանաչող բարեսիրտ մարդիկ: Ձեր նվիրատվությունների միջոցով մեր փոքրիկներին, նրանց ընտանիքներին ու բժիշկներին հաջողվում է անցնել բավական բարդ ճանապարհ: Ձեր աջակցությունն, իսկապես, անգնահատելի է:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Պիյուշ Ջանին «Արաբկիր» ԲՀ-ում
Անցած շաբաթ «Արաբկիր» բժշկական համալիրում էր Քեմբրիջի համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության, պարանոցի եւ գլխի վիրաբուժության գծով խորհրդատու, վիրաբույժ, պրոֆեսոր Պիյուշ Ջանին: Ճանաչված պրոֆեսորը հանդես է եկել դասախոսությամբ` քիթ-կոկորդ-ականջաբանական պրակտիկայում ուռուցքային խնդիրների վերաբերյալ, ապա «Արաբկիրի» գործընկերների հետ քննարկել կլինիկական մի քանի դեպք եւ տվել խորհորդներ` ելնելով իր ակտիվ պրակտիկայից: Այցի վերջում Պիյուշ Ջանին հանդիպել է բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հետ: Պրոֆեսոր Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հարգարժան հյուրին` այցի համար, ներկայացրել եվրոպական, այդ թվում բրիտանական մի շարք կլինիկաների հետ համագործակցության «Արաբկիր» բժշկական համալիրի երկարամյա եւ արդյունավետ փորձը, նշել, որ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներով առաջնորդվելն արաբկիրցիների սկզբունքներից է: Պիյուշ Ջանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ ինքն էլ շատ կարեւորում է մասնագիտական մշտական զարգացումն ու փորձի փոխանակումը եւ հաջողություն մաղթել բժշկական համալիրի ողջ թիմին:
12-ամյա Ալբերտի լյարդի փոխպատվաստումը
Երեխայի լյարդի փոխպատվաստման հերթական վիրահատությունն «Արաբկիր» բժշկական համալիրում բարեհաջող է անցել: Չնայած դեպքը բավական բարդ էր, քանի որ երեխան ուներ ստանդարտից դուրս հավելյալ զարկերակ, այնուամենայնիվ, հայ եւ բելառուս բժիշկների թիմին հաջողվել է 14 ժամ տեւած վիրահատությունից հետո ստանալ լավ արդյունք: 12-ամյա տղան իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո` անցնելով հետվիրահատական խնամքի ոչ պակաս բարդ ճանապարհ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:   Ալբերտը, նրա ընտանիքն ու բժիշկները մեծ դժվարությունների առջեւ կկանգնեին, եթե չունենային Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի անգնահատելի աջակցությունը: Հիմնադրամը հանդիսանում է երեխաների լյարդի փոխպատվաստման մշտական հովանավորը` հատկացնելով վիրահատության համար անհրաժեշտ 14 մլն դրամ` ի հավելում պետության կողմից տրամադրվող 5մլն դրամ պետպատվերի գումարի: Այս անգամ, ելնելով ընտանիքի կարիքներից, հիմնադրամնն աննախադեպ որոշում է ընդունել` ֆինանսավորել նախավիրահատական թանկարժեք հետազոտությունների եւ դեղամիջոցների ձեռբերման ծախսերը եւս, որոնց մասին հաշվետվությունները Ալբերտին օգնության ձեռք մեկնած յուրաքանչյուր անհատ կկարողանա գտնել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում եւ կայքում:   Շնորհակալ ենք հիմնադրամին` նման մեծ աջակցության համար: Շնորհակալ ենք լյարդի փոխպատվաստման ամբողջ թիմին` գաստրոէնտերոլոգներ, վիրաբույժներ, այդ թվում` հեպատոբիլիար եւ ընդհանուր վիրաբույժներ, անոթային միկրովիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, ճառագայթային եւ լաբորատոր ախտորոշման մասնագետներ, իմունոսուպրեսիվ թերապիայի մասնագետներ, տրանսֆուզիոլոգներ, բուժքույրեր, ինժեներներ, տեխնիկներ, մայրապետներ, հերթապահ վարորդներ ու ադմինիստրատիվ աշխատակիցներ: Եվ, իհարկե, շնորհակալ ենք մեր բելառուս գործընկերիներին` ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"֊ից։   Առանց միահամուռ ջանքերի այս ամենն ավելի դժվար կլիներ:    ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии" #երեխաներիԼյարդիՓոխպատվաստում #ChildrenLivertransplantation #ТрансплантацияПечениДетям #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC #МинскийНПЦЬирургииТрансплатологииГематологии #ՀայաստանիԵրեխաներիԱռողջությանՀիմնադրամ #HFCArmenia
Մինսկի Գործընկերներն «Արաբկիր» ԲՀ-ում
Համագործակցային հերթական այցով «Արաբկիր» բժշկական համալիրում էր Մինսկի Վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնի լյարդի փոխպատվաստման թիմը` պրոֆեսոր Օլեգ Ռումոյի գլխավորությամբ:   Հայ եւ բելառուս բժիշկները համատեղ մասնագիտական քննարկում են անցկացրել լյարդի ախտահարում ունեցող մի խումբ պացիենտների վերաբերյալ, ընդունել նախկինում լյարդի փոխպատվաստման վիրահատություն կրած երեխաներին, գնահատել նրանց ներկա վիճակը: Փոխպատվաստված օրգաններով պացիենտները դիսպանսեր հսկողություն են անցնում բժշկական համալիրի համապատասխան բաժանմունքում:   Բժիշկները մանրամասն քննարկել են նաեւ փոխպատվաստման նախապատրաստված հերթական պացիենտի հետազոտական տվյալներն ու կատարվելիք վիրահատության նրբությունները: Կոնսիլիումի հաջորդ օրն իրականացվել է 12-ամյա տղայի լյարդի փոխպատվաստում: Որպես դոնոր հանդես է եկել երեխայի մայրը: